Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆինանսների նախարարն ու քաղաքապետը

03/07/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ Լ. Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների երկու բարձրաստիճան տնտեսագետներ տարբեր մամուլի ակումբներում տրամագծորեն տարբեր կարծիքներ են հայտնել կառավարության վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

1993-1997թթ., այնուհետեւ` 1999-2000թթ. ֆինանսների (եւ էկոնոմիկայի) նախարար Լեւոն Բարխուդարյանը կարծում է, որ Ռուսաստանից, ԱՄՀ-ից ու ՀԲ-ից ֆինանսական ռեսուրսներ ներգրավելն ու ՀՀ պետական պարտքը մեծացնելը ճիշտ քաղաքականություն է: «Ասեմ ավելին, ես կողմնակից եմ նաեւ բյուջեի դեֆիցիտի էլ ավելի մեծացման միջոցով ծախսերի աճին»,- հայտարարեց Լ. Բարխուդարյանը: Նա նշեց, որ եթե պետական պարտքի ծավալը չի գերազանցում ՀՆԱ-ի 25%-ը, այդ երկիրը համարվում է պարտքի թեթեւ բեռ ունեցող, եթե 25%-ից 50% է` միջին (կառավարելի) եւ միայն 50%-ից բարձրի դեպքում` մեծ բեռ ունեցող: 2008թ. Հայաստանը համարվել է պարտքի թեթեւ բեռ ունեցող երկիր, իսկ 2011-ին ԱՄՀ կանխատեսումներով պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կարող է հասնել 46%-ի, այսինքն` դարձյալ կառավարելիի շրջանակներում է: Եվ քանի որ Հայաստանի վերցրած վարկերն էլ գերազանցապես արտոնյալ են, հետեւաբար, ըստ Վ. Բարխուդարյանի, պետական պարտքի ավելացման համար անհանգստանալ պետք չէ: Իսկ 1992-1996թթ. Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ պետական պարտքի աճը վտանգավոր չափերի է հասնում: Նրա ասելով, բազմաթիվ զարգացած երկրներ ունեն ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի 100-200% ցուցանիշ, բայց դա նրանք կարող են իրենց թույլ տալ, քանի որ ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման ոլորտը զգալի տեսակարար կշիռ ունի: Հայաստանի պարագայում, ինչպես հայտնի է, ՀՆԱ-ի մեծ մասը ստեղծվում է շինարարության ոլորտում եւ ներմուծումների հաշվին (առեւտրի եւ ծառայությունների ոլորտ), իսկ ներմուծումը, մեղմ ասած` անմխիթար վիճակում է: Հետեւաբար, ըստ Վ. Խաչատրյանի, մեզ համար արդեն 1.5 մլրդ դոլարանոց պարտքը մտահոգիչ է: Լ. Բարխուդարյանի ու Վ. Խաչատրյանի տեսակետները վարկերի ծախսման վերաբերյալ նույնպես տարբերվում էին: Այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք Ռուսաստանից վերցված 500 մլն դոլար վարկից 44 մլն-ը տրամադրել հանքարդյունաբերության ոլորտի 3 ձեռնարկություններին, եւ մյուս կողմից էլ` զգալի միջոցներ հատկացնել շինարարության ոլորտին, Լ. Բարխուդարյանը պատասխանեց, թե՝ այո՛, կառավարության նման քաղաքականությունն ընդունելի է: Իսկ ըստ Վ. Խաչատրյանի` նպատակահարմար կլիներ, եթե շինարարության, էներգետիկայի ու հանքահումքային ոլորտի փոխարեն՝ կառավարությունն այդ վարկերն ուղղեր գյուղատնտեսության ոլորտ: «Նախ` հակաճգնաժամային ծրագիր Հայաստանում գոյություն չունի: Մենք շարժվում ենք մի ծրագրով (2009թ. բյուջե), որում նախատեսվում է 9.2% տնտեսական աճ: Ինչ վերաբերում է վարկերին, ապա ի սկզբանե պարզ էր, որ դրանք ուղղվելու էին այն բնագավառներին, որը հետաքրքրում է օլիգարխներին եւ իշխանությանը»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը: Նրա ասելով` նույնիսկ Ռուսաստանում արդեն 4 անգամ փոխել են 2009թ. բյուջեն եւ շատ արագ են արձագանքում փոփոխություններին, մինչդեռ Հայաստանում նման բան «չկա ու չի էլ կարող լինել», թեեւ, ըստ Վ. Խաչատրյանի` մեր կառավարությունը հաճախ կրկնում է այն, ինչ անում է Ռուսաստանի կառավարությունը: Վ. Խաչատրյանի ասելով` շուտով իշխանությունների կողմից ճնշումներ են լինելու նաեւ բանկերի վրա, որպեսզի վերջիններս ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրեն: Խոսելով Հայաստանի 2009թ. սպասվող տնտեսական անկման մասին, Լ. Բարխուդարյանը նշեց, որ իր կարծիքով՝ այն կլինի 10%-ից պակաս, իսկ Վ. Խաչատրյանը վստահ էր, որ ճգնաժամի ամենասուր դրսեւորումները Հայաստանում կլինեն 2009թ. հոկտեմբեր ամսին: Խոսելով խոշոր կազմակերպություններում հարկային մարմնի կողմից պարտադիր ներկայացուցիչ ենթադրող օրինագծի մասին` Լ. Բարխուդարյանը նշեց, թե դա ընդհանուր առմամբ ընդունելի է: «Շատ երկրներ ունեն այդ մեխանիզմը, օրինակ` ԱՄՆ-ը: Գերադասում են 2-3 ներկայացուցիչ ունենալ խոշոր գործարաններում, ինչպես օրինակ` Ջեներալ Մոթորսը, Ֆորդը, Քրայսլերը եւ այլն, որոնք չեն խառնվում աշխատանքներին, միայն հետեւում են, որ հաշվապահական ձեւակերպումները ժամանակին ու ճիշտ արվեն եւ հարկերը վճարվեն: Իսկ Լոս Անջելեսի փոքր կրպակները ստուգում են 3 տարին մեկ անգամ, եւ դա իրեն ընդհանուր առմամբ արդարացնում է: Սա էր կառավարության առաջարկը: Եվ մեր ԱԺ-ն, ըստ էության, դրան դեմ չգնաց, որովհետեւ իրենք ասացին` որտեղի՞ց գտնենք ազնիվ հարկային տեսուչներ: Այսինքն` իրենք էլ խոստովանեցին, ընդունեցին, որ եթե տեսուչները ազնիվ լինեն, դա սխալ չէ: Բայց օրենսդրությունը կազմվում է` ելնելով նրանից, որ այն իրագործողները պետք է խարդախ չլինեն: Չկա մի օրենսդրություն, որը հիմնվի նրա վրա, որ բոլորը կաշառակեր են եւ խարդախ են: Եվ մենք գիտենք, թե ինչին էր ուղղված կառավարության այդ քայլը, քանի որ կան շատ խոշոր հարկատուներ, որոնք լրիվ հարկային դաշտում չեն: Ինքը՝ քայլը, ես սխալ չեմ համարում»,- հայտարարեց Լ. Բարխուդարյանը:

Ի դեպ, ասուլիսի սկզբում Վ. Բարխուդարյանը խոսում էր այն մասին, թե ինչպես հասարակության վստահության ու միասնականության շնորհիվ հնարավոր եղավ դուրս գալ ճգնաժամից 90-ականների սկզբին, այն դեպքում, երբ մեր հարեւանները մեզանից բավականին հետ ընկան (օրինակ` նրա ասելով Ադրբեջանում մինչեւ 2000 թվականը դեռեւս հովհարային անջատումներ էին արվում): Իսկ երբ հարց հնչեց, թե Հայաստանում այսօր կա՞ այդ վստահությունը կառավարության հանդեպ, եւ եթե չկա, ինչպե՞ս դա կազդի ճգնաժամից դուրս գալու վրա, Լ. Բարխուդարյանը պատասխանեց, որ եթե վստահություն չկա, կառավարությունը միշտ էլ կարող է ձեռք մեկնել հասարակությանը, եւ այս դեպքում «անհնարին ոչինչ չկա»:

Լ. Բարխուդարյանն, այնուամենայնիվ, մեղմ ձեւակերպումներով խոսեց նաեւ կառավարության որոշ «թերացումների» մասին: «Ամեն ինչ պետք է արվի` խրախուսելու համար արտահանումը: Ամենամեծ թերացումը վերջին 6-7 տարիների ես կհամարեմ դրամի աստիճանական արժեւորումը: Մենք չունեցանք արտահանման աճ, ինչը բերեց շատ բացասական հետեւանքների: Ես ինքս ճանաչում եմ բիզնեսների, որոնք սկսել են աշխատել 550 դրամ կուրսի պայմաններում (90%-ը պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանել են ԱՄՆ), 350-ից իջնելուց հետո դադարեցրել են: Նույնը վերաբերում է նաեւ մեր տուրիզմին` ամբողջ հասույթը արտարժույթով է, ամբողջ ծախսերը` դրամով: Դրամով ծախսերը ունեն աճի միտում, արտարժույթով հասույթը կրճատվել է 35%-ով: Այսօր էլ՝ վերահսկելի սղաճի պայմաններում, կարծում եմ, որ պետք է հնարավորին չափ արժեզրկել դրամը դոլարի նկատմամբ: Խոսքը վերաբերում է նաեւ մասնավոր տրանսֆերտներին: Շուրջ կես միլիոն մարդ Հայաստանում մասնավոր տրանսֆերտներ է ստանում»,- ասաց Լ. Բարխուդարյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ էր ԿԲ-ն շարունակաբար արժեւորում դրամը, կաթվածահար անելով արտահանումը, Լ. Բարխուդարյանը պատասխանեց, թե ինքը ԿԲ-ին այս հարցում չի մեղադրում: «2002թ. ինֆլյացիան բավականին մեծ տոկոս կազմեց` 8.2%, եւ ԿԲ-ն գնաց արժեւորման՝ գնաճը զսպելու նպատակով: Բայց ներմուծվող ապրանքների գները շարունակեցին բարձրանալ, չիջան, ինչը որ տրամաբանական կլիներ: Այստեղ ես չեմ մեղադրում ԿԲ-ին, որովհետեւ դա իր իրավասությունը չէր: Եթե մրցակցային միջավայր լիներ, եւ ներկրվող գնագոյացնող ապրանքների գները իջնեին, դա վերաբերում է դիզվառելիքին, բենզինին, շաքարավազին եւ այլն, այն ժամանակ ԿԲ-ին շատ հեշտ կլիներ պահել կուրսը նույն մակարդակին` առանց մեծ ինֆլյացիոն ռիսկերի: Բայց դա տեղի չունեցավ: Եվ քանի որ ԿԲ-ն հիմնականում պատասխան է տալիս սղաճի համար, դա եղավ վերահսկելի, իսկ դրամը արժեւորվեց»,- հայտարարեց նա: