Չհամեմատե՛ք

01/07/2009

«Իրանում քաղաքական ճգնաժամ գոյություն չունի: Այն, ինչ ցանկանում են ներկայացնել արեւմտյան լրատվամիջոցները, որ Իրանում քաղաքական ճգնաժամ է, իրականություն չէ: Մենք սրանից ավելի բարդ իրադրություններում ենք եղել: Իրանը պահպանել է իր ինքնիշխանությունը, անկախությունը եւ չի հեղինակազրկվել: Չնայած, որ արեւմտյան լրատվամիջոցները ցանկանում էին այլ կարծիք պարտադրել մարդկանց` սակայն հենց արեւմտյան երկրների ղեկավարները, մասնավորապես, Բարաք Օբաման ասաց, որ պետք չէ խառնվել Իրանի ներքին գործերին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին: «Ա1+»-ի փոխանցմամբ` դեսպանը գնահատելով Իրանի նախագահական վերջին ընտրությունները, նշել է, թե դրանք փառապանծ ընտրություններ էին, իսկ իր կարծիքն էլ հիմնավորում է այսպես. ընտրությանը մասնակցել է ընտրողների 85 տոկոսը, 40 միլիոն քվեաթերթիկ է հայտնվել քվեատուփերում: «Չնայած այն բոլոր ջանքերին, որ Արեւմուտքն ի դեմս Միացյալ Նահանգների եւ Անգլիայի գործադրեց, որ ինչ-որ խնդիրներ առաջացնի Իրանում ընտրությունների հետ կապված, սակայն Իրանը հաշվի առնելով այն հզորությունը, որ ունի, կարողացավ այդ բոլոր խնդիրները հարթել եւ, նորից եմ կրկնում, տեղի ունեցան փառապանծ ընտրություններ»,- ասել է Սաղայանին: Նա պնդել է, թե իրենք ավելի բարդ իրավիճակներում են հայտնվել, քան հիմա է: Անդրադառնալով իրանաամերիկյան փոխհարաբերություններին` նա նշել է, թե ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իշխանության եկավ փոփոխությունների մասին կարգախոսով, բայց նրա քայլերից այդ բանը դեռ չի երեւում: Ինչ վերաբերում է նրան, որ իրանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն շրջանառվեց, թե բողոքի ակցիաները կազմակերպում է նաեւ Ադրբեջանը եւ դրա համար այնտեղի դեսպանին հետ են կանչել, Սեյեդ Ալի Սաղայանը հերքել է` ասելով, թե՝ այո, իրենք հետ են կանչել դեսպանին, սակայն քննարկման համար, եւ մշտական չէ: «Ա1+»-ի այն դիտարկմանը, թե` Իրանում տեղի ունեցող դեպքերը նման են Հայաստանում 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող դեպքերին, եւ այն հարցին, թե մշակույթների նմանությունի՞ց է դա, թե՞ այլ գործոն կա, Սեյեդ Ալի Սաղայանին պատասխանել է, թե ընդհանրապես նմանություններ ունեն երկու ժողովուրդներն էլ` ասենք, գրականության, պոեզիայի եւ այլ առումներով, մինչդեռ. «Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին, դրանք համեմատելի չեն: Հիմնված են այն տեսության վրա, որ Արեւմուտքը ունի, եւ այն դոլարները, որ ինքը ծախսում է, ցանկանում է նախկին Խորհրդային Միության պետություններում իրագործելու թավշյա հեղափոխություններ, որ եղել են Վրաստանում, Ղրղըզստանում: Պետք է ասել, բարեբախտաբար, ՀՀ ղեկավարների խելամիտ քայլերի շնորհիվ կանխվեց»:

Ասուլիսում անդրադարձ է եղել նաեւ բանտում գտնվող հայազգի լրագրողուհի Սիլվա Հարությունյանին: ՀՀ-ում Իրանի դեսպանը նշել է, թե նրան հավանաբար կներեն հարազատների ներկայացրած դիմումի համաձայն: Ի դեպ, Սեյեդ Ալի Սաղայանին պնդել է, թե այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցի ժամանակ, կիրականանան՝ հայ-իրանական երկաթգծի, նավթամուղի եւ նավթազտման գործարանի կառուցման նախագծերը կշարունակվեն եւ կհասնեն իրենց ավարտին: Ավելին, նավթային խողովակաշարի կառուցման նպատակով շուտով Հայաստան կգան մի խումբ փորձագետներ: