Ամռանը դեմքի մաշկը պետք է խնամել՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները:
Յուղոտ մաշկին շատ լավ է սառը ջուրը կամ երիցուկի թուրմը:
Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում մաշկը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից եւ օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Պետք չէ թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, որովհետեւ ջրի գոլորշիացումից ջրազրկվում է նաեւ մաշկը: Ճարպոտ մաշկին շատ լավ օգնում է թրթնջուկով դիմակը: Վերցնել թրթնջուկի միջին չափի մի քանի թերթիկ եւ գդալով այն ճզմել ու ավելացնել 1 թարմ ձվի դեղնուց: Այս խառնուրդը քսել դեմքին բարակ թաղանթով, չորանալուց հետո քսել մյուս թաղանթը, չորանալուց հետո` երրորդ թաղանթը: 15 րոպե հետո դեմքը լվանալ ոչ ուժեղ թեյի լուծույթով:
Ճարպոտ մաշկը շատ հարմար է մաքրել եղինջով պատրաստված քսուքով: Դրա համար անհրաժեշտ է 1 բաժակ չոր եղինջի տերեւներին ավելացնել 1 բաժակ օղի ու 2 շաբաթ պահել հով եւ մութ տեղում: Քամել եւ ստացված հեղուկին ավելացնել 3 ճաշի գդալ եռջուր ու մաքրել դեմքը: Բոլոր տեսակի մաշկերին հարմար է եղինջով դիմակը: Այն պատրաստելու համար հարկավոր է 3 ճաշի գդալ չորացրած եղինջի տերեւների վրա ավելացնել մի փոքր եռջուր, այնքան, որ ստացվի շիլայանման զանգված ու ջրային գոլորշու վրա եռացնել 10-15 րոպե: Այնուհետեւ սառեցնել ու շերտ-շերտ քսել դեմքին: 15-20 րոպե պահելուց հետո դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:
Չոր եւ նորմալ մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ պատրաստել դիմակ դդումի հյութով: 1 ճաշի գդալ թարմ դդումի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 հատ թարմ ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր։ Այս ամենը լավ խառնել ու քսել դեմքին: 20 րոպե հետո այն լվանալ գոլ ջրով:
Խառը տիպի մաշկի սնուցման համար անհրաժեշտ է շաբաթը 3 անգամ դնել դիմակ խատուտիկի տերեւներով: Վերցնել խատուտիկի 3-5 տերեւ, մանր կտրատել ու փայտե գդալով լավ ճզմել: Այս հյութը խառնել 2 գդալ ոչ յուղոտ կաթնաշոռի հետ ու քսել դեմքին: 20 րոպե հետո դիմակը մաքրել թղթե անձեռոցիկով ու հետո դեմքին քսել թթու կաթ: