Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո «Գազպրոմն» Ադրբեջանի պետական նավթընկերության հետ պայմանագիր է ստորագրել ադրբեջանական գազի մատակարարման մասին: 2010թ. հունվարի 1-ից «Գազպրոմը» տարեկան 500 մլն խ/մ գազ է գնելու Ադրբեջանից: Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն կարող է ունենալ այդ պայմանագիրը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, հետեւաբար՝ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշման վրա: Այդ մասին հենց իրենք՝ ադրբեջանցիներն են ուղիղ տեքստով խոսում: Երեկ Մեդվեդեւի այցից առաջ ադրբեջանցի քաղաքագետ, հիմնականում իշխանական տեսակետներն արտահայտող Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է. «Բաքուն անվանել է ԼՂ-ի համար իր գինը, դա գազն է: Եթե ՌԴ-ն համաձայնի մեր առաջարկության հետ, ապա կարծում եմ՝ կարելի է այն կնքել: Սակայն ՌԴ-ն կարող է մեզ զիջել միայն 5-6 գրավյալ շրջան, իսկ ԼՂ-ի եւ Լաչինի միջանցքի հարցը կարող է հետաձգվել»: Ինչպես ասում են` տեղ հասանք: Ադրբեջանում առանց ավելորդ այլեւայլությունների ԼՂ հարցով բանակցում են ՌԴ-ի հետ: Այսինքն` գործնականում իրականացնում են այն, ինչի մասին ասել էր Ի. Ալիեւը այն բանից հետո, երբ ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովը հայտարարեց, թե «Հայաստանը ՌԴ-ի ֆորպոստն է տարածաշրջանում»: Իսկ «ՌԴ-ն կարող է մեզ զիջել միայն 5-6 գրավյալ շրջան» ձեւակերպումն արտահայտում է ինչպես ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում ՀՀ-ի իրական դերակատարությունը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքականության ողջ էությունը: Եվ ամենեւին պետք չէ զարմանալ, որ երեկ ռուսական մամուլը հեղեղված էր ՀՀ-ի մասին, բառի բուն իմաստով, «քլնգոցներով»: Դրանց հեղինակները ՌԴ Պետդումայի` քաղաքական գրեթե ողջ սպեկտրն արտահայտող պատգամավորներն են: Իսկ պատճառն այն է, որ ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանը Միխայիլ Սահակաշվիլիին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Այսինքն` ռուսներն ուղղակիորեն ՀՀ-ին ասում են` «չափդ ճանաչիր»: Ու երբ այս իրադարձությունների համատեքստում դիտարկում ենք Մեդվեդեւի երեկվա այն հայտարարությունը, թե «ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ԼՂ-ի հակամարտության կարգավորման շրջանակներում առաջշարժումը շարունակվի», ապա հերթական անգամ ստիպված պետք է արձանագրենք, որ եկել է «ռուս բարեկամներից քաշվելու» հերթական պատմական պահը: Սակայն այդ հարցում ռուսներին մեղադրելը, մեղմ ասած, սխալ կլինի: ՀՀ իշխանությունները վերջին 10 տարիներին ՀՀ-ում հաստատված «կայունության» համար ամեն ինչով պարտական են ռուսներին, եւ այսօր եկել է պարտքերը վճարելու ժամանակը: Ցավոք` արդեն ոչ գույքով: