Հուլիսի 6-7-ը Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիասի ուղեկցությամբ: Պատվիրակությունում ընդգրկված են արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն, Ներկայացուցիչների պալատում հայկական կրոնական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Հայաստանում Կիպրոսի դեսպան Պետրոս Կեստորասը (նստավայրը` Մոսկվա) եւ Հայաստանում Կիպրոսի պատվո հյուպատոս Արմեն Խաչատրյանը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: Դեմետրիս Խրիստոֆիասի եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները: Կիպրոսի նախագահը եւ նրա տիկինը այցելելու են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նախատեսված է նաեւ Դեմետրիս Խրիստոֆիասի աշխատանքային ճաշը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, եւ ընթրիքը` նախագահ Սերժ Սարգսյանի հետ: