Մենք բազմիցս նշել ենք, որ հետեւելով իշխանությունների գործողություններին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարության գերնպատակը որքան հնարավոր է շատ փող հայթայթելն է։ Այսինքն, առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ փող լինի, հետո կմտածենք։
Եթե այլ երկրներում տնտեսագետներով, մասնագետներով նստում, խելք խելքի են տալիս, տնտեսության կայունացման ծրագիր կազմում՝ կոնկրետ արժեքով, հետո այդ ծրագիրը քննարկում են, ստանում խորհրդարանականների համաձայնությունը, նոր միայն կյանքի կոչում, մեզ մոտ լրիվ այլ կերպ է։ Մեզ մոտ՝ նախ փող են ուզում (որքան շատ, այնքան լավ), հետո՝ երբ արդեն հստակ է լինում, թե ով որքան է տալու, սկսում են մտածել՝ ինչ անել այդ գումարների հետ։
Դա հստակ երեւաց կառավարության վերջին նիստում, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացահայտ հայտարարեց. «Մենք ունենք ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն, բայց, ցավոք սրտի, դեռեւս չունենք այնպիսի ծրագրեր, որ կառավարության անունից կարողանանք ներկայացնել այդ հիմնադրամ»։ Խոսքը վերաբերում էր Եվրազեսի շրջանակում ձեւավորված հակաճգնաժամային հիմնադրամին, որտեղ կուտակվելու է շուրջ 10 մլրդ դոլար գումար։ Այսինքն՝ գումար կա, տրամադրելու ցանկությունը՝ երեւի կա, բայցգ խնդրելու հիմք չկա։ Ավելի ճիշտ՝ կոնկրետ ծրագրեր։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակի մեջ է կառավարությունը. տեղը չի գտնում, շտապում է, քանի դեռ ուրիշները չեն տարել միլիոնները։ «Մենք պետք է կարողանանք օգտվել այս բացառիկ հնարավորությունից, եւ ինչքան շուտ, այնքան լավ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ֆինանսների փոխնախարարի ղեկավարությամբ, որը պետք է աշխատի, պետք է համագործակցի բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ՝ որպեսզի «մշակենք, բացահայտենք այնպիսի խոշոր ծրագրեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին եւ որոնք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու համար կարող ենք ներկայացնել այդ հիմնադրամ»։ Փաստորեն՝ կառավարությունը ուժերը մոբիլիզացրել է մեկ ուղղությամբ՝ գումարներ հայթայթելու պատրվակներ ստեղծագործելու։ Որտեղից հնարավոր է, ումից հնարավոր է, ինչքան հնարավոր է շուտ։ Բայց թե ինչի համա՞ր՝ պարզ չէ։
Վարչապետն, ի դեպ, նույն նիստում դժգոհել է քննադատություններից, նշել, որ դրանք պետք է կառուցողական լինեն, կոնկրետ առաջարկներ պարունակեն։ Որպես դրական օրինակ՝ նշել է նաեւ 2 ԶԼՄ-ների։ Սակայն ԶԼՄ-ի խնդիրը մասնագիտական առաջարկ ներկայացնելը չէ։ ԶԼՄ-ն պետք է փորձի հասկանալ՝ ի՞նչ է անում կառավարությունը, ինչի՞ համար, ի՞նչ միջոցներով, եւ այդ ամենը մատչելի ձեւով ներկայացնի հասարակությանը։ Իսկ տվյալ դեպքում՝ լրագրողն ի՞նչ իմանա, եթե կառավարությունն ինքն էլ չգիտի` ի՞նչ է անում։
Օրինակ, հայաստանցի լրագրողները գիտեն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել տնտեսությունը փրկելու ծրագիր, որն արժե, ենթադրենք, այսքան միլիարդ դոլար։ Իսկ մեր դեպքում՝ որեւէ լուրջ վերլուծություն արվե՞լ է՝ գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար, թե Հայաստանի տնտեսությանը որքան լրացուցիչ միջոցներ են հարկավոր ոտքի կանգնելու համար։ Մեզ հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ, շուրջ 2 միլիարդ դոլարի (545 միլիոն՝ ՀԲ-ից, 500 միլիոն՝ Ռուսաստանից, 822 միլիոն՝ ԱՄՀ-ից) վարկային միջոցներ ենք վերցնում՝ կոնկրետ չիմանալով ինչի համար։ Ու դեռ ուզում ենք էլի վերցնել։
Ընդ որում, պարզ չէ՝ ի՞նչ պայմաններով են տրվում Եվրազէսի միջոցները։ Նշենք նաեւ, որ հիմնադրամի 10մլրդ դոլարից 7.5 միլիարդի տերը Ռուսաստանն է, այսինքն՝ սա գրեթե նույնն է, ինչ Ռուսաստանից պարտք վերցնելը (որը, ինչպես փորձը ցույց է տվել, այնքան էլ հաճելի բան չէ)։ Ինչպես նշել էր ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը, Եվրազէսի վարկերը պետք է տրամադրվեն անդամ երկրներին՝ կարճաժամկետ խնդիրները լուծելու համար, նույն պայմաններով, ինչ պայմաններով վարկեր տրամադրում են միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Իսկ միգուցե այլեւս պետք չէ՞ միջոցներ ներգրավել, միգուցե՝ վերցրածի մի մասն էլ ավելորդ էր։ Գիտենք, նման կարծիքները կառավարությունում անլուրջ ու ոչ կառուցողական են համարում, բայց մյուս կողմից՝ նման կարծիքները գոյատեւման իրավունք ունեն հենց այն պատճառով, որ չկա տնտեսությունը փրկելու ռեալ ծրագիր՝ ռեալ արժեքով, չկա նորմալ տեղեկատվություն։ Կարծես ամեն ինչ արվում է տնավարի, «Որքան «կպավ», ըստ դրա մի բան կմտածենք» կարգախոսով։ Մինչդեռ՝ արդեն իսկ վերցված վարկերի օգտագործումը շատ հարցեր է առաջ բերում։ Սկսած նրանից, որ «աղետի գոտի» հասկացությունը դեռ նախկին իշխանությունների օրոք ուզում էին ջնջել մարդկանց բառապաշարից, իսկ հիմա 48 միլիարդ դրամ (ավելի քան 130 միլիոն դոլար) ուղղվում է աղետի գոտու շինարարությանը։ Կամ՝ տարիներ շարունակ գերշահույթներ ունեցող հանքարդյունահանման ոլորտի ձեռնարկություններին վարկեր են տրամադրում պետբյուջեի միջոցներից՝ հստակ չնշելով, թե ի՞նչ նպատակով ու ի՞նչ տոկոսադրույքով։
Ինչեւէ, եւս մեկ անգամ նշենք, որ կառավարությունը ներկայումս հեծանիվ չի հորինում ու անում է նույն քայլերը, ինչ մյուս երկրները՝ միջոցներ է ներարկում տնտեսությունը աշխուժացնելու համար։ Սակայն՝ երկարաժամկետ առումով ի՞նչ է լինելու տնտեսության հետ, անորոշ է մնում։
Շատերը նշում են, որ Հայաստանը ընկնում է ծանր պարտքային բեռի տակ՝ վերցրած վարկերի պատճառով։ Այլք էլ հակադարձում են՝ մեր արտաքին պարտքը գտնվում է թույլատրելիի սահմաններում, այնպես որ, դրանք վերադարձնելու ժամանակ խնդիրներ չենք ունենա։ Վկայակոչում են միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշները՝ նշելով, որ մեր դեպքում արտաքին պարտք / ՀՆԱ հարաբերությունը չի գերազանցում 50%-ը։
Սակայն կա մի նրբություն. մենք ուրիշներից շատ տարբեր ենք։ Որովհետեւ երբ ուրիշները ասում են՝ տնտեսություն, ՀՆԱ, ՀՆԱ-ի աճ՝ հասկանում են առաջին հերթին արդյունաբերություն, նոր արտադրանք, մրցունակ տնտեսություն՝ աճող արտահանմամբ։ Իսկ մենք ՀՆԱ-ի աճ ասելով՝ հասկանում ենք շենքերի քանակի ավելացում ու մետաղների գների թանկացում։ Ոչ մի արժեք, ոչ մի մրցունակ արտադրանք չենք ստեղծում, որ վաղը-մյուս օրն արտահանենք ու դրսից վերցրած վարկերն՝ իրենց տոկոսներով հանդերձ, առանց լուրջ խնդիրների փակենք։
Կոպիտ ասած, դա նման է մի մարդու գործելաոճի, ով սովորել է դրսում ապրող հարազատի ուղարկած փողերով անհոգ ապրելուն, սակայն հիմա նեղն է ընկել, ու պարտքով փող է վերցնում ազգությամբ ռուս Ֆեդյայից, ում հետ ծառայել է խորհրդային բանակում։ Բայց փոխանակ մի գործի մեջ դնի, պարտք վերցրած գումարով տան բակում «բեսեդկա» է սարքում՝ նարդի խաղալու համար։ Իհարկե, կսարքի, ձեռքի հետ՝ յոլա էլ կգնա։ Միգուցե փողը բավականացնի՝ մի քանի շաբաթ էլ ամեն երեկո ընկերներին հրավիրել «մի թահլա գլորելու»՝ հյուրասիրելով գարեջրով ու խեցգետնով։ Բա հետո՞։ Եթե դրսի հարազատի գործերը լավանան, կշարունակի անիմաստ ապրել՝ մտածելով, որ հենց դա է ճիշտը, ուրիշից կախման մեջ ապրելը։ Իսկ եթե, Աստված չանի, հարազատի գործերը չլավացան, անելու բան չի մնա։ Չի էլ կարող ռուս բարեկամին ասել՝ արի «բեսեդկաս» քեզ տամ, ընկերներով ժամանակ անցկացրեք։ Որովհետեւգ Ֆեդյան նարդի խաղալ չգիտի ու չի էլ ուզում սովորել։ Ֆեդյան «բմբուլները քամուն» տալու լիքը ուրիշ ձեւեր գիտի՝ նարդուց բացի, եւ կապ չունի՝ դիմացինը բանակի՞ ընկեր է, թե՞ գործի ընկեր (թեկուզ ռազմավարական)։