«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարածքային ամբողջականության սկզբունքին,- երեկ նման հայտարարություն է արել երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին` ավելացնելով,- Մենք ցանկանում ենք տարածքային ամբողջականության պահպանումը: Հարգանքով պետք է վերաբերվել նաեւ փոքրամասնությունների իրավունքներին, սակայն դա պետք է արվի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Կաչինսկին անդրադարձել է նաեւ էներգետիկ անվտանգության խնդրին` հայտարարելով. «Ոչ միայն Լեհաստանի, այլեւ ամբողջ Եվրամիության էներգետիկական անկախության ամենակարեւոր բանալիները գտնվում են Ադրբեջանում: Ես կարծում եմ, որ ձեր երկիրն արդեն շատ մեծ ազդեցություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա, մենք դա տեսնում ենք: Ես նույնիսկ կասեի, որ նման ավանդ ներդնելով Եվրոպայում՝ դուք աշխարհամասի ավելի կարեւոր մասն եք դառնում: Փաստ է, որ ոչ միայն իմ հայրենիքում` Լեհաստանում, այլեւ ամբողջ Եվրամիությունում, ինչպես նաեւ՝ Եվրամիության անդամ չհանդիսացող պետություններում գիտակցում են, որ այստեղ, հենց այս տարածքում են գտնվում մեր էներգետիկական անկախության ամենակարեւոր բանալիները»: Նշենք, որ Ադրբեջանի եւ Լեհաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Լեխ Կաչինսկու մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին կայացել է ադրբեջանա-լեհական փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Իլհամ Ալիեւը եւ Լեխ Կաչինսկին ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության նախագահների խորհրդատվական կոմիտեի կանոնադրությունը»: Ադրբեջանի Հանրապետության պետական նավթընկերության եւ Լեհաստանի «Grupa Lotos» բաժնետիրական ընկերության միջեւ մտադրությունների արձանագրությունը» ստորագրել են պետնավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը եւ «Grupa Lotos»-ի նախագահ Պավել Օլեխնովիչը: Ստորագրվել է նաեւ 2009-2010 թվականներին Ադրբեջանի անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի համագործակցության ժամանակացույցը: