Գրողները ընտրեցին

06/07/2009

«Եթե ինձանից դժգոհ են, թող դատի տան»,- վստահորեն հայտարարել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հուլիսի 4-ին կազմակերպած միության անդամների հանրահավաքում։ Լ.Անանյանը բազմիցս ասել է, որ միության ներսում ամեն բան հաշտ ու հանգիստ է, իսկ աղմկոտ մեկնաբանությունների ու դժգոհությունների աղբյուրը լրագրողներն են։ Նա հատուկ նշանակության ակցիա էր կազմակերպել որոշ լրագրողների ու լրատվամիջոցների դեմ՝ իր համար ոչ ցանկալի մեկնաբանություններից խուսափելու համար։ Նա փակել էր միության շենքի դռներն ու հրահանգել ոստիկաններին՝ չհավատարմագրված լրագրողների մուտքը փակելու համար։ Լ.Անանյանը դա բացատրեց շատ պարզ՝ դահլիճը փոքր է, իսկ լրագրողները շատ են, բա որ չտեղավորվե՞ն ու խանգարեն նոր նախագահի ընտրությանը։ Ի դեպ՝ նախապես հավատարմագրման մասին զգուշացվել էին միայն իշխանական ԶԼՄ-ները, իսկ, ասենք, «Միր», «Շանթ» ու «ԱԼՄ» հեռուստաալիքների ներկայացուցիչները ցուցակից դուրս էին մնացել։ Դա առաջին դեպքն էր, երբ գրողները գաղտնիություն ցանկացան։ Թեեւ շատերը նշեցին, որ հավատարմագրման պահանջը անօրինական է (ԳՄ-ն հասարակական կազմակերպություն է, իսկ հավատարմագրում կարող են պահանջել միայն պետական կառույցները), սակայն Լ.Անանյանը այս հարցում էլ ելք գտավ. նա լրագրողներին ներս թողնելու հարցը դրեց քվեարկության։ Եվ արդյունքում գրողների բանակի ճնշող մեծամասնությունը (200 դեմ, 15 կողմ) լրագրողների դեմ քվեարկեց։ Նույն մոդելով էլ անցան նաեւ միության նախագահի ընտրությունները, 197 գրող ցանկացավ կրկին նախագահ տեսնել Լ.Անանյանին, իսկ 29 գրող այդ իրողությանը դեմ էր։ Ընդ որում՝ որոշ գրողներ քվեարկելուց հետո են միայն իմացել, որ իրենց քվեաթերթիկը պետք է կնքված լիներ։ Եվ այդպես էլ չկնքված` նետել են քվեատուփը, ինչի արդյունքում թերթիկներն անվավեր են ճանաչվել։ Սակայն նույնիսկ այդ դրվագը մեծ դժգոհություն չի առաջացրել։ Դե, ի՞նչ կարող էին փոխել մի քանի տասնյակ ձայները, միեւնույն է, ընտրությունը կանխորոշված էր։ Այդպես շատ գրողներ էին մտածում։

Կարելի է ասել, որ գրողների հանրահավաքն անցավ նույն այն մոդելով, որով տասնամյակներ շարունակ անցնում են նման հավաքները։ Այսինքն՝ ամեն բան «գոլ», «գորշ» ու կանխատեսելի էր։ Աշխուժություն չներմուծեցին նույնիսկ այն ընդդիմադիր անդամները, որոնք ասուլիսների ժամանակ մարտական հայտարարություններ էին անում։ Այս անգամ էլ նրանք (խոսքը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մասին է) սահմանափակվեցին միայն գեղեցիկ ճառերով ու լուսավոր խոստումներով։ Եվ ոչ մի ընդդիմադիր անդամ հանրահավաքի գումարման փաստը չօգտագործեց գոնե որեւէ սուր ու խնդրահարույց հարց նախագահին տալու համար։ Իսկ լրագրողների բացակայությունը մեկ անգամ եւս փաստեց, որ Լ.Անանյանն ամենազոր է։ Եվ ով համաձայն չէ այդ մտքի հետ, թող նրան դատի տա։ Լ.Անանյանը նախագահ է 2001 թվականից, եւ, ամենայն հավանականությամբ՝ ցմահ։

Սովետական կարգերի պատրանքային հավերժությունը Գրողների միությունում ամենաերանելի իղձն է համարվելու այնքան ժամանակ, մինչեւ միության մեջ ավելի երիտասարդ, ավելի համարձակ ու, վերջիվերջո, ավելի խելացի մարդիկ ընդգրկված չլինեն։