Նոր ակցենտներ

01/07/2009

Այսօր Հայ Ազգային կոնգրեսի` Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքում ազատ արձակված բոլոր քաղբանտարկյալները դիմելու են ժողովրդին: «Եվ քաղբանտարկյալներն են կարոտել ժողովրդին, եւ ժողովուրդը՝ նրանց: Նրանց միջեւ հոգեւոր կապը երբեք չի ընդհատվել, սակայն այսօր այն լիարժեք կվերականգնվի»,- երեկ «Ա1+»-ին ասել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ նշել է, որ հանրահավաքն իր էությամբ տոնախմբություն է լինելու՝ ազատ արձակված քաղբանտարկյալների համար, սակայն միաժամանակ չեն անտեսվելու այն 18 քաղբանտարկյալները, որոնց նկատմամբ համաներումը չի տարածվել: «Հանրահավաքը ցույց կտա նաեւ հայ ժողովրդի կամքը՝ նաեւ 18 քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»,- ասել է նա: Իսկ ի՞նչ սկզբունքով իշխանությունները որոշեցին ազատ արձակել կամ ազատ չարձակել քաղբանտարկյալներին: «Ցավոք, իշխանությունները ԵԽ-ի հետ ընտրեցին քաղաքական սակարկությունների, քաղաքական բազարի մեջ մտնելու քաղաքականությունը: Այսինքն, ում կարողացան՝ պահեցին բանտում: Շարժման շնորհիվ, ԵԽ-ի ճնշման շնորհիվ ազատ արձակվեց ուղիղ այնքան քաղբանտարկյալ, որքան անհրաժեշտ էր, որպեսզի ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ն պատժամիջոցներ չկիրառի»: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի վերաբերյալ ԵԽ ԽՎ 1677 բանաձեւին, ապա Զուրաբյանը գտնում է, որ բանաձեւը հստակ ասում է, որ մարտի 1-ի էջը փակված չէ: «Ամբողջ հայ ժողովուրդը, ինչպես նաեւ՝ ԵԽ-ն, չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու չեն պատժվել մարտի 1-ի սպանությունների համար մեղավորները: Առավել անհասկանալի է դառնում այս հարցի պատասխանի ուշացումը, քանի որ Մարտի 1-ի Փաստահավաք խումբը տվել է բոլոր հատուկ միջոցներ կիրառողների անունները: Բոլոր մեղավորները անուն առ անուն նշված են: Ուստի պատահական չէ, որ ԵԽ գլխավոր քարտուղարը հարց է տալիս, որ չի հասկանում, թե ինչու պատժված չեն մարդկանց վրա կրակած ոստիկանները: Դա նշանակում է, որ մարտի 1-ի էջը փակված չէ»,- հայտարարել է նա: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը նշել է նաեւ, որ չնայածի իշխանություններն արտոնել են միայն այսօրվա հանրահավաքը, իսկ երթը արգելել են, սակայն երթը նույնպես կայանալու է: «Մենք օգտվելու ենք մեր սահմանադրական իրավունքից»,- ասել է նա` վստահեցնելով, որ հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ հետաքրքիր է լինելու: «Առաջին նախագահը նոր եւ լուրջ ակցենտներ է դնելու»,- հայտարարել է նա: