Քիմիական հարաբերություններ՝ լավ իմաստով

06/07/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ երկօրյա պետական այցով Հայաստանում գտնվող նրա գործընկերոջ՝ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ ասուլիսը երեկ սկսվեց նախատեսվածից մոտ 50 րոպե ուշ։

Համբերատար սպասող լրագրողները, սակայն, ասուլիսը սկսվելուց րոպեներ անց հասկացան՝ ուշացումն ունի օբյեկտիվ պատճառներ։ Բանից պարզվեց, որ բարի ու հանդարտ տեսքով պրն Խրիստոֆիասը խոսելու հետ սեր ունի. լրագրողներից մեկի հարցին (թուրք-կիպրոսական խնդիրների մասին) նա պատասխանեց շուրջ 20 րոպե՝ պատմական էքսկուրս կատարելով հակամարտության ակունքներից մինչեւ մեր օրերը։ Ու այդ ֆոնին զարմանալի չէր, որ հնչեց ընդամենը 3 հարց՝ ընդ որում, դրանցից 2-ը կիպրոսցի լրագրողների կողմից (չնայած Սամվել Ֆարմանյանը նախօրոք խոստացավ, որ լրագրողները կունենան նախագահներին հարցեր ուղղելու հնարավորություն)։

Ներածական խոսքում ՀՀ նախագահն ընդգծեց, որ Կիպրոսը եւ Հայաստանը շատ բաներով իրար նման են, ունեցել են ճակատագրական տարաբնույթ խաչաձեւումներ։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով երկու երկրների հարաբերությունները՝ Ս. Սարգսյանը նշեց, որ, մասնավորապես, տնտեսական հարաբերությունների մակարդակը չի կարելի բավարար համարել, եւ այդտեղ դեռ անելիքներ կան։ Այդ բացը լրացնելու առումով մեծ սպասելիքներ կան հատկապես Հայ-կիպրոսական միջակառավարական հանձնաժողովից։ Կիպրոսի նախագահն էլ իր պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջին իսկ պահից իրենց միջեւ ստեղծվել է ջերմ, «քիմիական հարաբերություն»։ Բառացի այս թարգմանությունը ժպիտ առաջացրեց նաեւ Սերժ Սարգսյանի մոտ: Դ. Խրիստոֆիասը հավաստիացրեց, որ ԵՄ Արեւելյան գործընկերության մասով Կիպրոսը կանգնած է Հայաստանի կողքին եւ պատրաստ է մեր երկրի դեսպանորդը լինել Եվրոպայում։

Թուրքիայի մասին

Բնական է, որ Թուրքիայի հարցը Կիպրոսի եւ Հայաստանի նախագահների խոսքում պետք է հատուկ ուշադրության արժանանար։ «Նույն հարվածներն ենք ստացել՝ հարեւանից ասեմ, թե հակառակորդից (նկատի ունի Թուրքիան.- Բ. Թ.)։ Նույն կաթսայի մեջ ենք գտնվել»,- ասուլիսի ժամանակ ասաց Դ. Խրիստոֆիասը։ Նա ողջունեց Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու փորձերը, թեեւ սեփական փորձը մեջբերելով՝ նշեց. «Թուրքիայի հետ բանակցելը շատ դժվար է, երբեք հեշտ չի եղել բանակցել, ես ինքս այս խնդրին ծանոթ եմ։ Բայց այլընտրանքային ճանապարհ չկա՝ միայն խաղաղության ուղով պետք է առաջ շարժվել։ Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Կիպրոսը կոտնահարեն իրենց որոշ սկզբունքները»։ Սերժ Սարգսյանն էլ, պատասխանելով կիպրոսցի լրագրողի հարցին՝ մեկ անգամ եւս նշեց, որ Հայաստանը միանշանակ կողմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։ Նշենք նաեւ, որ իր ներածական խոսքում անդրադարձ կատարելով հայ-թուրքական բանակցություններին եւ հայկական կողմի պատրաստակամությանը՝ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, Ս. Սարգսյանն ուշագրավ մի բան ասաց. «Թույլ չենք տա Թուրքիային օգտագործել բանակցային գործընթացը՝ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»։ Դ. Խրիստոֆիասն, իր հերթին, հիշեցնելով, որ իր երկիրն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասաց. «Ցեղասպանությունը դա մի պատմական փաստ է, եւ եթե այսօր Թուրքիան պատրաստ լինի ճանաչել, դա կլինի ոչ թե ի դեմս, այլ հօգուտ Թուրքիայի։ Դա ցույց կտա, որ Թուրքիան այսօր պատրաստ է ուղղել իր սխալներն ու լսել իր հարեւաններին»։

ԼՂՀ հակամարտության մասին

Նշենք, որ ինչպես Թուրքիայի դեպքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում էլ երկու նախագահների մոտեցումները կարծես համընկնում են։ Այդ կապակցությամբ, նախ՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանն ու Կիպրոսը սատարում են միմյանց մոտեցումները՝ ԼՂ եւ թուրք-կիպրական հակամարտության հարցում։ Այնուհետեւ Դ. Խրիստոֆիասը ավելացրեց. «Կիպրոսի Հանրապետությունն աջակցում է Հայաստանին ԼՂ լուծման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ միջազգային սկզբունքների հիման վրա»։ Իհարկե, այս հարցի կապակցությամբ հայաստանցի լրագրողներին հետաքրքրում էր առաջին հերթին ՀՀ նախագահի մեկնաբանությունը՝ մանավանդ նրա ադրբեջանցի գործընկերոջ վերջին հայտարարության կապակցությամբ (նա նշել էր, որ բանակցությունների ընթացքում ԼՂ կարգավիճակի հարց չի քննարկվում)։ Այս առնչությամբ Ս. Սարգսյանը նշեց, որ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. կարգավորումը պետք է ամրագրի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը, ապահովի ԼՂՀ եւ ՀՀ-ի միջեւ ցամաքային կապը՝ ռազմական գործողությունների չվերսկսման միջազգային երաշխիքների պայմաններում: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի շուրջ հնչող տարբեր հայտարարություններին՝ թե՛ քաղաքական գործիչների, թե՛ առանձին երկրների ղեկավարների կողմից, ըստ Ս. Սարգսյանի, դա լիովին նորմալ երեւույթ է. «Ե՛վ համանախագահները, եւ՛ երկրի ղեկավարները հաճախ են հանդես գալիս հարցազրույցներով եւ շարադրում իրենց մոտեցումները: Տարակուսելի կլիներ, եթե միակարծություն լիներ»: Նա հավաստիացրեց, որ խնդրի կարգավորման առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է՝ ավելացնելով. «Բոլորի համար ակնհայտ պետք է լինի նաեւ, որ ցանկացած որոշում, որը չի ընդունվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից, չի կարող լինել կենսունակ եւ իրագործելի: Այս մոտեցման կողմնակիցների թիվը կամաց-կամաց մեծանում է»։