– Միասնական քննություններն արդեն ավարտված են, բայց կրքերը դեռեւս չեն մարել: Այս տարվա միասնական քննությունները բողոքների առատությամբ տարբերվո՞ւմ են նախորդ տարվա միասնական քննություններից:
– Թվում է, թե շատ բողոքներ են եղել, բայց դա այդպես չէ: Նախ նկատենք, որ բողոքարկումը եղել է միայն մի առիթով եւ մի ոճի, բայց քանի որ անընդհատ կրկնվում էր եւ մեծ աղմուկ էր հանված, տպավորությունն այնպիսին էր, իբր շատ բողոքներ կան: Բայց բողոքներ չեն եղել: Մի առիթով եղել էր բողոք, մի առիթով` վրդովմունք: Բողոքը, որ մինչեւ հիմա շարունակվում է մասնագետների կողմից, հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից էր, իսկ վրդովմունքը պայմանավորված էր թեստերի բարդությամբ, ըստ որի` թեստերը բարդ էին, ժամանակը` քիչ:
– Բայց այս դեպքում գերակշռում է բողոք-վրդովմունքը, թե` թեստերը բավական բարդ են եղել:
– Այս անգամ թեստերը կազմվել են` հաշվի առնվելով անցած տարվա բողոքները: Շատերը սկզբում բողոքում էին, որ թեստերն իրականում ոչինչ չեն ստուգում, ֆորմալ հարցեր են, երեխան ուղղակի անգիր արած խաչեր է դնում, եւ դա գիտելիքի ստուգում չէ: Այս տարվա թեստերը որակյալ են, որովհետեւ ստուգում են ոչ թե երեխայի անգիր արածը, այլ հասկացածը: Եվ այդ իմաստով մի քիչ հանկարծակիի են եկել` եւ՛ ծնողները, եւ՛ երեխաները, եւ՛ մասնագետները:
– Այս քննությունները մի շարք ուսուցիչներ, ինչպես նաեւ՝ կրկնուսույցներ, որակել են իբրեւ սպանդ: Արդյո՞ք նրանց այս գնահատականը չի բխում նույն թեստերից, որի արդյունքում շատ երեխաներ հանկարծակիի եկան ոչ թե թեստի բարդությունից, այլ իրենց սպասածից ցածր միավորներից, ինչն էլ ոչ պակաս դեպրեսիվ հոգեվիճակ առաջացրեց:
– Տարօրինակ է, որ ուսուցիչները կրկնուսույցների շահերն են պաշտպանում: Կարծես թե իրենց շահերը հակադրված են: Այստեղ բողոքելու այլ դրդապատճառ կա: Ես խորհուրդ չէի տա այդպիսի բառեր օգտագործել` չարամտություն, սպանդ, դիտավորություն: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի իրեն համարի ավելի մարդասեր, հայրենասեր, քան մյուսները: Մեր մասնագետները բավականին հարգված մարդիկ են: Ի՞նչ է նշանակում` որ մենք մեզ թույլ տանք նրանց ազգի դավաճան համարել: Դա ոչ միայն արդարացի չէ, այլ նաեւ բարոյական չէ: Բայց կարելի է հարցը քննարկել բովանդակային առումով, որ թեստերի այսպիսի բնույթը որոշակի պարզաբանումներ է տալիս` ինչպիսին է համապատասխան տարածաշրջանում երեխայի, դպրոցի, հանրակրթության որակը կամ դրվածքը: Եվ, բնականաբար, եթե դա առնչվում է ինչ-որ մարդկանց, նրանք պետք է պաշտպանական միջոցներ գտնեն: Ես չեմ ուզում այնպիսի տպավորություն լինի, որ ես համարում եմ` իբր թեստերը եղել են կատարյալ: Այդպես չէ: Թեստերի մեջ եղել էին վրիպակներ, որոնք մենք ժամանակին զգուշացրել էինք, եղել էին վրիպակներ, որոնք մենք գնահատման ժամանակ հաշվի էինք առել` հօգուտ երեխաների: Եվ դա հայտնի է եւ հայոց լեզվի, եւ մնացած առարկաներից: Մինչեւ հիմա էլ բողոքում են: Եթե երեխան արդարացի է, մենք նրան ընդառաջում ենք. մեկը խնդրում է, որ իրեն թույլ տան` նորից հանձնել քննությունը, որովհետեւ ինքը հիվանդ է եղել, մյուսը խնդրում էր վերանայել իր թեստի գնահատումը, որովհետեւ այսինչ տեղում մեքենան վրիպել էր: Մենք այդ աշխատանքը մինչ օրս էլ անում ենք: Թեստերը կատարյալ չի կարելի համարել, բայց չի կարելի նաեւ համարել վատ: Եթե կատարյալ չէ, դա դեռ չի նշանակում, որ վատն են: Դրանք եղել են ուղեցույցներին համապատասխան, որակով կարելի է համարել բավարար, եւ այդ թեստերով կազմակերպված քննություններն իսկապես բացահայտում են իրական վիճակը: Պետք չէ ինքնախաբեության մատնվել, թե իբր հանրապետությունում կրթության որակը շատ բարձր է, բայց թեստերի պատճառով երեխաները ցածր են ստացել: Պետք է հաշվի առնել, որ իսկապես մենք ունենք հանրակրթության որակի բարձրացման լուրջ խնդիր, եւ այդ մասին առաջին հերթին պետք է մտահոգված լինեն ուսուցիչները:
– Պարոն Մկրտչյան, խոսքս կրկին վերաբերում է հայոց լեզու եւ հայ գրականության քննությանը: Հիմնական բողոքներից մեկը «Խմբապետ Շավարշը» ստեղծագործության առնչությամբ էր: Ըստ մասնագետների` այդ մասին ոչ միայն ուղեցույցում չկար, այլեւ դասագրքում տրված էր ընդամենը մի քանի տողով, որից վերջին տողում հիշատակվում է նաեւ «Դեպի Լյառը Մասիս» պոեմը` առանց այլ մանրամասների: Այստեղ կրկին դիմո՞րդն է մեղավոր:
– Մի հարցը, ենթադրենք` «Խմբապետ Շավարշը» ծրագրից դուրս է, հանենք այդ հարցը, մնաց 79 հարց: Բայց այդ 79 հարցերը ծրագրի մեջ են, չէ՞: Ուրեմն նայեք, տեսեք այդ 79 հարցերից Ձեր երեխաները ի՞նչ են ստացել: Եթե 80 հարցից մի հարցն էր ծրագրից դուրս, սխալ է թեստերը որակել որպես անորակ, ասել, որ թեստերը ծրագրից դուրս հարցեր են պարունակում: Պետք է հարցերի առնվազն 30-40տոկոսը ծրագրից դուրս լինեն, որ համարենք թեստը սխալ:
– Տվյալ պարագայում, եթե մեր հանրապետությունում ունենք, մեղմ ասած, կրթության որակի խնդիր, ինչո՞ւ թեստերն ավելի մատչելի չեն կազմվում:
– Բայց դրա չափանիշը ո՞րն է: Ես, օրինակ, այդ թեստերը համարում եմ մատչելի:
– Նաեւ այն դեպքում, երբ մեր իրականությունում գիրք կարդալը դարձել է հիմնախնդի՞ր:
– Ցավալի հարց է: Եթե մենք այսօր հայտնաբերել ենք, որ ինչ-որ մեկի երեխան գիրք չի կարդում, դրանից մենք ուրախանա՞նք, թե՞ տխրենք: Հիմա թող այդ մարդն իր երեխային գիրք կարդալ տա: Նախկինում մեր սերունդը գրքից չէր կտրվում, իսկ հիմա այս սերունդը համակարգչից չի կտրվում: Նախկինում Երեւանում շատ մեծ գրախանութներ կային, հիմա այդ բոլոր գրախանութները վերածվել են տարբեր տեսակի խանութների: Դա ի՞նչ է նշանակում: Այն, որ մեր ժողովուրդը հանդուրժում է գիրք չկարդալը: Պիտի շնորհակալություն հայտնենք, որ թեստերի միջոցով այդ երեւույթը հայտնաբերեցինք:
– Պարոն Մկրտչյան, այսօր հայոց լեզվի եւ հայ գրականության թեստերի հեղինակների մասին արդեն մի շարք լուրեր են պտտվում: Ուսուցիչներից մեկի պատմելով` թեստի հեղինակներից մեկը` Յուրի Ավետիսյանը, պարապում է տասնյակ դիմորդների հետ, եւ նախքան քննությունը թեստը փորձում էր վաճառել 5000 դոլարով: Այս տարի նաեւ բացառություն էր, որ թեստի հեղինակների անունները հրապարակվեցին, դժբախտաբար, ոչ լավ իմաստով: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս իրավիճակը:
– Հայոց լեզվի թեստը կազմել էին երկու հոգի, որոնք կրում են պատասխանատվություն: Եթե այդ մարդկանցից որեւէ մեկն ինչ-որ բան խախտեց, կամ թեստը տվեց իր աշակերտին, ապա նա իր ընկերոջ նկատմամբ մեծ հանցագործություն է կատարում: Հիմա ի՞նչ եք կարծում` արդյո՞ք Յուրի Ավետիսյանն այն անձնավորությունն է, որ իր ընկերոջը կուզենար այդպիսի հարվածի տակ դնել: Սա արդեն մարդկային հարաբերությունների հարց է: Երկուսն էլ աշակերտներ են պարապում, բայց քանի՞ հոգու հետ: Մի մարդը ֆիզիկապես քանի՞ աշակերտ կարող է պարապել: Բացի դրանից, եթե նա պարապում է աշակերտների հետ, նա աշակերտներին վերցնում է սեպտեմբերին, իսկ թե ո՞վ է գրելու թեստը, դա հայտնի է դառնում փետրվար ամսին: Ոչ մի մասնագետ վստահ չէ, որ ինքն է գրելու թեստը: Արդյո՞ք Յուրի Ավետիսյանն իր իմիջը, անունը կվաճառի 5000 դոլարով: Այնպես որ` դա բացարձակապես սուտ է: Եթե նրանք դա անեն, ապա երկուսով կանեն: Հիմա եթե մեկի մասին խոսում են, իսկ մյուսի մասին չեն խոսում, դա արդեն նշանակում է, որ այդպիսի բան չի եղել: Չնայած պետք է նկատի ունենանք նաեւ այն, որ թեստ կազմողն ինչ-որ հարցում առավելություն է ունենում` ինքը գիտի թեստի հանձնարարությունները, եւ աշակերտների հետ պարապելուց կարող է որոշ բաներ թույլ տալ, որոշ բաներ թույլ չտալ: Թեստ կազմողի համար շատ կարեւոր է, որ, հաջորդ տարի էլ իրեն դիմեն, քան որ այս տարի 5000 դոլար փող աշխատի: Դրա համար թեստ կազմողն աշխատում է իրեն արդարացնել, որպեսզի հաջորդ տարի էլ իրեն դիմեն: Բայց նույնիսկ եթե կա որեւէ մեկը, որ իրեն անարդարացի է պահում, ընդամենը 5 երեխա չե՞ն: Իսկ հայոց լեզվի քննությունը հանձնել են մոտավորապես 13.000 երեխա: Եթե 13.000-ի մեջ 5 հոգին էլ 20 ստանան, նրանք ընդհանուր պատկերի մեջ վճռորոշ ազդեցություն չեն թողնում:
– Եվ վերջին հարցը. արդյո՞ք այս ընդունելության քննություններն անցան հայաստանյան ընտրությունների նման: Դրանք ինչո՞վ են փոխկապակցված:
– Ես կարծում եմ, որ դպրոցը եւ հատկապես քննությունները, միասնական քննություններն այն տեղն է, որտեղ ոչ մի քաղաքական խնդիր պետք է չլուծվի: Մենք բոլորս պետք է լինենք համերաշխ ու խաղաղ: Ու թող ոչ մեկը վստահ չլինի, թե իր երեխան հենց իր նախընտրած կուսակցության անդամն է դառնալու: Այստեղ քաղաքական կաթիլ պետք չէ գցել: Այդ երկու երեւույթներն իրար կապել պետք չէ: