«Ռենեսանս կապիտալի» նախագահ Իգոր Սագիրյանը, ով այդ պաշտոնում է 1999-ից, հուլիսի 6-ից զբաղեցնելու է «Ռենեսանսի» անմիջական մրցակից «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ հաղորդագրություն է տարածել «Ռենեսանս գրուպի» վարչության նախագահ Սթիվեն Ջենինգը: Ի դեպ, այս տեղեկությունը հաստատել է «Տրոյկա դիալոգի» ներկայացուցիչը` հավելելով, թե Սագիրյանը ընդգրկվելու է իրենց ընկերության վարչության կազմում: «Ես երկար տարիներ աշխատել եմ «Ռենեսանսում», ինչ-որ նոր գործով զբաղվելու ցանկություն կա: Ռուբեն Վարդանյանի հետ մենք վաղեմի ընկերներ ենք, եւ ես ընդունեցի նրա առաջարկը»,- նշել է Սագիրյանը: Նրա խոսքերով՝ «Տրոյկայի» նախագահի պաշտոնում նա զբաղվելու է հիմնականում հաճախորդների ներգրավմամբ, այդ թվում նաեւ՝ ներդրումային բանկերի գործարքներով` գործադիր տնօրեն Ժակ Դեր Մեգրեդիչյանի հետ համագործակցաբար, ինչպես նաեւ Պավել Տեպլուխինի հետ` ակտիվների կառավարման բիզնեսով: «Սագիրյանը շատ բան է արել «Ռենեսանսի» համար, բայց մենք հանգիստ ենք վերաբերվում կատարվածին, քանի որ անձամբ շահագրգռված ենք ուժեղ մրցակիցներ ունենալու մեջ»,- նշել է Ռուսաստանում «Ռենեսանս կապիտալի» վարչության նախագահ Ռուբեն Աղանբեգյանը: Նշենք, որ առաջիկայում ոչ ոք չի նշանակվելու թափուր պաշտոնին:
Ի դեպ, վերջին մեկ ու կես տարիների ընթացքում Սագիրյանը հիմնականում զբաղվել է սեփական նախագծերով: «Ես ճանաչում եմ Սագիրյանին՝ որպես ներդրումային բանկերի գործարքների հիանալի կազմակերպչի»,- նշել է միջազգային ներդրումային բանկի մենեջերը: «Սագիրյանը բարձրակարգ ներդրումային բանկիր է` հիանալի բիզնես հոտառությամբ, ինչպես նաեւ՝ լավ դիվանագետ»,- նշել է ռուսական UBS-ի տնօրենների խորհրդի անդամ Մարլեն Մանասովը` շեշտելով, թե «Տրոյկայի» բախտն այդ առումով բերել է: