Այսօր` հուլիսի 7-ին, տեղի է ունենալու Ռուբեն Հախվերդյանի «50-ից հետո» համերգը: Երեկ հրավիրված ասուլիսում նա ասել է, որ համերգի խորագիրը ոչ մի կապ չունի իր տարիքի եւ 59-ամյակի հետ: Համերգի ընթացքում նա նոր երգ է ներկայացնելու, որը կոչվում է «Կտակ»:
Ռ.Հախվերդյանն իր երգերի մասին ասել է. «Ես չեմ կարող իմ երգերը սիրել: Երբ երգը գրում ես, այնքան մեծ էներգիա է այն քեզանից խլում, որ հոգնում ես, զզվում: Բայց կատարելն էլ ուրիշ արվեստ է. դրանով դու ժողովրդին փորձում ես ցույց տալ, թե ինչ ես ուզում ասել եւ ինչ ես մտածում ընդհանրապես»: Իսկ համերգն ինքնին Ռ. Հախվերդյանն անվանում է «հոգեւոր սթրիփթիզ». նույն` հանվելու արարողությունն է, միայն` հոգեւոր տեսանկյունից. «Երգ կատարելը նույն «սթրիփթիզն է», ուղղակի հոգիդ ես բաց անում»: Եվ ավելացրել է. «Ես երբեք հանդիսատեսի որակական փոփոխություն չեմ զգացել: Իմ համերգներին ես միշտ բավարարում եմ հանդիսատեսին, նրանք էլ իրենց երկար ծափերով բավարարում են ինձ»: Ռ. Հախվերդյանը դեռեւս չի պատրաստվում նոր ձայնասկավառակ թողարկել, քանի որ այն մեծ ծախսերի հետ է կապված` մոտ 15-20 հազար դոլարի: Իր երգացանկից նա առանձնահատուկ սիրելի երգ չունի. «Երգ գրելն էլ բարդ գործ է, այնքան ես տանջվում, որ էլ չես էլ սիրում երգերդ: Եվ դա բնական չէր լինի, որ ես ասեի, թե սիրում եմ իմ երգերը: Երգ գրելը, ըստ իս, մշտական կատարելագործումն է քո փեշակի ու քո արվեստի, միշտ ուզում ես ավելի լավ գրել: Երբ գրում-վերջացնում ես, այնքան ես հոգնում ու զզվում երգից, որ մնում է միայն կատարելը»,- ասել է երգիչը:
Ինչպես միշտ, Ռ. Հախվերդյանը միայն իր երգերից եւ համերգային գործունեության մասին չի խոսել: Նա խոսել է եւ քաղաքականությունից, եւ կուսակցություններից, էկոլոգիական խնդիրներից, Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումիցգ
Երեւանի մասին
«Երեւանն այդ բարձրահարկ շենքերով այնպես են «քաքմեջ» արել, որ եթե Աստված էլ իջնի, ոչինչ փոխել չի կարողանա: Ես ապշում եմ, թե ո՞նց կարելի է այդքան խիտ կառուցել շենքերը: Ես չեմ զբոսնում Հյուսիսային պողոտայով, ոնց որ պանթեոն, մեռելատուն լինի»:
Հայ-թուրքական սահմանի բացման մասին
«Երկու բանից եմ ամենաշատը վախենում. առաջինը` թմրանյութերի մուտքը Թուրքիայի կողմից: Կարծում եմ, որ սահմանը բացելուց հետո մեր փողոցներում ավելի շատ ներարկիչներ կգտնենք: Ինձ ամենից շատ անհանգստացնում է «նարկոթրաֆիկի» հարցը: Ես դրա նախադեպը գիտեմ Բուլղարիայի սահմանի հետ կապված: Սահմանների բացվելուց մեկ ամիս հետո հոդվածներ լույս տեսան, որ Բուլղարիա թմրանյութ է մուտք գործել: Եվ երկրորդ` վախենում եմ առանց այդ էլ մեր անպաշտպան արվեստում առավել մեծ թափով ներխուժելիք թուրքական մուղամներից: Դեռ հիմա շատ երգիչներ վերցնում են թուրքական երգերի բառերը, փոխում են եւ երգում: Բա հետո ի՞նչ կլինի: Որպես այդ գործի մարդ եմ ասում, մենք չենք կարող ազատագրվել ու չընկնել այն ազդեցության տակ, ինչ որ հիմա ենք: Հայերը դեռ չեն հասկանում, որ թուրքական երաժշտական արվեստը Հայաստան չներխուժած, իրենք արդեն թուրքական են երգում` հայերեն բառերը թուրքական մեղեդիներին միացնելով»: Ավելին, ըստ Ռ. Հախվերդյանի` խոսքը միայն երգարվեստին չի վերաբերում: Երգիչը նշել է` չէր ցանկանա, որ հասարակության համար ամբողջովին պարզ լիներ, թե Հայաստանից քանի երիտասարդ աղջիկ կամ կին է գնում Թուրքիա ու Դուբայ` հասարակաց տներում աշխատելու: «գ Իսկ ժամանակին, 1915 թվականին հայ աղջիկներն իրենց նետում էին Եփրատը, որ թուրքերն իրենց չբռնաբարեն, բայց այսօր հայ աղջիկները կամովին գնում են այնտեղ փող աշխատելու»,- ասել է նա:
Դաշնակցության մասին
«Ես ոչ թե Դաշնակցություն կուսակցության համակիրն եմ, այլ դաշնակների գաղափարախոսության: Ես դեմ եմ բոլոր տիպի կուսակցություններին, բայց մեջներից ամենանորմալ կուսակցությունը դա է, որը շատ մեծ բաներ է անում դրսում: Դաշնակցությունը դրսում ավելի կարեւոր գործերով է զբաղված, քան ներսում: Սակայն, հավատացեք ինձ, այնտեղ կան մարդիկ, որոնց, եթե ձեռքս ճար լիներ, կգնդակահարեի: Դրանց մեջ էլ կան կաշառակերներ»:
ՀՀ իշխանությունների մասին
«Ինչպես կարող են մեր իշխանություններն այնքան ապաշնորհ լինել, որ գոնե մի փոքր չկարողանան դիմադրել բոլորի հոգեկան աշխարհը ճնշող գլոբալիզացիային:
գՆրանք միայն այս օրով են ապրում: Ամբողջ օրը մտածում են, թե ոնց անեն, որ մի քիչ ավել գռփեն-չռփեն եւ այլն: Չեն մտածում, որ վաղվա սերունդը կարող է շատ սարսափելի վիճակում հայտնվի` թեկուզ նույն էկոլոգիական տեսանկյունից»: Ռ. Հախվերդյանի հույսը նոր սերունդն է. «Եթե ես եւ մեր նախագահը սովետի շրջանի մարդիկ ենք, եւ մեր մեջ դեռեւս նստած են ճորտատիրական կլիշեները, ապա նոր սերունդն ավելի ազատ կարող է մտածել եւ գործել»: