Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Եղինջը (կրապիվա) ժողովրդական բժշկության մեջ
Մեր մոլորակի վրա հազարավոր դեղաբույսեր կան, բայց պետք է ասել, որ իսկական լիդեր է ճանաչվում եղինջը: Այնքան ունիվերսալ բույս է եղինջը, որ օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում: Առաջներում եղինջից պատրաստվել է ամենաամուր թելը, որից գործել են ցանցեր: 19-րդ դարում Եվրոպայում եղինջից պատրաստված քամիչով քամում էին մեղրը: Նաեւ գտնում էին, որ եթե եղինջը 24 ժամ թողնեն հիվանդի մեզի մեջ եւ մնա կանաչ, ուրեմն հիվանդը կբուժվի: Մեր նախնիների ժամանակ եղինջը լայն կիրառում ուներ մոգության նպատակներով: Համարվում էր, որ չար ոգիները վախենում են եղինջից: Եղինջը բարձրացնում է կովերի եւ ոչխարների կաթնատվությունն ու հավերի ձվարտադրությունը: Այսօր եղինջը հաջողությամբ գործածվում է բժշկության մեջ եւ խոհանոցում: Եղինջից պատրաստված կերակուրն ու պրեպարատները խորհուրդ չի տրվում միայն օգտագործել նրանց, ովքեր ունեն երակների լայնացում, կամ տառապում են թրոմբոֆլեբիտով, քանի որ այն մեծ արագությամբ խտացնում է արյունը: Պետք է հիշել նաեւ, որ եղինջը հակացուցված է նաեւ հղիներին, հատկապես վերջին ամիսներին, քանի որ այն կարող է ծննդաբերական ցավեր առաջացնել ու հետեւաբար` վաղ ծննդաբերություն:
Եղինջը արյունահոսությունը կանգնեցնող համար առաջին դեղաբույսն է համարվում: Եղինջի թուրմը օգտագործվում է սրտի աշխատանքը լավացնելու նպատակով: Մատղաշ եղինջը ծաղկելուց առաջ կտրում են վերեւի մասերը մի քանի տերեւի հետ եւ չորացնում ստվերի տակ: Այնուհետեւ 5 ճաշի գդալ մանրացրած խոտի վրա ավելացնում են 0,5լիտր ջուր եւ եռացնում թույլ կրակի վրա: Հետո ընդունում են օրվա մեջ 4 անգամ` կես բաժակից, ըստ ճաշակի քաղցրացնելով այն:
Ստամոքսի սպաստիկ ցավերի, սրտխառնոցի դեպքում շատ լավ օգնում է եղինջի արմատների թուրմը: Դրա համար անհրաժեշտ է եղինջի չորացրած արմատներից 1 թեյի գդալի վրա լցնել 1 բաժակ կաթ եւ եռացնել 5 րոպե: Զանգվածի 1 բաժինը խմել հնարավորինս տաք վիճակում, իսկ մնացածը` յուրաքանչյուր 2 ժամը մեկ՝ 2 ճաշի գդալ, մինչեւ ցավը կհանգստանա:
Եղնջաթուրմը զգալիորեն լավացնում է լյարդի աշխատանքը: 4 ճաշի գդալ չորացրած խոտը 5 րոպե եռացնել 0,5լիտր ջրի մեջ ու քամել: Ստացվածին տաք վիճակում ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ տաք վիճակում էլ խմել օրվա մեջ 4 անգամ` կես բաժակից: Այս թուրմը լավացնում է նաեւ երիկամների աշխատանքը:
Ինչ է անմիզապահությունը
Արձագանքելով մեր ընթերցողների խնդրանքներին, մենք փորձեցինք անդրադառնալ այս հիվանդությանը, դրա պատճառներին, եւ կառաջարկենք մի քանի ժողովրդական միջոց, որոնք գոնե կթեթեւացնեն հիվանդի վիճակը:
Անմիզապահությունը հիվանդություն է, որ արտահայտվում է ակամա միզարտադրությամբ: Տարբերակում են ընդհանուր, համեմատական եւ գիշերային անմիզապահություն: Պատճառները տարբեր կարող են լինել` միզուղիների վնասվածքը, մկանների թուլացումը, տարեցների մոտ շատ հանդիպող վերջափակող միզապարատը, շագանակագեղձի մեծացումը` տղամարդկանց մոտ, նյարդային համակարգի հիվանդությունները եւ այլն:
Անմիզապահությունը կանխելու համար շատ լավ օգնում է բալի մատղաշ ճյուղերից պատրաստված թեյը: Այն պետք է խմել առավոտյան քաղցած վիճակում, կարելի է նաեւ մի քիչ մեղր ավելացնել:
Հնում շատ լավ միջոց է համարվել արեւքուրիկի եւ ոսկեհազարուկի խառնուրդից պատրաստված թեյը: Վերցնել երկուսից էլ հավասար քանակությամբ եւ պատրաստել սովորական թեյ:
Շատ լավ հանգստացնող միջոց է համարվում մեղրը: Եվ բացի այդ՝ այն նպաստում է օրգանիզմի մեջ հեղուկը պահելուն:
6գ տուղտի աղացած արմատները լցնել 200գ եռացրած-սառեցրած ջրի մեջ, թրմել 10 ժամ եւ թուրմը խմել ամբողջ օրվա ընթացքում: Այս պրոբլեմին շատ օգնում է նաեւ եզնալեզուն: Եզնալեզվի 1ճաշի գդալը եփել 200գ եռջրի մեջ, թրմել 1 ժամ ու խմել օրվա ընթացքում 3-4 անգամ` 1 ճաշի գդալից, ուտելուց 20 րոպե առաջ:
Լավ միջոց են նաեւ ձվի կեղեւով ու մեղրով պատրաստված գնդիկները: Ձվի կեղեւը լավ լվանալ, չորացնել ու դարձնել փոշի: Այս փոշին խառնել մի քիչ մեղրի հետ, այնքան, որ գնդիկ դառնա: Եվ այդ գնդիկներից օրվա մեջ մի քանի անգամ ուտել:
Այս հիվանդությունը պահանջում է նաեւ ճիշտ սննդակարգ: Ավելորդ քաշը ճնշում է միզափամփուշտի մկանները, որի արդյունքում դրանք թուլանում են: Լարվածությունն ու երկարատեւ փորկապությունը եւս կարող են ազդել միզապարկի վրա եւ թուլացնել մկանները: Խուսափեք փորկապության առաջացումից եւ ավելի շատ օգտագործեք բուսական ծագում ունեցող սննդամթերք: Խուսափեք նաեւ ալկոհոլից, կոֆեինից, շաքարի փոխարինիչներից, թթու եւ կծու մթերքներից, որովհետեւ դրանք կարող են գրգռել միզափամփուշտը: