Վաղը` հուլիսի 5-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 14-ամյակը: Օր, որը, ցավոք, անցած 14 տարիներին այդպես էլ դեռեւս իրական տոն չդարձավ ոչ ՀՀ քաղաքացիների, եւ ոչ էլ, առավել եւս, իշխանությունների ու քաղաքական ուժերի համար: Իհարկե, այսօր բարձրաստիճան պաշտոնյաները եւ իշխանական ու ընդդիմադիր քաղաքական գործիչները Սահմանադրության օրվա առթիվ զանազան շնորհավորանքներ կհղեն, սակայն այդ շնորհավորանքներով Սահմանադրության տոնը իսկական տոն չի դառնա: Խոսքը ոչ թե տոնական հանդիսությունների կամ տրամադրության մասին է, այլ այն գիտակցության, որ Սահմանադրությունը, բացի Մայր օրենք լինելուց, նաեւ գերագույն արժեք է եւ անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության գոյության կարեւորագույն նախադրյալը: Իսկ այդ գիտակցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Սահմանադրությունը հարգեն ու չխախտեն բոլորը` անկախ զբաղեցրած դիրքից, կարգավիճակից ու քաղաքական հայացքներից: Իրականում դա որքան բարդ, այնուամենայնիվ, իրագործելի է` Սահմանադրության եթե ոչ բոլոր, ապա գոնե առաջին երեք հոդվածների պահպանման դեպքում: ՀՀ Սահմանադրության տոնի առթիվ առանց որեւէ մեկնաբանության ուղղակի մեջբերենք այդ հոդվածները. «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Շնորհավոր Սահմանադրության տոնը: