Նիկոլը վերադարձել է

01/07/2009

Երեկ կեսօրին մոտ մեկուկես տարի ընդհատակում եւ հետախուզման մեջ գտնվող՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Նիկոլը` ոտքով անցնելով Գլխավոր դատախազության շենքի առջեւի պուրակով, մտել է Դատախազության շենք եւ հայտարարել է, որ եկել է ինքնակամ հանձնվելու: Ընդ որում, չնայած Նիկոլի` Դատախազության շենքին մոտենալու եւ բավական երկար քայլելու ընթացքը նկարահանել են լրագրողներն ու բազմաթիվ քաղաքացիներ, երեկ Գլխավոր դատախազությունը` իր ոճին հավատարիմ, փորձել է ներկայացնել, թե իբր Նիլոլ Փաշինյանին ձերբակալել են ոստիկանները: Նիկոլին Գլխավոր դատախազությունից տեղափոխել են Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո` Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները: Նույն որոշման համաձայն, «համաներումը չի կիրառվում մինչեւ ԱԺ-ի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»: Հիշեցնենք նաեւ, որ իր վերջին բանաձեւում ԵԽ ԽՎ-ն կոչ էր արել ՀՀ իշխանություններին մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված հետախուզման մեջ գտնվող եւ մինչեւ նշված ժամկետը իրավապահներին ներկայացող անձանց անհապաղ ազատ արձակել: Այսինքն` եթե իշխանությունները հետեւեին գոնե ԵԽ ԽՎ պահանջներին, Նիկոլը երեկ կարող էր ազատ արձակվել գոնե քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Սակայն նման բան ակնկալելը նույնքան միամտություն կլիներ, որքան 2008 թվականի մարտի 1-ին հույս ունենալ, որ գոնե Նիկոլի նկատմամբ անհեթեթ քրեական գործ չի սարքվի: Թե ինչ ընթացք կստանա Նիկոլի «գործը», պարզ կդառնա առաջիկա օրերին: Իսկ մինչ այդ երեկ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի: