Քցում են բոլորը

03/07/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հուլիսի 1-ին ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) հրապարակեց մի քանի ոլորտներում 2007-2008թթ. պետական ծախսերի կամ եկամուտների հավաքագրման խախտումների մասին փաստեր:

Եթե մինչ այժմ ՎՊ հրապարակումներից ծանոթացել ենք, որ նախարարությունները, մարզպետարանները եւ այլ գերատեսչություններ ու մասնավոր ընկերություններ փոշիացրել են պետական ծրագրերի համար բյուջեից ստացված գումարները, ապա այս անգամ հայտնի դարձավ, որ դիտավորության թե անփութության արդյունքում՝ պետբյուջե չեն վճարվել միլիոնավոր դրամներ: Խոսքը վերաբերում է մասնավորապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), որի 2007-2008թթ. գործունեության ստուգման արդյունքում ՎՊ-ն հայտնաբերել է, որ բյուջե չի մուտքագրվել 444 մլն 240 հազար դրամ: ՀԾԿՀ-ն այս գումարը հիմնականում պետք է գանձեր մասնավոր ընկերություններին ռադիոկապ տրամադրելու ծառայություններից ստացված վճարներից, ինչը որոշ դեպքերում չի արել: Այս գումարը չի գանձվել հարյուրավոր մասնավոր եւ մի քանի պետական ընկերություններից, որոնցից շատերը հայտնի են հանրությանը՝ որպես շահութաբեր, որոշ դեպքերում՝ նաեւ գերշահույթ ապահովող բիզնեսներ: Այդ ընկերությունները ՀԾԿՀ-ից ստացել են տարբեր ռադիոհաճախականություններ` ռադիոմոդեմային, հեռուստաընկերությունների համար` ռադիոռելեային, ինտերնետ ծառայությունների համար` արբանյակային կապի օգտագործման իրավունք, սակայն չեն վճարել դրա դիմաց: Չեն գանձվել նաեւ լիցենզիաների տրամադրման եւ կարգավորման պարտադիր վճարները: Այդ վարձավճարները մեկ ընկերության հաշվով մեծ գումար չեն կազմում, սակայն մի քանի տասնյակ ընկերությունների գումարային ծավալը հսկայական թիվ է կազմում: Մի խոսքով, փաստ է, որ բազմաթիվ ընկերություններ չեն վճարել այդ գումարները, հանձնաժողովն էլ դրա վրա աչք է փակել: Մեզ հայտնի դարձավ, որ օգտագործած ռադիոակապի դիմաց անցած երկու տարիներին չեն վճարել այնպիսի խոշորագույն եւ գերշահութաբեր ընկերություններ, ինչպիսիք են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «ՀայՌուսգազարդը», «Արմենիա միջազգային օդանավակայանները», «Արմավիան», «Գրանդ հոլդինգը», «Գրանդ տոբակոն», «Հրազդան մարզահամալիրը», կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Շանթ» ընկերությունը: Օրինակ` գործարար Հրանտ Վարդանյանին պատկանող երկու ընկերությունները միասին վերցված չեն վճարել 406 հազար դրամ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը»` 360 հազար, ՀԷՑ-ը` 860 հազար դրամ եւ այլն: Այն դեպքում, երբ նույնիսկ ճգնաժամի պայմաններում սրանք այս ընկերությունների համար չնչին գումարներ են: Ռադիոկապի օգտագործման պարտքեր ունեն նաեւ հայրենի որոշ կուսակցություններ` ՀՀԿ-ն` 202 հազար դրամ, ՀՅԴ-ն` 200 հազար դրամ: Այդպիսի պարտք ունի նույնիսկ Հայաստանում Իրանի դեսպանատունը` 180 հազար: Գյումրիի քաղաքապետարանը նույն հոդվածով պետությանը չի վճարել 202 հազար դրամ: Իսկ մեծ պարտքեր ունեցողների թվում են «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը»` 13 մլն 152 հազար դրամ եւ «Հայաստանի երկաթուղին»` 7 մլն 444 հազար դրամ: Պետբյուջեի նկատմամբ պարտքեր են կուտակել նաեւ «Աստաֆյան», «Վալենսիա», «Լաթար», «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրները եւ շատ այլ ընկերություններ: Օգտագործած ռադիոհաճախականության համար չեն վճարել նաեւ հարյուրավոր «տաքսի-ծառայություններ», որոնց մեծ մասը պատկանում է կամ տարբեր տրամաչափի պաշտոնյաների ու խոշոր գործարարների, կամ էլ նրանց հովանավորյալների:

Արբանյակային կապի դիմաց 200 հազարական դրամ չեն վճարել«Առէկսիմբանկը» եւ «Կոնվերս բանկը», 8 մլն դրամ` «ՀայՌուսգազարդը»: Ընդ որում` «ՀաՌուսգազարդը» եւ նման շահութաբեր շատ ընկերություններ պարտքեր ունեն միանգամից մի քանի տիպի կապի օգտագործման համար: Այդ ընկերություններից են «Կոռնետ-ԱՄ»-ը, «Հայաերոնավիգացիան», «Ատոմակայանը», «Շանթը» եւ այլք: Ռադիոռելեային կապի օգտագործման դիմաց պարտքեր ունեն հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Եվ ՀԾԿՀ-ն իրավասու էր դադարեցնել այս բոլոր ընկերություններին կապի տրամադրումը, ինչը, բնականաբար, չի արել: Ընդ որում, կապ է տրամադրվել նույնիսկ նախորդ տարին վճարումներ չկատարած ընկերությանը: Եվ էական չէ, թե հանձնաժողովն ինչ պատճառով չի կատարել իր գործառույթը, էականն այն է, որ գումարները չեն հավաքագրվել: Հատկապես, երբ վճարումներից խուսափողները շահութաբեր ընկերություններ են: Չի բացառվում, որ որոշ դեպքերում էլ գործել են կոռուպցիոն մեխանիզմներ: Մի զարմանալի հանգամանք եւս. թվով 17 ընկերությունների ՀԾԿՀ-ը ներել է մոտ 50 մլն դրամի պարտք: Այդ ընկերությունների թվում են «ՀայՌուսգազարդի» ինժեներական կենտրոնը եւ «Հանրային հեռուստաընկերությունը»` համապատասխանաբար՝ 6,5 մլն եւ 118.000 դրամ պարտքերով: ՎՊ-ի ստուգման արդյունքում հանձնաժողովը հասցրել է վերականգնել 224 մլն դրամը` չգանձած գումարի կեսը: Ընդ որում, ստուգվել է ընդամենը վերջին 2 տարիների գործունեությունը: Մնում է միայն կռահել, թե որքան գումարներ չեն վճարվել նախորդ տարիներին:

Պետական միջոցները փոշիացվում են ամենուր

ՎՊ-ն 2008թ. ստուգումներ էր իրականացրել երեք տասնյակի հասնող պետական գերատեսչություններում եւ առանց բացառության ամենուր հայտնաբերել էր ամենատարբեր տիպի խախտումներ: Ստուգվել էր ՀՀ Գյուղատնտեսության, Քաղաքաշինության, Տրանսպորտի եւ կապի, Բնապահպանության, Առողջապահության նախարարությունների, Սյունիքի, Գեղարքունիքի մարզպետարանների, Դավիթաշեն եւ Նոր Նորք համայնքների, բազմաթիվ գյուղական համայնքների գործունեությունը ու Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող մի շարք ծրագրեր: Այս բոլոր գերատեսչությունների ղեկավարները խախտումների մասին հրապարակումները լսելուց անմիջապես հետո արձագանքել են, թե ոչ մի չարաշահում չի եղել, որ ՎՊ-ն ոչ ճիշտ տեղեկատվություն է հրապարակել եւ այլն: Սակայն հետո նրանք բոլորն էլ ընդունել են չարաշահումների մասին փաստերը եւ ամբողջությամբ կամ մասամբ դրամական արտահայտությամբ կամ ծառայություններ մատուցելով վերականգնել են խախտումները: Օրինակ, Քաղաքաշինության նախարարությունը 190 մլն դրամի խախտումներից 49 մլն-ը՝ դրամով, 141մլն-ը` աշխատանքով է վերականգնել: Գյուղատնտեսության նախարարությունը մոտ 220 մլն խախտման դեպքում 12,8 մլն դրամը փոխանցել է պետբյուջե, 150 մլն դրամի աշխատանք է կատարել, 25 մլն-ը խոստացել է վճարել տարեվերջին, իսկ 33 մլն դրամի մասով գործը գտնվում է Դատախազությունում: 2008թ. ամենամեծ` 1 մլրդ 90 մլն դրամի խախտումը հայտնաբերվել էր ՀՀ Առողջապահության նախարարությունում: Այստեղ մեծ մասը` 998 մլն դրամը վերականգնվել է աշխատանքով, մյուս մասը փոխանցվել է պետբյուջե: Նույն պատկերն էր նաեւ ստուգման ենթարկված գրեթե բոլոր մյուս գերատեսչություններում: Ընդ որում, ստուգվել էր այս գերատեսչությունների գործունեության ընդամենը 10-20 տոկոսը:

Հիշեցնենք, որ անցած տարի բավական մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կապալառու կազմակերպությունների հետ միասին փոշիացրել էր այս գումարը եւ մանկատների շրջանավարտներին հատկացրել էր հիմնականում բնակության համար ոչ պիտանի տներ: Այս դեպքում հայտնաբերված 641 մլն դրամի խախտումից 421 մլն դրամը փոխանցվել է բյուջե, 248 մլն-ը վերականգնվել է աշխատանքով: Հետաքրքիր էր նաեւ «Սեւան ազգային պարկում» հայտնաբերված խախտումների բնույթը: Այստեղ նախ չէր հավաքագրվել հատկացված հողակտորների 95,5 մլն դրամի վարձավճարը: Ստուգումներից հետո 50 միլիոնը փոխանցվել է բյուջե, 17,5 միլիոնը խոստացել են փոխանցել մինչեւ տարեվերջ, իսկ 28 մլն դրամի ճակատագիրը դեռեւս անհայտ է: Պարզվել էր, որ «Սեւան ազգային պարկի» տարածքում հատկացվել էր 904 հողակտոր, որից կառուցապատվել էր 412-ը: Կառուցապատվածներից 227-ը եղել է թույլատրելի նիշից` 1908 մետրից ցածր: 142 շինություններն էլ եղել են ինքնակամ: Եվ ընդամենը 4 շինության դեպքում է պահպանվել օրինականությունը: Փաստորեն, Սեւանա լճի ափամերձ տարածքներում կառուցված 400-ից ավելի` բոլորիս հայտնի շինությունները անօրինական են: Ընդ որում, 227-ի դեպքում էլ անօրինական թույլտվությունը եղել է պետական մարմինների կողմից: Վերջերս ՀՀ նախագահի մոտ Սեւանա լճի մասին քննարկում էր կազմակերպվել: Հավանաբար որոշում էին, թե ինչպես ազատեն Սեւանը ճահճացումից եւ անօրինական շինություններից: Թվում է, թե շատ բան պետք չէ անել: Պետք է ընդամենը Սեւանն ազատել գրեթե բոլոր կողմերից «խեղդող» անօրինական օբյեկտներից, ու հարցն այդպիսով կլուծվի: Սակայն, թե ինչպես դա կարող է իրականացնել պետությունը, երբ այնտեղ շինություններ ունեն մեր բոլոր օլիգարխները, մեծահարուստներն ու պաշտոնյաները, դժվար է պատկերացնել: