Դեռ 2005թ. ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության եւ Թաիլանդի Ռեջենտների դպրոցի միջեւ ստորագրվեց համագործակցության ծրագիր:
Այս դպրոցը միջազգային ճանաչում ունեցող դպրոցներից է, որը հնարավորություն է տալիս դպրոցի աշակերտներին՝ ուսումը շարունակել եվրոպական հայտնի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են` Օքսֆորդը, Քեմբրիջը, Ստենֆորդը եւ այլն: Ընդ որում` 16 տարեկանների համար ուսման տեւողությունը 2 տարի է, իսկ 14-15 տարեկանների համար`4 տարի: Ամեն տարի այս դպրոց ընդունվելու համար Հայաստանում եւս կազմակերպվում է մրցույթ, որն ընթանում է երկու փուլով: Առաջին փուլի համար աշակերտները պետք է հանձնեն երկու քննություն` մաթեմատիկայից եւ անգլերենից: Երկրորդ փուլում աշակերտների հետ հարցազրույցը վարում է Ռեջենտների դպրոցի հիմնադիր Վիրաչայ Թեչավիժիտը: Այս տարվա արդյունքները երեկ Կրթության եւ գիտության նախարարությունում ամփոփեց Վիրաչայ Թեչավիժիտը, ըստ որի` այս ուսումնական տարում Թաիլանդ կմեկնի 29 աշակերտ: «Բոլորի դեմքին կարելի էր տեսնել այն արտահայտությունը, որ իրենք ուզում են սովորել Ռեջենտների դպրոցում»,- ասաց Վ. Թեչավիժիտը: Ընդհանուր առմամբ երեք տարիների ընթացքում այս դպրոցում ուսում է ստացել 62 աշակերտ: Ու ամենահետաքրքիրն այն է, որ այլ ազգերի համեմատ Ռեջենտների դպրոցում գերակշիռ մաս են կազմում հայերը, իսկ ԱՊՀ տարածաշրջանի երկրներից այս ծրագիրն իրականացվում է միայն Հայաստանում, ինչպես նաեւ ծրագիրն իրականացվում է Էստոնիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Սլովակիայում: «Հայաստանը, Թաիլանդը, Էստոնիան, Բուլղարիան, Լիտվիան կրթական համակարգում փոփոխությունների կարիք ունեն: Քաղաքականության մեջ լինելով` սա ես հաստատ եմ ասում, երբ Էստոնիայի հյուպատոսն էի Թաիլանդում, նախագահն ինձ խնդրեց, որ ես կրթեմ մի քանի աշակերտների: Նորմալ եւ լավ կրթությամբ կարող են դառնալ շատ լավ առաջնորդներ»,- նշեց Ռեջենտների դպրոցի հիմնադիրը: Ռեջենտների դպրոցում տարեկան վարձավճարը կազմում է 20.000 դոլար: Սակայն մրցույթը հաղթած աշակերտներին դպրոցը տրամադրում է կրթաթոշակ, որն, այսպես ասած, ընդհանուր վճարի 80 տոկոսանոց զեղչն է: Այս տարվա դպրոց ընդունված 29 աշակերտի կրթաթոշակի համար տրամադրված գումարը կազմում է 1. 300.000 դոլար, իսկ երեք տարիների հետ ամբողջացրած զեղչ-կրթաթոշակը կազմում է 2.730.000 դոլար: «Մենք չենք կարող բոլորին օգնել: Մենք ընդունում ենք նրանց, որոնց հմտություններն ավելի մեծ են»,- ասաց Վիրաչայ Թեչավիժիտը, ով երկու օր առաջ հանդիպել էր Երեւանի դպրոցների տնօրենների հետ եւ խոսել կրթության որակի մասին: «Մենք պետք է այլ ձեւով կրթենք երեխաներին, հակառակ դեպքում նրանք կոռումպացված կլինեն»,- ավելացրեց Ռեջենտների դպրոցի հիմնադիրը` հիշելով Օքսֆորդի համալսարանում իր կարդացած 17 էջանոց դասախոսությունը, որտեղ մեծամասամբ խոսել էր հատկապես մարդկային հմտությունների մասին: Վերջինս նաեւ հիշեց այն հայ առաջին աշակերտներին, ովքեր ընդունվել էին Ռեջենտների դպրոց: «2002թվականին առաջին անգամ հանդիպեցի Հայկին, հետո 2003-ին` Աննային: Ես շատ ուրախ եմ, որ իրենք իրենց ստացած գիտելիքները գնահատեցին: Աննայի եւ Հայկի արածը արժանի է գովաբանության»,- ընդգծեց Վիրաչայ Թեչավիժիտը: Ի դեպ, վերջինիս թարգմանիչը Ռեջենտների դպրոցի շրջանավարտ Հայկն էր, ով այժմ սովորում է Քեմբրիջի համալսարանում: Իսկ Ռեջենտների դպրոցը հավատարմագրված է նաեւ Միացյալ թագավորության WES Ofset տեսչության կողմից, հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամը: Իսկ այս կազմակերպությունում ընդգրկված են ավելի քան 60 առաջադեմ դպրոցներ: Ուսուցումն իրականացվում է Մեծ Բրիտանիայի կրթական ծրագրով, եւ շնորհվում են համաշխարհային ճանաչում ունեցող աստիճաններ, ինչպիսիք են IGGSE, IB եւ A աստիճանի որակավորումները: