Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդական խորհրդի անդամները երեկ որոշել էին բողոքի ակցիա անցկացնել Եվրոպայի խորհրդի հայաստանյան ներկայացուցչության մոտ: Սակայն ուշ էին պարզել, որ ԵԽ գրասենյակի վայրը նորից փոխվել է, ուստի նրանք ակցիայի ձեւաչափը փոխել էին: Ակցիայի մասնակիցները «Ա1+»-ին պատմել են, որ իրենք իրականում նախատեսել էին ցուցապաստառներով անցկացնել ակցիան, սակայն տեղում որոշել են ուղղակի նամակ հանձնել ԵԽ երեւանյան գրասենյակ ու դեռեւս միայն դրանով սահմանափակվել: ՀԱԿ երիտասարդական խորհրդի գրասենյակի համակարգող Գեորգի Ավետիսյանը նշել է, որ նամակն ուղղված է ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին: Նամակում մասնավորապես նշված է այն մասին, որ ՀՀ իշխանությունները վերստին ոտնահարում են ԵԽ որոշումները, հատկապես՝ 1677 բանաձեւի 5.3 կետը: Ըստ դրա` եթե այն քաղբանտարկյալները, որոնք ընդհատակում են, մինչեւ հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին, մինչեւ դատավարության ավարտը կլինեն ազատության մեջ: «Այդ կետը չի կիրառվում, չի պահպանվում: Հուլիսի 1-ին «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ իրավապահ մարմիններին, եւ այդ կետի պահանջները նրա նկատմամբ չկիրառվեցին: Դրա համար մենք նամակ ենք ուղղում ԵԽ-ին եւ խնդրում, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն դրա վերաբերյալ»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: