2008թ. նախագահական ընտրությունների արդյունքում քաղբանտարկյալ դարձած գործիչների մի մասին ազատ արձակելու նպատակով հայտարարված համաներումն առիթ դարձավ հիշելու նաեւ նախկինում քաղաքական հետապնդումների ենթարկված գործիչների մասին: Խոսքը վերաբերում է մասնավորապես գրող, հրապարակախոս,
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին, ով հետախուզման մեջ է եւ, ըստ էության, արտաքսված է Հայաստանից արդեն 9 տարի:
Հայաստանի նախկին ու ներկա քաղաքական իրողությունների համատեքստում, իհարկե, միամտություն կլիներ սպասել, որ հունիսի 19-ի համաներման որոշման հոդվածների շարքում իշխանությունները կընդգրկեին նաեւ այն հոդվածը, որով «մեղադրվում է» Վանո Սիրադեղյանը: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ դա, ինչպես բազմիցս նշվել է, ոչ թե իրավական խնդիր է, այլ բացառապես քաղաքական: Ճիշտ այնպես, ինչպես Վ. Սիրադեղյանի դեմ քրեական հետապնդում սկսելու որոշումը: Մյուս կողմից՝ խնդիրը նաեւ մարդկային հարաբերությունների դաշտում է: Այսօր թե իշխանության, թե ընդդիմության շարքերում կան տասնյակ պաշտոնյաներ ու գործիչներ, որոնք իրենց ներկայիս կարգավիճակի համար պարտական են Վ. Սիրադեղյանին, ժամանակին եղել են նրա ընկերները, գործընկերներն ու ենթակաները, սակայն նրա նկատմամբ սկսված հետապնդումից հետո իրենց «ճիշտ չեն պահել»: Այսինքն` այսօր Հայաստանի պետական ու քաղաքական դաշտում բազմաթիվ են այնպիսի գործիչները, որոնց համար Վ. Սիրադեղյանի բացակայությունն ավելի «հարմար» է: Հասկանալի պատճառներով` որոշ մարդկանց մոտ դա նաեւ բարդույթ է առաջացնում եւ շատերը հենց դրանով էին բացատրում նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի կողմից Վ. Սիրադեղյանի ծննդավայր Կոթիի «պատվավոր քաղաքացի» դառնալը: Հավանաբար, նաեւ այդ բարդույթն է պատճառը, որ Վ. Սիրադեղյանի ընկերներից ու գրչընկերներից շատերն այս թեմայի հետ կապված մեկնաբանություն ստանալու մեր խնդրանքին ի պատասխան՝ լավագույն դեպքում անմիջապես հիշում էին, թե, ասենք, ուսանողական տարիներին, երբ նա վատ պայմաններում էր ապրում, ինչով են օգնել նրան: Իսկ բազմաթիվ քաղաքական գործիչների ու մտավորականների շրջանում Վ. Սիրադեղյանի մասին մեր հարցերը ուղղակի մնացին անպատասխան: Շատերը խուսափում էին նրա մասին խոսելուց, ասելով, թե չեն տիրապետում նրա դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին (թեեւ մեր հարցերն ամենեւին այս խնդրի իրավական կողմին չէին վերաբերում): Հատկապես զարմանալի էր ժամանակին Սիրադեղյանին իրենց տաղանդավոր գրչակից մեծ ընկերը համարող ու ներկայումս քաղաքական գործիչ դարձած գրողների կեցվածքը: Նրանք, հավանաբար, ինչ-որ բան հաղթահարել չկարողանալով թեկուզ, քննադատաբար չէին խոսում Վ. Սիրադեղյանի մասին: Իսկ ընդհանրապես բոլորին անակնկալի բերեց Վ. Սիրադեղյանի մասին հիշեցումը:
1999թ. երբ Վ.Սիրադեղյանը հայրենի Նոյեմբերյանի շրջանում առաջադրել էր իր թեկնածությունը ԱԺ ընտրություններում, առաջադրվել էր նաեւ Գրողների Միության ներկայիս նախագահ Լեւոն Անանյանը, ով ծագումով նույն շրջանից է եւ այն ժամանակ դեռ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Այդ ընտրատարածքում շատ թեկնածուներ էին գրանցված, բայց Վ. Սիրադեղյանի առաջադրվելուց հետո մեծ մասը դուրս եկավ ընտրապայքարից: Լ.Անանյանը դուրս չեկավ: Այնպես, ինչպես դա արեց 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, որպեսզի մյուս թեկնածուների ձայները փոշիացնի եւ օգնի գործարար Հրանտ Վարդանյանի որդու` Միքայել Վարդանյանի հաղթանակին: «Երբ Վանո Սիրադեղյանը ուսանող էր եւ սոցիալական ոչ էնքան նպաստավոր պայմաններում էր, ես էդ ժամանակ «Մանկավարժ» թերթի խմբագիրն էի: Եվ մենք միասին աշխատել ենք 2 տարի: Նույնիսկ խորհրդային հասարակարգի համար դա մեծ ապօրինություն էր, որովհետեւ ուսանողներին խորհրդային տարիներին չէին հրամանագրում որեւէ աշխատանքի: Հետո Վ. Սիրադեղյանն անցել է իր ճանապարհը, ես՝ իմ ճանապարհը,- այս թեմայի հետ կապված սա էր Լ.Անանյանի ասելիքը` ավելացված ոչինչ չասող բառացի հետեւյալ տողերով,- Ես պիտի ասեմ, որ ուզած հարց, եթե մենք չպիտի վստահենք, թե իշխանությունը, օրենքը եւ արդարադատությունը ամեն ինչ ստույգ եւ ճշգրիտ են անում, ուրեմն բոլորս պետք է հավաքենք մեր իրերը ու գնանք արտասահման: Քանի որ չեմ հավաքել իրերս եւ ապրում եւ հնարավորինը անում եմ մեր երկրի ու պետականության կայացման համար, ես ուզում եմ, որ այդ հարցը ոչ թե անհատները, ոչ թե մտավորականները լուծեն, այլ լուծվի օրենքի ճշգրիտ տառն ու ոգին պահպանելու սահմանով»:
Գրող, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը չցանկացավ խոսել այդ թեմայի շուրջ: «Ես հիմա հեռու եմ, սարերում, ու ընդհանրապես չեմ ուզում հարցերի պատասխանել»,- ասաց նա: «Պետության տերերից մեկն էր, քաղաքական հալածյալը` մի քիչ շատ է, չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել: Ես ընդհանրապես «համաներում» բառը չեմ հասկանում, բայց ներումը հասկանում եմ: Այս թատրոնը ինձ դուր չի գալիս: Վանոն համաներումի մեջ չի մտնում, մտնում է ներումի մեջ: Բայց ես կուզենայի, որ Վ. Սիրադեղյանին մարտիրոս չդարձնեին, ինքը շնորհքով մարդ է: Եվ եթե կարելի էր` նրան ներեին: Ես ձեզ որպես քաղաքական գործիչ չեմ պատասխանում, սովորական մարդու տեսանկյունից նայելով մտածում եմ, որ մեր իշխանությունները, նախագահը Վանոյին որպես տաղանդավոր գրողի պիտի ներեին: Եթե Վանոն ինքն իրեն վերագրված հանցանքների 1 տոկոսն էլ կատարել է, եթե կարողանա դա իրեն ներել, ուրեմն ամեն ինչ ճիշտ է»,- ասաց մեկ այլ դաշնակցական գրող, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
Վանո Սիրադեղյանի մասին չցանկացան խոսել իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ասացին, թե հարցի մանրամասներին չեն տիրապետում, այդ պատճառով էլ չեն ուզում կարծիք ասել: Իսկ այն մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, ցանկացան կամ համարձակություն ունեցան խոսել Վանո Սիրադեղյանի մասին, գրեթե համակարծիք էին իրենց գնահատականներում: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վստահաբար ասաց, որ Վ. Սիրադեղյանը քաղաքական հալածյալ է. «Ես կուզեի, որ Հայաստանում երբեւէ չլինեին քաղհալածյալներ` ոչ հին եւ ոչ էլ նոր: Ըստ էության, այսօր, երբ խոսում ենք համաներման մասին, նկատի ենք ունենում ընտրական եւ հետընտրական պրոցեսների ընթացքում ձերբակալված կամ հալածված մարդկանց: Բայց դա դեռ չի նշանակում, որ նախկինում հալածյալներին եւ դատապարտյալներին մենք չենք հիշում: Օրինակ` Արման Բաբաջանյանին, Մուրադ Բոջոլյանին: Այս համատեքստում` նաեւ Վանո Սիրադեղյանին, ով իսկապես քաղհալածյալ է: Այս իմաստով ես կուզենայի, որ բոլոր հալածյալները հնարավորություն ունենան վերադառնալ իրենց դեմոկրատականացված հայրենիք: Այս համաներման տեքստը գրելուց, կարող եմ ասել, որ ամեն ինչ արել են, որ հնարավորինս շատ մարդ շարունակի մնալ բանտերում: Քաղհալածյալների վերադարձը կարող է դառնալ կալանավորում, այդ պատճառով էլ նրանք շարունակում են թաքնված մնալ»:
«Այս համաներումը Վանո Սիրադեղյանի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: «Վանո Սիրադեղյանին ես համարում եմ քաղաքական հալածյալ եւ մեր լավագույն արձակագիրներից մեկը, ում գրականության հանդեպ ունեմ խորը հարգանք»,- ասաց հայտնի արձակագիր Լեւոն Խեչոյանը:
«Վանոյի մասին այս վերջին համաներման առիթով խոսելն անձամբ ինձ համար այնքան էլ հաճելի չէ, որովհետեւ իր այս ժամանակավոր ու հարգելի բացակայության ընթացքում ինձ ավելի շատ հետաքրքրել է, թե ինքը` Վանոն ո՞ւմ ներած կլինի եւ ո՞ւմ` ոչ. իր հակառակորդներից ու համախոհներից, իր թշնամիներից ու գաղափարակիցներից, ինչպես նաեւ` իր գրչակիցներից: Վանոն բնությունից ու էությամբ արվեստագետ ու գրող է եւ ճակատագրի ու դեպքերի բերումով` քաղաքական ու պետական գործիչ, եւ երկու դեպքում էլ` ազդեցիկ ու աննախադեպ անհատականություն: Վանոյին բավական մոտիկից ճանաչելով եւ բավական լավ պատկերացնելով, թե ինքն իրեն ինչքան վատ է զգում քաղաքական վտարանդիի կարգավիճակում` Հայաստանից ու հարազատներից հեռու, այդուհանդերձ, ինձ համար հեչ պարզ չէ` իրեն մեզանից հեռացնելով՝ մե՞զ ենք ավելի պատժել, թե՞ իրեն, եւ իրեն վերադարձի հնարավորություն ընձեռելով` ի՞նքն է ավելի շահելու, թե՞ մենք»,- ասաց բանաստեղծ Արմեն Շեկոյանը:
«Վանոյի մասին ես չեմ կարող այսպես միանգամից կարծիք ասել: Ես կարող եմ նրա մասին վիպակ գրել կամ հարցազրույց տալ»,- ասաց մեկ շաբաթ առաջ կալանքից ազատված քաղբանտարկյալ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը, մասնավորապես Հայ Ազգային կոնգրեսը քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ հետապնդումը դադարեցնելու պահանջների մեջ չի ներառում նաեւ Վ.Սիրադեղյանի անունը: «Այդ նույն հարցն ինձ մոտ էլ է առաջացել մի երկու օր առաջ»,- ասաց ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը, ում հետ այս թեմայով զրուցել ենք անցած շաբաթ: «Մինչեւ հիմա մենք խոսել ենք կոնկրետ քաղբանտարկյալների մասին, որովհետեւ դա եղել է ամենածանր խնդիրը: Բայց հիմա հաշվի առնելով, որ քաղբանտարկյալների խնդիրը ոնց որ թե կամաց-կամաց լուծվում է, իսկապես պետք է մտածենք նաեւ հալածյալների մասին: Սկզբնական շրջանում մենք վեճեր ունեցանք, շատերը համարում էին, թե քաղբանտարկյալ պետք է համարենք նաեւ նրանց, ովքեր հալածվում են: Բայց հետո որոշեցինք, որ դա ճշգրիտ տերմին է, որ քաղբանտարկյալ նշանակում է՝ կոնկրետ ազատազրկված, իր քաղաքական հայացքների համար բանտարկված: Հիմա, բնականաբար, արդեն պետք է մտածենք նաեւ հալածյալների մասին: Եվ իմ մտքով էլ է անցել, որ Վանո Սիրադեղյանին էլ այդ ցուցակի մեջ մտցնենք, այդ հարցերը սկսենք բարձրացնել: Այդ հարցը ամբողջ սրությամբ հիմա նոր ենք դնելու»,- նշեց նա:
ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն, Վ. Սիրադեղյանին քաղաքական հալածյալների շարքում ընդգրկել-չընդգրկելու հարցը համարում է «առնվազն ծիծաղելի»: «Բոլորի համար հստակ է, որ Վ. Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է: Բոլորի համար հստակ է, որ ավելի մեծ հաշվեհարդար, քան Վ. Սիրադեղյանի հետ արեցին, ՀՀ նորագույն պատմության ընթացքում (բացառությամբ հոկտեմբերի 27-ի), չի եղել: Եվ ակնհայտ էր, որ նրա դեպքում կար վերին աստիճանի չարության դրսեւորում, քաղաքական պրոցեսներից դուրս` մարդկային հարաբերությունների հարթության մեջ: Հավանաբար, շատ դժվար էր որոշ մարդկանց համար հանդուրժել Վ.Սիրադեղյանի նման քաղաքական գործչի ներկայությունն ու առկայությունը: Վանոյի համար էլ շատ դժվար էր շրջանցել շատ հարցեր, որովհետեւ նա ի զորու էր դրանք բարձրացնել եւ նպատակին հասցնել,- ասում է Խ. Քոքոբելյանը` ավելացնելով,- Ես վստահ եմ, որ Վ. Սիրադեղյանի ներկայությունը այս նոր շարժմանը լրիվ ուրիշ որակ կտար: Երբեմն խոսում են, որ պրոցեսները կախված չեն անհատներից, ես այդ մոտեցումը չեմ կիսում: Եվ Սիրադեղյանն ի զորու էր քաղաքական պրոցեսներին նոր որակ տալ»: Այդուհանդերձ, ըստ ՀՀՇ փոխանախագահի, Վ. Սիրադեղյանի վերադարձը պայմանավորված չէ միայն ընդդիմության ցանկությամբ: «Շատ լավ կլիներ, որ այդ հարցը միայն ընդդիմության ցանկությամբ լուծվեր: Սակայն նրա խնդիրը պետք է լուծվի ընդհանրապես իշխանության կողմից, բայց ընդհանուր առմամբ հասարակության կողմից: Դա հասարակական մեծ հնչեղություն ունեցող խնդիր է: Նրա խնդիրը, թող ինձ ներեն բոլորը, չի կարելի դիտարկել բոլորի հետ նույն հարթության մեջ: Վ. Սիրադեղյանի դեպքն առանձնահատուկ դեպք է: Հատկապես ընդդիմադիր գործիչները պետք է լավ հասկանային, որ Վ.Սիրադեղյանով Հայաստանում սկսվեց քաղաքական տեռորը»,- նշեց Խ.Քոքոբելյանը: