ՀՀ Ազգային ժողովը Ֆրանկոֆոնիայի ԽՎ ասոցիացված անդամ է

06/07/2009

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 35-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 3-ին եւ 4-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը ոչ պաշտոնական խորհրդակցություններ եւ հանդիպումներ է ունենալու ՖԽՎ անդամ պետությունների պատվիրակությունների հետ: Այնուհետեւ պատվիրակությունը մասնակցել է ՖԽՎ նստաշրջանի մասնակիցների պատվին Փարիզի քաղաքապետ Բեռնար Դելանոեի, իսկ հուլիսի 4-ին՝ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների կազմակերպած ընդունելություններին: ՖԽՎ 35-րդ նստաշրջանի լիագումար առաջին նիստը գումարվել է հուլիսի 5-ի առավոտյան: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ 50 պատվիրակություններ, որոնցից 15-ը գլխավորում են խորհրդարանների ղեկավարները: ՖԽՎ 35-րդ նստաշրջանը ՀՀ Ազգային ժողովին շնորհել է կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ: Այդ կապակցությամբ նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ տալուց հետո Հայաստանի խորհրդարանի կողմից նույն կարգավիճակը ստանալու համար դիմում ներկայացնելն ամենեւին պատահական չէր: Այն հիմնվում է, նախեւառաջ, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ժամանակի ընթացքում ձեւավորված բարեկամական ամուր կապերի վրա: Այն հիմնվում է նաեւ այս Խորհրդարանական վեհաժողովի որդեգրած համընդհանուր արժեքների` ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների վրա եւ պայմանավորված է մշակութային ու լեզվական բազմազանությանը մեր նվիրվածությամբ: Եվ, վերջապես, այն հիմնված է ֆրանսախոս մեծ ընտանիքին պատկանելու զգացումի, այդ ընտանիքի անդամներին միավորող համերաշխության վրա: ՀՀ ԱԺ-ի` ասոցիացված անդամի կարգավիճակին հասնելը մեծ կարեւորություն է ստանում: Հայ խորհրդարանականները կդառնան Ֆրանկոֆոնիայի արմատական արժեքների տարածողները հայ հասարակության մեջ եւ միաժամանակ երկրագնդի բոլոր տարածաշրջանների միասնական ու հավասարաչափ զարգացմամբ, մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ եւ ազգային մշակութային ինքնությունների հարգմամբ տոգորված աշխարհում խաղաղ եւ անվտանգ ապրելու հայ ժողովրդի ձգտումների, ցանկությունների կրողը»: Հուլիսի 5-ի երեկոյան ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած պաշտոնական ճաշին, որի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային զրույց է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Իսկ հուլիսի 6-ին Հ. Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայենի հետ: Նրանք քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Արցախի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման եւ տարածաշրջանի կայունությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Երեկ երեկոյան InterContinental PARIS-LE GRAND հյուրանոցում տեղի է ունեցել նաեւ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: