Հանդիպել են

03/07/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով: Ողջունելով հյուրերին, Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու ձգտումը: «Մենք գտնվում ենք աշխարհագրական յուրօրինակ տարածաշրջանում, որը յուրահատուկ է իր մշակութային բազմազանությամբ եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ: Ցավոք, մեր տարածաշրջանը հարուստ է նաեւ չլուծված խնդիրներով եւ միայն փոխադարձ վստահության, համագործակցության մթնոլորտը կարող է մեզ թույլ տալ մեր ազգերի համար լավ ապագայի հույս ունենալ: Դրանից ելնելով, մենք միշտ այն կարծիքին ենք եղել եւ շարունակում ենք լինել, որ համագործակցության ու երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի բարդ հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել: Հենց այս համատեքստում ենք մենք ընկալել մեր դեսպանների նախաձեռնությունը եւ ողջունել ենք այս ձեռնարկի անցկացումը»,- ասել է Ս. Սարգսյանը: Նա հատկապես ընդգծել է ՌԴ հատուկ ներկայացուցչի` Միխայիլ Շվիդկոյի դերն այս գործում: Իսկ նախաձեռնության մասնակիցները Ս. Սարգսյանի հետ զրուցել են հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփումներ ստեղծելու անհրաժեշտության եւ դրա իրականացման ուղիների մասին: ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները նշել են, որ իրենց քաղաքացիական նախաձեռնության նպատակն է՝ կողմերի համար միմյանց հետ շփվելու, փոխվստահություն ձեւավորելու հնարավորություններ ստեղծել: Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեպանի, ժամանակն է ընդառաջ քայլ կատարել ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ` այդ գործում մեծապես ներգրավելով երկու ժողովուրդների մտավորական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր կարող են իրենց շփումներում գտնել ընդհանրության եզրեր: Նախաձեռնության հեղինակների խոսքով` պետությունների ղեկավարների մակարդակով վարվող քաղաքական երկխոսությանը զուգահեռ՝ քաղաքացիական նախաձեռնությունների իրականացումը հնարավորություն կտա հաստատել կանոնավոր շփումներ, իսկ վստահության մթնոլորտի ձեւավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց Ստեփանակերտում ընդունել էր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: