ԼՂ հարցը չի՞ քննարկվել

06/07/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` իր կնոջ եւ երկու դուստրերի` տասնամյա Մալիի եւ ութնամյա Նատաշայի հետ:

Ժամանելուց հետո նա մեկնել է Կրեմլ, որտեղ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Այնուհետեւ նրան ընդունել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Բանակցությունները տեւել են ավելի քան 5 ժամ, սկզբում՝ նեղ կազմով, այնուհետեւ` երկու երկրների ողջ պատվիրակությունների մասնակցությամբ: Քննարկվել եւ համաձայնեցվել են ռազմավարական-հարձակողական սպառազինության կրճատման (գործող պայմանագրի ժամկետը լրանում էր այս տարվա դեկտեմբերին), դեպի Աֆղանստան ՌԴ-ի տարածքով ամերիկյան ռազմամթերքի տրանզիտի վերաբերյալ հարցերը (դրանց շուրջ ստորագրվել են մի շարք պայմանագրեր): Որոշվել է ստեղծել ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողով: Քննարկվել են նաեւ իրանական միջուկային ծրագրի ու Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերը, եւ ինչպես նշել է Դ.Մեդվեդեւը ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ` Օբամայի հետ համաձայնություն է ձեռք բերվել միջուկային սպառազինության ծավալների շուրջ, ինչը «խելամիտ փոխզիջում է»: Մինչդեռ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) վերաբերյալ թեեւ ստորագրվել է ռուս-ամերիկյան համատեղ հռչակագիր, սակայն, ինչպես հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, կողմերը չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել ՀՀՊ ոլորտում համագործակցության շուրջ: Նա ընդգծել է, որ ՀՀՊ-ի վերաբերյալ բանակցությունները դժվար են ընթացել, քանի որ «կողմերի դիրքորոշումները բավականին տարբեր են, շատ ժամանակ է ծախսվել այս հարցի քննարկման համար»: Այնուամենայնիվ, Մեդվեդեւը բարձր է գնահատել այն, որ գոնե հաջողվել է համատեղ հռչակագիր ստորագրել այս խնդրի շուրջ: Թեեւ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, երկու երկրների ղեկավարները չեն քննարկել ԼՂ հարցը կամ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, սակայն Բ. Օբաման Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցի նախօրեին անակնկալ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, որի ժամանակ, ինչպես տեղեկացրել է թուրքական «Հուրիեթը», թուրք-հայկական հարաբերությունների հարցը եղել է քննարկման հիմնական թեման: Ըստ թերթի, Գյուլ-Օբամա հեռախոսազրույցի հետ կապված Սպիտակ տան կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ «երկկողմանի հարաբերությունների կողքին երկու երկրների նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային թեմաներին, որտեղ քննարկման հիմնական հարցը եղել է թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման խնդիրը»: Հեռախոսազրույցում Գյուլը Օբամային տեղեկություններ է հայտնել Նաբուկո գազային նախագծի հետ կապված վերջին զարգացումների շուրջ եւ ակնարկել ադրբեջանական, միջինասիական, իրանական եւ եգիպտական գազը Թուրքիայի վրայով Եվրոպայի շուկաներ տեղափոխող այդ գազատարի նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագիրը հուլիսի 13-ին Անկարայում ստորագրելու համար Թուրքիայի գործադրած ձեռնարկումների եւ ջանքերի մասին:

Պաշտոնական այցի նախօրեին Բ. Օբաման նաեւ հարցազրույց է տվել Ռուսաստանի ընդդիմադիր «Նովայա գազետա» թերթին, որտեղ ասել է, թե Միխայիլ Խոդորկովսկուն ներկայացված նոր մեղադրանքները «այլ կերպ ձեւակերպված հին մեղադրանքների տեսք ունեն»: Օբամայի ասելով, տարօրինակն այն է, որ «Յուկոսի» նախկին ղեկավարների գործով նոր դատական գործընթացը սկսվեց հենց այսօր` «տարիներ անց այն բանից հետո, երբ այդ 2 մարդիկ (Խոդորկովսկին եւ Լեբեդեւը) բանտում հայտնվեցին, եւ երբ հնարավորություն է ստեղծվում համաներումով նրանց ազատելու»: Այնուամենայնիվ, Օբաման այդ հարցազրույցում ասել է, թե տեղին չի համարում խառնվելը Ռուսաստանի դատական գործընթացներին, այդ թվում նաեւ՝ Խոդորկովսկու դատական գործին: Հիշեցնենք, որ Խոդորկովսկին 2006թ. դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ հարկերից խուսափելու մեղադրանքով, իսկ այժմ նրա նկատմամբ սկսվել է նոր դատական գործընթաց` «փողերի լվացման» մեղադրանքով: Ինչեւէ, երեկ երեկոյան Օբաման եւ նրա կինը հանդիպել են ՌԴ-ում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ, այնուհետեւ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ երկու երկրների ղեկավարների ու նրանց կանանց հետ: Այսօր առավոտյան նախատեսված է, որ Օբաման հանդիպելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, այնուհետեւ` ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ: Այսօր Օբաման կունենա նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներ, մասնավորապես` քաղաքացիական հասարակության, ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բիզնեսմենների հետ: Վաղն առավոտյան Բ. Օբաման մեկնելու է Մոսկվայից: