«Այբ». սա սկիզբն է

30/06/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Դավի՛թ, միջնակարգ կրթական համակարգը Հայաստանում իրատեսները գնահատում են որպես աղետալի: Սա, թերեւս, այն եզակի ոլորտն է, որի շուրջ լավատեսական դիտարկումներ համառորեն չեն հնչում: Դպրոցի տված գիտելիքներով եւ ուսուցչական այն կազմով, որ այսօր ունենք, դժվար է լուրջ կրթություն ստանալ: Այս թերի համակարգը շտկելո՞ւ փորձ են «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերը:

– «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է կրթության շնորհիվ իրենց կյանքում լուրջ հաջողությունների հասած մարդկանց կողմից, ովքեր վստահ են` կրթությունը թերեւս միակն ճանապարհն է, որի միջոցով կարելի է լուրջ փոփոխությունների հասնել թե՛ անհատի, թե՛ հասարակության կյանքում: Իսկ հիմնադրամի ստեղծման նպատակն է՝ փոփոխություններ իրականացնել կրթության ոլորտում: Առայժմ նախապատվությունը տրվեց դպրոցական կրթությանը: «Այբի» ծրագրերը կարելի է բնորոշել այսպես` օրինակելի մոդելների ստեղծում:

– Օրինակելի մոդելներն այլ երկրներում հաջողությամբ կիրառված կրթական նախադեպե՞րն են, թե՞ հիմնադրամի կողմից մշակված եւ մեր իրականությանը համապատասխանեցված նոր ծրագրերը:

– Հայաստանի կրթական համակարգի դեպքում երկու տարբերակ կար` կա՛մ ընտրում ենք կրթության զարգացման մեկ մոդել, քանդում ողջ համակարգը եւ կառուցում նորն` ըստ այդ նոր մոդելի: Մյուսը` փորձում ենք ստեղծել մոդելներ, որոնք իրենց կյանքի ընթացքում կապացուցեն կենսունակ կամ ոչ կենսունակ լինելը: Մենք ընտրել ենք երկրորդ տարբերակը: Տեսեք, օրինակ՝ ինչպե՞ս կարող է երեխան սովորել ֆիզիկա կամ քիմիա, եթե չունի անձամբ փորձ կատարելու հնարավորություն: Նպատակ դրեցինք ստեղծել դպրոցական ուսումնական լաբորատորիաներ, որոնք թույլ կտան երեխաներին` ստանալ խորացված ուսուցում: Եվ ստեղծեցինք առաջին «ԱյբԼաբ» լաբորատորիաները` Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում` ֆիզիկա եւ քիմիա առարկաներից: Եվ այսօր արդեն քաղում ենք այդ նախաձեռնության պտուղները: Օրինակ` Չեխովի անվան դպրոցը ոգեւորվեց լաբորատորիաների մեր մոդելով, եւ այժմ մենք այդ դպրոցի հետ համատեղ ծրագիր ենք իրականացնում:

– Դուք մասնագիտությամբ ֆիզիկո՞ս եք:

– Ես ավարտել եմ ֆիզմաթ դպրոցը, սակայն մասնագիտությամբ տնտեսագետ եմ:

– Եթե հիշում եք Ձեր ուսումնառության տարիները, լաբորատորիաներն այնքա՜ն աղքատիկ էին: Թույլ եմ տալիս ենթադրել, որ ավելի աղքատիկ էին երեւի այն դպրոցի լաբորատորիաները, որն ավարտել էր, օրինակ, Էյնշտեյնը: Ի՞նչ եք կարծում, ամենեւին չնսեմացնելով հագեցած լաբորատորիաների դերը, արդյո՞ք ֆիզիկա, քիմիա առարկաների հանդեպ հետաքրքրությունը կարող են պայմանավորել լաբորատորիաները:

– Ձեր բերած օրինակին ինչ-որ չափով կարելի է համաձայնել, ինչ-որ չափով՝ ոչ: Օժտված երեխաների մոտ ի հայտ կգան այդ ունակությունները՝ անկախ ամեն ինչից, բայց դրանք եզակի դեպքեր են: Եթե խոսում ենք հանրակրթության եւ համընդհանուր ուսուցման մասին, ապա եթե շարժվենք նման մոտեցմամբ, որ եթե մարդն ի ծնե օժտված է, ապա երբեւիցե նրա շնորհն ի հայտ կգա, կսահմանափակենք կամ պատնեշ կդնենք այն երեխաների առաջ, ովքեր գուցե չդառնան փայլուն գիտնականներ, բայց նրանք կկարողանան ավելի լավ հասկանալ կյանքը, պատկերացնել միջավայրը, ավելի լավ կողմնորոշվել:

– Իսկ ինչո՞ւ եք շեշտը հատկապես դրել ճշգրիտ գիտությունների վրա եւ ոչ, ասենք, հումանիտար:

– Սկսեցինք ճշգրիտ գիտություններից, սակայն չի նշանակում, թե պետք է սահմանափակվենք դրանով: Նախատեսում ենք լաբորատորիաներ նաեւ այլ առարկաների ուսուցման համար: Նշեմ, որ «Այբի» հիմնադիրները ժամանակին ավարտել են Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը` չնայած հիմա նրանցից ոչ ոք ֆիզիկոս չէ` ունենք բանկիրներ, հոգեւորական, գործարարներգ Բոլորս սկսեցինք նրանից, ինչն ավելի հոգեհարազատ էր, եւ ինչից ավելի լավ գլուխ կհանեինք: Մյուս կողմից, փորձը ցույց է տալիս, որ ապագան այդ գիտություններինն է: Օրինակ, Չինաստանը կտրուկ ավելացրել է այդ առարկաների դասավանդվող ժամերի քանակը դպրոցում, նույն միտումը նաեւ ԱՄՆ-ում է: Եվ հետո` եթե լեզուները կարելի է սովորել այլ փոխարինող միջոցներով, ֆիզիկական փորձը չես փոխարինի գրքային փորձերով: Երբ կա ռեալ փորձեր անելու հնարավորություն, դա եւ՛ ոգեւորում է երեխային, եւ՛ բացահայտում է նրա ստեղծագործական ունակությունները:

– Հիմնադրամի ծրագրերը բավական ֆինանսական միջոցներ են ենթադրում: Հետեւաբար՝ այնքան էլ անտեղի չէ հետաքրքրությունը` ֆինանսական ի՞նչ միջոցներից է սնվում «Այբ» հիմնադրամը:

– Հիմնադրամի նյութական համալրման հիմնական մասնակցությունն ունենում են հիմնադիրները եւ ակումբը: «Այբ» ակումբի անդամ դառնալով` անհատը պարտավորություն է ստանձնում ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Սակայն ֆինանսականից զատ` «Այբ» ակումբի անդամները շատ ավելի լուրջ պարտավորություն ունեն՝ մենտորություն անել, այսինքն՝ «մեծ եղբայր» կամ խորհրդատու լինել մեր բոլոր այն շրջանավարտների համար, ովքեր նոր են սկսում իրենց ուսումնական կամ աշխատանքային կարիերան:

– «Այբ» ծրագրի շրջանակներում կազմակերպեցիք նաեւ «Կենգուրու» մրցույթը, որին մասնակցեց 30 հազարից ավելի աշակերտ, ընդ որում՝ կամավոր: Մրցույթի արդյունքներն արդեն ամփոփել եք:

– Ամփոփել ենք եւ ունենք 945 մրցանակակիր: Գրեթե անհնար էր գտնել երեխա, ով այս մրցույթի ընթացքում չկարողանար լուծել գոնե մեկ խնդիր: Մրցույթի նպատակն էր, որ հետաքրքրաշարժ խնդիրների միջոցով մաթեմատիկան դառնար ավելի մասսայական, սիրելի, որ երեխաները փորձեին հաճույք ստանալ` խնդիր լուծելով: Եվ մեզ դա հաջողվեց. 30.567 երեխա, գումարած` ծնողներն ու տատիկ-պապիկները, ուսուցիչները երկար ժամանակ ապրում էին մաթեմատիկայով: Մրցույթն առաջին անգամ էր իրականացվում մեր երկրում: Ի դեպ, մեզ անակնկալի բերեցին բացահայտ արտագրությունների դեպքերը. նույն դպրոցում ունենք մի քանի, անգամ յոթ լրիվ նույնանման աշխատանք՝ նույն սխալներով, ինչը, ըստ հավանականության տեսության, բացառված է: Թեեւ դրանք եզակի դեպքեր են, սակայն փաստն ինքնին ցավալի է, եւ այն ավելի ցավալի է դառնում, երբ խոսքը վերաբերում է 3-րդ, 4-րդ դասարանցիներին, ովքեր առանց ուսուցիչների միջամտության նման իրավիճակում դժվար թե հայտնվեին: Արդյո՞ք այդ ուսուցիչները գիտակցել են, որ իրենց «օգնությունը» միայն վնասում է երեխային` կոտրելով սեփական ուժերով արդյունքի հասնելու բնական ունակությունը:

– Գիտակցելու դեպքում հավանաբար այդպես չէին վարվի: Ինչեւէ: Ունե՞ք գաղափար միջազգային այլ մցույթներ եւս բերել Հայաստան:

– Այո՛, պարզապես, տեսեք. մաթեմատիկան չի ճանաչում սահման, լեզվական կամ պատմական տարբերություններ: Օրինակ, եթե փորձենք կազմակերպել միջազգային մրցույթ պատմություն առարկայից, ապա պատմությունը Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ այլուր, տարբեր է եւ հաճախ` խիստ վիճելի: Այսօր մոտ մեկ ժամ փորձում էի գրախանութում որդուս համար հանրամատչելի պատմական գիրք գտնել: Արդյունքում` որեւէ գիրք չընտրեցի: Հաջորդ տարի ցանկանում ենք մեծացնել «Կենգուրու» մրցույթի աշխարհագրությունը` ներգրավել նաեւ Ջավախքն ու Արցախը: Հուսով ենք, կստացվի:

– Նշեցիք, որ մրցույթում եղել են որոշակի բացթողումներ՝ ուսուցիչների շահագրգռությունն՝ ամեն գնով իրենց աշակերտների համար արտագրության ճանապարհով բարձր միավորներ ապահովել եւ այլն: Հետաքրքիր է, իսկ որքանո՞վ կարող են իրենք` մասնակիցները, վստահ լինել, որ արդյունքները կամփոփվեն օբյեկտիվ:

– Հասկանալի հարց է: Հիմնադրամում չենք տեսնում օբյեկտիվ չլինելու պատճառ: Մրցույթն առեւտրային գործունեություն չէ: Սրա կազմակերպմանը մենք բավական միջոցներ եւ ռեսուրսներ ենք հատկացրել` չակնկալելով որեւէ ֆինանսական շահ: Մեր հիմնական շահը երեխաների ոգեւորվածությունն էր առարկայով եւ նրանց մասնակցությունը: Եթե որեւէ կեղծիք փորձենք անել՝ դրանով կարժեզրկենք մեր գաղափարը եւ այն նպատակը, որը դրել էինք մեր առաջ: Իսկ դրանով կհակասենք ինքներս մեզ: Մրցույթը Հայաստան բերեց Գագիկ Գրիգորյանը` ֆիզիկայի մեր օլիմպիական թիմի ղեկավարը: Ունեցել ենք զանգեր, երբ տնօրեններն անհանգստանում էին՝ իսկ ինչպե՞ս պարզենք, որ ամեն ինչ օբյեկտիվ կլինի, եւ այլն: Տալիս ենք Գագիկ Գրիգորյանի անունը, եւ բոլոր կասկածները հօդս են ցնդում: Մեզ համար խիստ կարեւոր է «Այբ» հիմնադրամի հեղինակությունը:

– Որքան հայտնի է, լաբորատորիաները կամ միջազգային մրցույթների անցկացումը «Այբի» ծրագրերի սահմանը չէ: Նախատեսվում է ստեղծել նաեւ իր տեսակով եւ նպատակներով եզակի մի կրթահամալիր:

– «Այբի» ամենամեծ ծրագիրը 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելի ստեղծումն է, ինչին ձգտում ենք՝ հիմնվելով մեր աշխատանքի արդյունքների վրա: Այս դպրոցը, կամ ինչպես մենք ենք նրան անվանում` «Այբ կրթական հանգույցը», իր հոգեւոր, մշակութային, մտավոր եւ սոցիալական չափումներով, Հայաստանում առաջին դպրոցական ավանն է լինելու: «Այբ» հանգույցը զբաղեցնում է 6.5 հա տարածք եւ յուրատեսակ փոքրիկ քաղաք է` իր բոլոր ենթակառուցվածքներով: Եթե փորձենք «Այբ» հանգույցը ներկայացնել բաղադրիչներով, դրանք են` դպրոցը` տարրական, միջին եւ ավագ եռաստիճան համակարգով, եկեղեցին եւ համայնքային կենտրոնը, մեդիա արվեստների կենտրոնը, մանկապարտեզը, կանաչապատ տարածքները, հանրակացարանները եւ բնակելի համալիր: Այսինքն` սա համայնքային կյանքի այնպիսի մի մոդել է, որտեղ մարդը կրթվում, ստեղծագործում, դաստիարակվում է հայ ազգի պատմական, հոգեւոր եւ մշակութային ամբողջականության մեջ, դառնում է այդ ամբողջի մի մասը: