«Մեկը քարը փոսն է գցել, հազար խելոք չեն կարողանում հանել»,- երեկ, խոսելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽ ԽՎ-ում արված առաջարկի մասին, հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` չմասնավորեցնելով, թե ովքեր են այդ 100 խելոքները, եւ թե արդյո՞ք նա իրեն դասում է այդ շարքին: Ըստ Գ. Սահակյանի, ընդհանրապես, հասարակությունը պետք է զգույշ լինի, որ նման մարդկանց չբերի Ազգային ժողով: «Ինքը քաղաքական գործիչ չէ, փորձառու չէ: Մարդիկ կան, որ չգիտեն՝ որտեղ կարող են հերոսանալ եւ որ պետության համար»,- հայտարարել է շատ փորձառու ՀՀԿ-ականը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Դաշնակցություն-«Ժառանգություն»-Հայ Ազգային Կոնգրես համագործակցությունը, Գ. Սահակյանն ասել է, թե նման ձեւաչափով համագործակցությունը նա իրատեսական չի համարում: «Հնարավոր չեմ համարում, որովհետեւ ընդդիմադիր դաշտը գաղափարական տեսակետից բավականին իրարից անջատված է: Իսկ եթե գաղափարներ չկան, չեն կարող ձեւավորվել համատեղ մոտեցումներ»,- ասել է ՀՀԿ-ականը: Նա այդպիսի միավորող գաղափար համարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Գ. Սահակյանը նշել է, որ աշնանը քաղաքական դաշտում փոփոխություններ չի սպասում: Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի ակտիվությունը միջազգային ասպարեզում, նա պատասխանել է, թե նախ պետք է ողջունել Գ. Ծառուկյանի ակտիվությունը: «Դա իրոք անհրաժեշտ է. այն բավականին լուրջ կերպով կարող է ազդել մեր երկրի զարգացումների վրա»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: Պատասխանելով այն հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններից հետո, որոնք ցույց տվեցին, որ ՕԵԿ-ը քվե չունի, չարժե՞ նրա մասնակցությունը կոալիցիայում վերանայել, ՀՀԿ-ականն ասել է, որ կոալիցիան կազմվել է նախագահական ընտրություններից հետո: «Համենայնդեպս, կարծում եմ, որ եթե «Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի խորը ուշադրություն դարձներ կամ արժեւորեր այդ ընտրությունները, յոթ տոկոսի շեմը կհաղթահարեր»,- ասել է նա: Գ. Սահակյանը նաեւ նշել է, որ դեռեւս չի հանդիպել համաներմամբ ազատության մեջ հայտնված իր կուսակիցներ, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին եւ Մյասնիկ Մալխասյանին, քանի որ առիթ չի եղել: «Չեմ կարծում, սենսացիոն այնպիսի բան է եղել, որ հանդիպեմ: Քեֆ, ուրախություն, նշանդրեք եթե լինի, կհանդիպենք»,- ասել է քեֆերի սիրահար Գ. Սահակյանը: Ամեն ինչից հասկացող ու ամեն ինչի մասին կանխատեսումներ անող ՀՀԿ-ական պատգամավորը այս անգամ էլ դատողություններ է արել արտաքին քաղաքական հարցերի մասին: «Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցի հետեւանքով որեւէ փոփոխություն չեն կրել եւ, կարծում եմ, նման բան չէր էլ կարող լինել»,- հայտարարել է նա: Ըստ ՀՀԿ-ականի, պետք է գիտակցել, որ Վրաստանը ոչ միայն Հայաստանի դարավոր բարեկամն է, այլ նաեւ այդ երկիրն է ապահովում Հայաստանի արտահանումն ու ներկրումը: «Վրաստանի հետ մենք պետք է կարողանանք մեր գործընկերությունն ավելի ու ավելի խորացնել»,- ասել է Գ. Սահակյանը: