Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջխաղացում է ակնկալում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի՝ հուլիսի կեսին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպումից: «Մենք հույս ունենք Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ որոշակի առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց դա կախված կլինի նաեւ Հայաստանի ղեկավարությունից»,- լրագրողներին ասել է Մամեդյարովը Գյանջայում: Նրա խոսքով, հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջխաղացում կա, Մոսկվայում կշարունակվի աշխատանքը այն հարցերի ուղղությամբ, որոնց շուրջ չհաջողվեց համաձայնության հասնել նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած նախորդ հանդիպմանը: