«Գերադասելի է Սվարովսկու ապակյա զարդ ունենալ, քան անմշակ ադամանդ»

01/07/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հետ զրուցելիս զարմանալի տպավորություն է ստեղծվում, կարծես քեզ հնարավորություն է տրվել դիպչել մաքուր, ինքնաբավ ու պրոֆեսիոնալ մարդու մտքերին: Առանց ավելորդ սեթեւեթանքի, առանց ամպագոռգոռ բառեր օգտագործելու` նա իր դիտարկումների մասին է խոսում, եւ դու հասկանում ես, որ իրականում մենք հզորագույն ներուժ ունենք, սակայն համառությամբ դա նկատել չենք ցանկանում: Վ.Խաչատրյանը վաղուց արդեն հաստատվել է եվրոպական լավագույն օպերային հարթակներում, նրան ավելի լավ ճանաչում են (նաեւ գնահատում են) արտասահմանում, քան հայրենիքում: Նա 21-րդ դարի արտիստ է, այսինքն` կոնտրաստային ու ունիվերսալ դերասան է, որն ամեն հարմար առիթ օգտագործում է նոր բան սովորելու եւ ուսումնասիրելու համար:

Տարիներ առաջ Երեւանի Օպերային թատրոնում նա եղել է Կարմեն, Ադալջիզա («Նորմա»), Ազուչենա («Տրուբադուրներ»), Փառանձեմ («Արշակ 2-րդ»), Անուշի մայր («Անուշ»), իսկ այժմ ընդգրկված է Ժնեւի Օպերային թատրոնի հիմնական կազմում ու, ինչպես բոլոր օպերային արտիստները, շրջագայում է Եվրոպայում։ Սեպտեմբերի 16-ին նա մեկնելու է Աթենք՝ լեգենդար երգչուհի Մարիա Կալլասի տարելիցին նվիրված համերգին մասնակցելու համար։ Վ.Խաչատրյանի կյանքում Մարիա Կալլասը շատ մեծ դեր է ունեցել («Նա իմ իդեալն է»,- ասում է Վարդուհին), քանի որ նրա անունը կրող մրցույթում գլխավոր մրցանակի արժանանալուց հետո՝ մեր երգչուհու համար բացվել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերը։ 1999 թվականից սկսած նա բազմաթիվ մրցույթների է մասնակցել եւ միշտ հաղթողների ցուցակում է հայտնվել: Վ.Խաչատրյանը շատ ցայտուն դրամատիկ դերասան է (երգչուհի բառը չի կարող արտահայտել նրա բոլոր ունակությունները), «Նորմա» ֆիլմ-օպերայում (բեմադրիչ Բորիս Հայրապետյան), օրինակ, նրա ստեղծած Ադալջիզան ուղղակի հայտնություն էր մասնագետների համար: Այդ ստատիկ ու կատարման համար բարդ օպերան հայ երգիչները ուղղակի փայլուն կատարեցին: Իսկ Վարդուհու կեցվածքը, դիմախաղը նույնքան արտահայտիչ էին, որքան եւ ձայնը: Իզուր չէ, որ մոսկովյան կինոընկերություններից մեկը նրան հրավիրել էր Շամիրամի դերը կատարելու համար (սակայն այդ նախագիծը կանգ առավ): Վ.Խաչատրյանը դուետով երգել է նաեւ հանրահայտ Մոնսերատ Կաբալյեի հետ (որի անվան մրցույթում եւս «Գրան-պրի» մրցանակի է արժանացել): Դա եղել է երկու թագուհիների` Մարիա-Անտուանետայի ու Էլիզաբեթի զուգերգը: Եվ ուղղակի զարմանք է առաջացնում այն փաստը, թե ինչու մեր հեռուստաալիքները գոնե ժամանակ առ ժամանակ չեն ցուցադրում այդ ելույթի տեսագրությունը: Չէ՞ որ դա Հայաստանի ամենագեղեցիկ PR ակցիաներից մեկը կարող էր դառնալ:

Այժմ Վ.Խաչատրյանը Երեւանում է, նրա նպատակը համերգը կամ բեմադրությունը չէ: «Ուզում եմ կրտսեր որդուս իր տատիկների ու պապիկների հետ ծանոթացնել, քանի որ նա առաջին անգամ է եկել Հայաստան: Ինչ էլ որ անենք մեր կյանքում, միեւնույն է, մի օր անպայման վերադառնալու ենք»,- ասում է նա: Նաեւ մտորում է էստրադային երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ օրիգինալ զուգերգ ձայնագրելու մասին:

– Կարելի՞ է ասել, որ եթե օպերային երգիչը տաղանդավոր է, ապա նա անպայման հաջողության կհասնի, թե՞ կա նաեւ բախտ ասածը։

– Չեմ կարծում, որ խնդիրը միայն տաղանդի մեջ է։ Պետք է ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվել, դա թեկուզ շաբլոն միտք է, սակայն բացարձակ ճշմարտություն է։ Միայն տաղանդը բավարար չէ, պետք է ճիշտ ռեպերտուար ընտրել, որպեսզի հնարավոր լինի շահեկան ներկայանալ, զարմացնել ու ցուցադրել, որ դու ունակ ես տարբեր ոճի ու դրամատիզմի դերերգեր կատարել։ Ընդհանրապես պետք է կոնտրաստային լինել (ասեմ, որ դա շատ մեծ ու լուրջ աշխատանք է), որպեսզի հանդիսատեսը համոզվի, որ դու բազմազան ես։ Եվ երբ երգում ես, պետք է տպավորություն ստեղծվի, որ տարբեր մարդիկ են երգում։ Այդ դեպքում, կարծում եմ, կարելի է ավելի շուտ հասնել հաջողությանը։ Իսկ միապաղաղությունից խուսափելը ոչ միայն օպերայում, այլեւ՝ կյանքում է շատ կարեւոր։

– Երեւի ամենաճիշտ բնութագրումը, որը կարելի է տալ մեր օպերային թատրոնին, դա միապաղաղ ճահիճն է։

– Երբ Ժնեւի թատրոն ես մտնում, ուղղակի ապշում ու հիանում ես այդ շինության խորությամբ, նրա մտածված կառուցվածքով։ Կարող ես իջնել 6-րդ հարկ կամ էլ բարձրանալ տանիքի մի քանի հատվածները, ամեն տեղ կյանքը «եռում» է, եւ անկախ քեզանից՝ դու էլ ես վարակվում էնտուզիազմով։ Բանվորները կարող են մեկ օրում ահռելի դեկորացիաներ մոնտաժել, հիմնովին փոխել բեմը, իսկ մեզ մոտ, օրինակ, դեկորացիան հավաքելու համար ամիսներ էին պահանջվում։ Իհարկե, մեծ դեր են խաղում ֆինանսները, քանի որ օպերա բեմադրելը ծախսատար է։ Ոչ մի երկրում օպերային թատրոնը եկամտի աղբյուր չի լինում, թատրոնները միշտ դոտացիայի վրա են լինում։ Բայց երբ ես 2 տարի առաջ մեկնեցի Շվեյցարիա, Հայաստանում կային «Նորման», «Կարմենը», «Տրավիատան»։ Շատ ափսոս, որ հիմա դրանք խաղացանկից դուրս են մնացել։ Ընդհանրապես մեր օպերային թատրոնը չի աշխատում այն համակարգով, որով աշխատում են բոլոր օպերային թատրոնները։ Աշխարհում ընդունված է, որ բեմադրությունը պետք է մեկ սեզոն ցուցադրվի (օրինակ՝ ամսական 8-10 անգամ), իսկ հետո նրա կյանքն ավարտվում է։ Օպերան երբեք տարիներ շարունակ չի ապրում, եւ երբ ավարտվում է սեզոնը, դեկորացիաները վաճառվում են կամ էլ ուղղակի թափվում են։ Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ սոլիստները նույնպես հրավիրված երգիչներ են լինում, որոնք իրենց սեփական պայմանագրերով ու գրաֆիկներով են ուղղորդվում։ Իսկ մեզ մոտ օպերաները նույնությամբ ցուցադրվում են, եւ նրանց մեջ ոչինչ չի փոխվում։ Շատ ուրախալի է, որ մեր ֆիլհարմոնիկ նվագախումբն է մեկ-մեկ կարողանում օպերաների համերգային տարբերակները ներկայացնել։ Երեւի ավելին անել դեռ չի ստացվում։

– Զարմանալի է, որ մենք միջազգային մակարդակ ունեցող փայլուն երգիչներ ունենք, սակայն օպերա չունենք։

– Այսօր օպերան շատ է փոխվել ու հարստացել։ Նախեւառաջ, ռեժիսորներն ավելի մեծ կարեւորություն են ձեռք բերել, քան դիրիժորները։ Օպերայում գլխավոր «որոշողները» հիմա ռեժիսորներն են, եւ նրանք, որպես կանոն, գերադասում են հրավիրել գեղեցիկ, դերասանական շնորհ ունեցող ու ճկուն երգիչների։ Օպերային բեմադրության մեջ առաջին պլանում հայտնվել է շոուն, խաղը, այլ ոչ թե սոսկ վոկալ տաղանդը, երգեցողությունը։ Ճիշտն ասած, հենց հանդիսատեսը չի բավարարվում միայն վոկալով, նա գերադասում է գեղեցիկ ցուցադրություն դիտել։ Ժնեւում, օրինակ, վերջերս շատ հաջող օպերա բեմադրվեց։ Այն կոչվում է «Դիվային եռապատում» եւ միավորում է «Ֆաուստը», Գոֆմանի հեքիաթների հիման վրա գրված օպերաները։ Դա իսկական օպերային շոու է, որտեղ հարուստ, շարժական դեկորացիաներ կան, բեմի վրա կենդանի ագռավներ են թռչում, մերկ կանայք են պարում։ Այդ ներկայացումը ցնցեց հանդիսատեսին ու շատ մեծ հաջողություն ունեցավ։ Օպերան ինքնին սինթետիկ արվեստ է, իսկ «Դիվային եռապատումը» կարծես ամեն ինչն էր սինթեզել։ Դա միաժամանակ ֆիլմ, թատրոն ու դիզայներական աշխատանք էր։

– Կարծում եմ` ծանոթանալով Երեւանի երաժշտական ֆոնի հետ, արդեն հասցրել եք համոզվել, թե որ երաժշտական ուղղությանն ենք մենք նախապատվություն տալիս: Ինչպե՞ս կարելի է գովազդել լավ արվեստը:

– Շվեյցարացիները իրականում տաղանդավոր ազգ չլինելով՝ կարողացել են արվեստին շատ մեծ կշիռ հաղորդել։ Ժնեւում տրամվայում տեղադրված էկրանների վրա, օրինակ, կարելի է միայն դասական երաժշտություն լսել։ Դա ընդամենը մի մասն է այն ծրագրի, որը իրականացնում է պետությունը՝ գովազդելով պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերան ու շվեյցարական թանգարանները։ Այդ գովազդն այնքան շատ ու մտածված է, որ շվեյցարացիների աչքից արվեստի որեւէ արժեքավոր իրադարձություն չի վրիպում։ Օրինակ, երբ ես պետք է բանկային քարտ ստանայի, զարմանքով նկատեցի, որ մինչ քարտը ստանալը, ինձ մի քանի անգամ ուղարկեցին Վան Գոգի նկարների բացիկները։ Սկզբում ես տարակուսում էի, թե ինչ կապ կա բանկի ու Վան Գոգի միջեւ, հետո պարզեցի, որ այդ բանկը ֆինանսավորել է Վան Գոգի նկարների ցուցահանդեսը ու համարում է, որ դա իր համար ամենալավ գովազդն է։ Յուրաքանչյուր մարդ, որը բանկային օպերացիա էր կատարում, անպայման էկրանին Վան Գոգի որեւէ նկար էր տեսնում։ Իհարկե, դա փոքր դետալ է, բայց այն նպատակային է օգտագործվում։

– Ամեն դեպքում նման գովազդի պատվերը կարող է տալ միայն պետությունը։

– Կարծում եմ, այո։ Շվեյցարիայում արվեստի «PR»-ն այնքան երկար է արվել, որ մի քանի արվեստասեր սերունդ է մեծացել։ Գերմանիայում, օրինակ, յուրաքանչյուր տաքսու վարորդ իր մեքենայի մեջ միայն դասական երաժշտություն է լսում։ Եվ դա շատ բնական է դիտվում։ Իսկ դասական երաժշտություն լսող մարդը միշտ էլ ավելի կիրթ ու շփման մեջ հաճելի է լինում։

– Համոզված եմ, որ եթե մեր տաքսիների մեջ, ասենք, Վիվալդի լսեն, ուղեւորները կխնդրեն փոխել երաժշտությունը։

– Դա ցավալի է, բայց դրա պատճառը նրանում է, որ մարդիկ մանկուց այլ երաժշտություն են սովորել լսել։ Իսկ Եվրոպայում դրա վրա երկար տարիներ աշխատել են։ Իմ աղջկա դպրոցում, օրինակ, աշակերտներին միշտ տանում են թանգարաններ, դասական երաժշտության կատարումների ձայներիզներ են նվիրում։ Եվ եթե ականջակալներով երաժշտություն լսող երիտասարդների հավաքածուն ստուգես, անպայման երկրորդ կամ երրորդ CD-ն Մոցարտ կամ Չայկովսկի կլինի։ Հասկանում եմ, որ դա դժվար խնդիր է, բայց Եվրոպայում այն լուծելու համար իսկապես մեծ աշխատանք է արվում։ Մարդկանց, առավելեւս՝ երիտասարդներին, կրթել է հարկավոր։ Գոնե պարտադրելով կարելի է հասնել նրան, որ մարդիկ ճանաչեն լավ արվեստը։ Սիրելը, դիտելը կամ լսելը հետագայի գործ է, սկզբում գոնե ծանոթանալ է պետք։

– Մեզ մոտ, նույնիսկ պետական միջոցառումների ժամանակ, հիմնականում տեղայնացված փոփ երգիչները կամ ռաբիսի ներկայացուցիչներն են երեւում։ Մինչդեռ նրանցից ոչ մեկը աշխարհում այնքան ճանաչված չէ, որքան մեր օպերային երգիչներն ու երաժիշտները։

– Իհարկե, շատ ցավալի է, որ հիմա նրանք են դարձել միակ հայկական «աստղերը»։ Իսկ Հասմիկ Պապյանին, օրինակ, ով աշխարհում շատ բարձր մակարդակով ներկայացնում է հայ ազգը, Հայաստանում քչերն են ճանաչում։ Հայաստանի կառավարությունը երեւի այն արվեստի «PR»-ն է անում, որը բարձր է համարում։

– Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը հաճախ են ասում, որ եթե հայրենիքում լավ նախագիծ լինի, իրենք կփոխեն իրենց աշխատանքային գրաֆիկներն ու սակավ հոնորարով ելույթ կունենան Հայաստանում։

– Ինձ թվում է, որ բոլորը կգան ու անշահախնդիր որեւէ պրոյեկտի կմասնակցեն։ Ես հաճախ եմ շփվում Կարինե Բաբաջանյանի ու Ջուլիետ Գալստյանի հետ, ու գիտեմ, որ մենք բոլորս էլ, թեկուզ` անվճար, պատրաստ ենք հայկական մի նախագծի մասնակցել։ Մեզ իսկապես շատ է հուզում այն հարցը, թե ինչպես կարելի է օգտակար լինել Հայաստանին: Բայց դրա համար օգտագործել ցանկացողներ են պետք։

– Հիմա մեր օպերային թատրոնում գեղարվեստական խորհուրդ է ստեղծվել։ Այն կարո՞ղ է ճիշտ որոշումներ ընդունել։

– Խորհուրդը լավ բան է, եթե նրա անդամները կոմպետենտ են։ Ես չգիտեմ, թե ովքեր են նրա կազմում։

– Ես, օրինակ, զարմանում եմ, թե ինչո՞ւ այդ խորհրդի կազմում չկան Հասմիկ Պապյանը, Բորիս Հայրապետյանը կամ էլ Դուք։

– Ես իմ բնույթով ավելի շուտ կատարող եմ, քան ստեղծագործող կամ կազմակերպիչ եմ։ Եվ այդ պատճառով էլ չեմ կարող խորհուրդներ տալ կամ քննադատել։ Բայց կարող եմ վստահ ասել, որ Հասմիկ Պապյանը թատրոնի հիանալի ղեկավար կլիներ։ Նա հոյակապ Մշակույթի նախարար էլ կարող է լինել, քանի որ, բացի նրանից, որ փայլուն երգչուհի է, նաեւ՝ բանիմաց կազմակերպիչ է։ Համոզված եմ, որ եթե նա նախարար լիներ, բոլորս կշահեինք, քանի որ նա ունակ է ճիշտ փոփոխություններ անել։ Կարծում եմ, որ այդ օրն էլ կգա։

– Իսկ ճիշտ կլինի՞, եթե մեր Օպերային թատրոնը սկսի փոքր էքսպերիմենտալ, ժամանակակից ներկայացումներ անել։

– Օպերային արվեստում հիմա հստակ տենդենց կա. շատերը փորձում են դասական օպերաների գործողությունը մեր օրեր տեղափոխել, եւ դա ընդգծում են հագուստով, դեկորացիաներով։ Կարծես ուզում են ապացուցել, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում, էմոցիաները, սերը, ատելությունը նույնն են։ «Տրուբադուրներ» օպերան, օրինակ, բեմադրվել էր այնպես, կարծես ամեն բան կատարվում է 1930-ականների Իսպանիայում։ Այդ ներկայացումը շատ հաջող կյանք ունեցավ։

– Հնարավո՞ր է Անուշին, ասենք, դարձնել ինտերնետի դարի դեռահաս։

– Դա մեծ ռիսկ է, քանի որ պետք է շատ ճիշտ ու համոզիչ անել, եթե փոքր-ինչ շեղես շեշտերը, ծիծաղելի կլինի։ Ինչպես հայտնի է՝ մեծից մինչեւ ծիծաղելին ընդամենը մեկ քայլ է։

Լավ կլիներ, որ մենք գոնե մեր հին ներկայացումները վերականգնեինք, ես, օրինակ, շատ էի սիրում Տիգրան Լեւոնյանի «Անուշը»։ Նաեւ մեծ հաճույքով կմասնակցեի «Կարմեն» օպերայի բեմադրությանը, քանի որ այդ դերն ինձ հարազատ է։ Բեմն ընդհանրապես կախարդական երեւույթ է, եւ բեմի վրա ինքնարտահայտվող դերասանի համար բեմից հրաժարվելը հիվանդության սկիզբ կարող է դառնալ։

– Իսկ ինչպիսի՞ նոր կերպարներ եք ստեղծելու մոտ ժամանակներում։

– Հիմա Ժնեւում «Պոմպեայի թագադրումը» օպերան ենք փորձում։ Այդ ներկայացումը սեպտեմբերին կմասնակցի ֆրանսիական Ամբրոնե քաղաքի փառատոնին, որտեղ ներկայացվում է բարոկկո երաժշտությունը։ Դա շատ հետաքրքիր ներկայացում է լինելու, ես միանգամից 2 դերերգ եմ երգելու՝ Օկտավիայի ու կայսր Ներոնի։ Մի զարմացեք, այդ դերը հատուկ մեցցո-սոպրանոյի համար է գրված, իսկ օպերայում ընդունված է, որ երիտասարդ տղամարդկանց դերերը երգում են կանայք։ Ես միշտ ավելի դրամատիկ դերեր եմ նախընտրում, թեեւ իմ ձայնը ավելի թեթեւ, կոլորատուրային տեխնիկա պահանջող դերերգերի համար է հարմար։ Իսկ Ներոնը շատ արտառոց ու աբստրակտ դեր է, որի մեջ կարծես ամեն ինչ կա։ Ներոնը մի մարդ է, որը դաժան ու ուժեղ է, սակայն միաժամանակ՝ դեռ չկազմավորված, միամիտ անձնավորություն է։ Ներոնը կարծես իր կյանքը թատրոն է դարձրել։ Դա շատ կոնտրաստային դեր է, եւ դա ինձ շատ է գրավում։ Ընդհանրապես ինձ մոտ ավելի հաջողված են ստացվում հենց տղամարդկանց կերպարները՝ Ռոմեոն, Քերուբինոն «Ֆիգարոյի ամուսնությունից» եւ այլն։ Ես տղամարդկանց դերերգերից կազմված մի ամբողջ համերգ եմ երգել: Սիրում եմ կոնտրաստների հետ խաղալ:

– Կարելի՞ է ասել, որ հայաստանցիների ու եվրոպացիների երաժշտական ուսուցման պրոցեսում կոնտրաստը մեծ է:

– Ես հիմա սկսել եմ Ժնեւի Կոնսերվատորիայում մանկավարժություն ուսանել, ու շատ հետաքրքիր բաներ եմ ինքս ինձ համար բացահայտում։ Մեզ մոտ հիանալի բազա կա, բայց տարրական բազայից հետո սկսվում է դատարկությունը։ Իսկ Շվեյցարիայում հակառակն է՝ հիմք չկա, բայց նրանք կարողանում են վերցնել անմշակ ալմաստներն ու դրանցից փայլատակող ադամանդներ են սարքում։ Կարող են նույնիսկ սովորական ապակին այնպես մշակել, որ այն Սվարովսկու զարդ է դառնում։ Իսկ մարդիկ հիմա գերադասում են Սվարովսկու զարդ ունենալ, այլ ոչ թե անմշակ ադամանդ։ Մշակելը շատ կարեւոր է։ Մեր «հումքը» հիմա հղկվում է արտասահմանում, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հո չի՞ կարելի մարդկանց փակի տակ պահել։ Տարիներ շարունակ Սովետը հենց դա էր անում, եւ ինչի՞ հասավ… Մարդիկ պետք է գտնեն իրենց տեղը, իրենց պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնեն։ Շվեյցարիայի Կոնսերվատորիաներում հիմա շատ հայեր են սովորում, եւ դա միայն օգնում է նրանց։ Ժնեւի միջին Կոնսերվատորիան ղեկավարում է Հայաստանից եկած Եվա Խաչատրյանը, եւ նա փորձում է հատուկ ծրագրերով համագործակցել Երեւանի Կոնսերվատորիայի հետ: Եվ դա ողջունելի է:

– Կարծում եմ, որ արտասահմանյան կրթությունը շատ լավ «ֆիլտր» է՝ մեր լավագույններին ճանաչելու համար։ Հո չի՞ ստացվի ծանոթությամբ լավ երաժիշտ դառնալ։

– Իտալիայում, որտեղ ես որոշ ժամանակ աշխատել եմ, երաժշտական «մաֆիայի», կաշառք տալու տարրերը նկատվում էին։ Ագենտներն, օրինակ, կարող են դերն առաջարկել այն արտիստին, որը կիսվում է իրենց հետ։ Բայց Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում դա անհնար է, մարդկանց հոգեբանությունն այնտեղ բոլորովին այլ է։ Նրանց ազնիվ ու անկաշառ է դարձրել հենց օրենքի ուժը, ճիշտ կլինի ասել՝ օրինաց երկրի ավանդույթները։ Իսկ օրինապաշտությունը դատարկ տեղում չի ծնվում, դա երկարատեւ աշխատանքի արդյունք է: