Ականջը հավասարակշռության օրգան է

01/07/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ականջը լսողության ու հավասարակշռության օրգան է, եւ նրա ֆունկցիաների մեջ են մտնում ձայնային ալիքների ընդունումն ու գլխի շարժումները: Ականջի ընդունող ապարատը շատ բարդ կառուցվածք ունի: Ականջախեցին արտաքին աշխարհից որսում եւ անցուղու միջոցով թմբկաթաղանթին է հաղորդում ձայնային տատանումները:

Լսողական խողովակում արտադրվում է նյութ, որը հարուստ է ծծումբով: Ծծմբային գեղձը արտադրում է բաց-շագանակագույն նյութ, որը կուտակվելով մգանում է միանալով մաշկի ճարպանյութին: Պետք է ասել, որ այն ունի պաշտպանական նշանակություն: Այս խողովակը վերջանում է թմբկաթաղանթով: Ինչ-ինչ պատճառներով թմբկաթաղանթը վնասվելու դեպքում լսողությունը թուլանում է: Առհասարակ լսողության թուլացման պատճառները կարող են տարբեր լինել: Նախ անհրաժեշտ է պարզել, թե ինչն է վնասված` ձայնը հաղորդո՞ղ, թե՞ ընկալող ապարատը: Լսողության սրացման նվազմանը հիմնականում նպաստում են թմբկաթաղանթի վնասվելը, թարախային քրոնիկական բորբոքումները, երկար ժամանակ խիստ աղմկոտ միջավայրում գտնվելը, ներքին ականջի ձվաձեւ պատուհանի թաղանթի կարծրացումը կամ ոսկրացումը` օտոսկլերոզը: Այս եւ նման հիվանդությունների հետեւանքով մարդն աստիճանաբար խլանում է: Իսկ երբ երեխան է մանուկ հասակում կորցնում լսողությունը, դառնում է նաեւ համր, որովհետեւ նա չլսելով` չի էլ խոսում:

Հաճախ լսողության վատացման պատճառ կարող է դառնալ միջին ականջի բորբոքումը: Միջին ականջի բորբոքումը կարող է լինել սուր եւ քրոնիկական: Դրա համար հիմնական պատճառ են հանդիսանում տարբեր քիթ-կոկորդային հիվանդությունների (անգինա եւ այլն) հարուցիչների ներթափանցումը եվստախյան խողովակ: Իհարկե, դրանք կարող են առաջանալ արյունատար եւ լիմֆատիկ ուղիներ հարուցիչների ներթափանցման շնորհիվ: Հիվանդության ախտանիշներն արտահայտվում են տարբեր ձեւերով: Այն հիմնականում ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ականջի ցավով: Այս դեպքում ականջից թարախային արտադրություն չի լինում: Նման բան կարող է լինել, միայն, եթե թմբկաթաղանթը պատռված է: Նման դեպքում անպայման անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնության: Այս հիվանդությունը նորմալ բուժելու դեպքում անհետեւանք կարող է անցնել: Իհարկե, խոսքը սուր բորբոքման մասին է: իսկ քրոնիկականի դեպքում բուժումը կարող է տեւել ամիսներ: Ինքնաբուժությունը այս դեպքում կարող է հանգեցնել առավել բարդությունների:

Լսողության հետ կապված փոփոխություններ կարող են նկատվել տարիքի հետ կապված: Տարեցները երբեմն չեն լսում դռան կամ հեռախոսի զանգը կամ պարզապես զրույցը չլսելով՝ չեն հասկանում, ինչի կասին է խոսքը: Սա տարիքային խլություն է, որը կարող է արտահայտվել տարբեր կերպ, ընդհուպ՝ մինչեւ լսողական ապարատ կրելը: Իհարկե, խլության պատճառ կարող է հանդիսանալ շարունակական բարձր աղմուկը, երաժշտությունը եւ այլն: Ձայնային վնասվածքի պատճառով ստացած խլությունը չի բուժվում:

Լսողության վատացման պատճառ կարող են հանդիսանալ ականջի մեջ մտած օտար մարմինները: Օրինակ` երեխաները բնավորություն ունեն խաղալիս ականջի մեջ ինչ-որ մի բան մտցնել` քար, փոքրիկ խաղալիք եւ այլն: Նման դեպքերում պետք չէ փորձել ինքնուրույն օգնություն ցույց տալ երեխային, քանի որ դրանով ավելի կբարդացնեք վիճակը` խորացնելով օտար մարմինը: Լսողությունը կարող է վատանալ նաեւ ծծմբային խցանումների պատճառով: Նման դեպքերում եւս չարժե ականջի մեջ մտցնել լուցկու հատիկ կամ մազակալ եւ այլն: Պետք է դիմել մասնագետի, որը ձեզ արագ կօգնի:

Ականջի բարդ հիվանդություն է օտոսկլերոզը, որը կարող է հանգեցնել լսողության իսպառ կորստյան, իսկ լսողությունը լավացնելու համար անհրաժեշտ է միայն վիրահատական միջամտություն:

Չինացիները գտնում են, որ ականջը մարդու օրգանիզմի փոքրացված նմանակն է, բայց ոտքերը դեպի վերեւ, այդ պատճառով էլ ականջաբլթակը համապատասխանում է գլխին: Իսկ ականջի մերսումը ընդունված է շատ ժողովուրդների բժշկության մեջ, այն բարենպաստ ազդեցություն է թողնում գլխի եւ ուղեղի վրա: Բոլորին հայտնի է, որ ականջաբլթակների ծակումը ականջօղեր հագցնելու համար կարող է լավացնել տեսողությունն ու լսողությունը, բայց կարող է եւ դրանք վատացնել` ամեն ինչ կախված է անցքերի տեղավորումից: