Տուբերկուլյոզը մասնագետները համարում են սոցիալական հիվանդություն, քանի որ այն հիմնականում զարգանում է աղքատության, թերսնուցման, կենսական ոչ բարենպաստ պայմաններում:
Պատահական չէ, որ այս հիվանդության աճը Հայաստանում արձանագրվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ երկրում սկիզբ առավ ճգնաժամը: Հայաստանում տուբերկուլյոզի աճը պայմանավորող գործոնները հիմնականում սոցիալ-տնտեսական դժվարություններն են` ներառյալ առողջապահության կարիքների անբավարար ֆինանսավորումը, այդ թվում՝ նաեւ որակյալ հակատուբերկուլյոզային ծառայության կազմակերպման` տուբերկուլյոզի հայտնաբերման եւ բուժման համար: Մասնագետները վստահեցնում են, որ այս հիվանդության անմիջական աղբյուր են հանդիսանում սոցիալական ճգնաժամը` ուղեկցվող գործազրկությամբ, աղքատությամբ, սթրեսով, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ, ինչպես նաեւ` ազգաբնակչության աշխատանքային միգրացիայի աճը: Բացի դա, տուբերկուլյոզի տարածումը կապված է նաեւ ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի աճի հետ, քանի որ այն բերում է ՄԻԱՎ-տուբերկուլյոզ համակցված դեպքերի աճի, իմունիտետի անկման եւ վարակված անձանց շրջանում ակտիվ տուբերկուլյոզի զարգացման դեպքերի հաճախացման հանգամանքով: Ճգնաժամային տարիներից սկսած այս հիվանդությունը մեծ թափ ստացավ մասնավորապես կալանավայրերում եւ բանակում, քանի որ բանտային խցերի պայմանները խոնավ եւ անմխիթար էին. նույն պատկերը զորամասերում էր, իսկ տուբերկուլյոզ հիվանդության համար այս պայմանները խիստ բարենպաստ են, որին գումարվեց նաեւ այս համակարգերում գտնվող մարդկանց թերսնուցման խնդիրը: Այս հիվանդությունը դիտարկվում է որպես մարդկության համար լուրջ սպառնալիք, հետեւաբար աշխարհում ամեն օր տուբերկուլյոզից մահանում է 5000 մարդ: Մասնագետների հավաստմամբ` տուբերկուլյոզը վարակիչ է, մարդուց մարդ է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, հետեւաբար հիվանդության փոխանցումը տեղի է ունենում տուբերկուլյոզի միկրոբակտերիաներով ախտահարված օդը ներշնչելիս: Ավելին` բուժում չստացող յուրաքանչյուր մանրէազատող հիվանդ կարող է վարակել տարեկան 10-15 մարդ: Հայաստանում թեեւ տարեցտարի արձանագրվում է տուբերկուլյոզով հիվանդների աճ, այդուհանդերձ, մասնագետները դա դիտարկում են ոչ թե հիվանդության տարածվածության գործոնով, այլ տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերմամբ: Մեր ազգաբնակչության շրջանում այդ հիվանդության վերաբերյալ տեղեկացվածությունը ցածր մակարդակի վրա է: Բացի այդ, մեր հասարակությունը նման հիվանդներին մեկուսացնում է, այդ պատճառով էլ տուբերկուլյոզով հիվանդները նախընտրում են չբացահայտել իրենց հիվանդությունը: ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ին կայացրած որոշմամբ` ելնելով վտանգավորության աստիճանից, տուբերկուլյոզ հիվանդությունն ընդգրկվել է «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում»: Մինչդեռ, չնայած այս հանգամանքին, Առողջապահության մասին օրենքում բացակայում է տուբերկուլյոզով հիվանդների հարկադիր բուժումը, ինչը խթանում է հիվանդության տարածմանը: ՀՀ Առողջապահության նախարարության տուբերկուլյոզի դեմ պայքարի գրասենյակի Ծաղկաձորում կազմակերպած սեմինարը նպատակ ուներ զանգվածային լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքի միջոցով ազգաբնակչությանն իրազեկել այս հիվանդության վտանգավորության եւ դրա հետեւանքների մասին: Տուբերկուլյոզի դեմ պայքարի գրասենյակի (ՏԲԳ) մասնագետները բավականին ուշագրավ տվյալներ ներկայացրին, մասնավորապես՝ այս հիվանդության ցուցանիշների վերաբերյալ: Թեեւ այս հիվանդության աճի դինամիկան անհանգստացնող է, այդուհանդերձ, վերջիններս վստահեցրին, որ տուբերկուլյոզը բուժվող հիվանդություն է, եթե հիվանդը հետեւողականորեն բուժում է ստանում: ՀՀ Առողջապահության նախարարության ստեղծած ՀՀ տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով կարելի է կանխել այս հիվանդության տարածումը: Մասնավորապես, այսուհետ Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվությամբ կիրականացվի ԴՕԹՍ+ ծրագիրը` դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժումը: Այս տարվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում իրականացվում է ԴՕԹՍ+ ծրագիրը: Ի դեպ, տուբերկուլյոզով հիվանդների ամենամեծ թիվն արձանագրվել է Սյունիքի մարզում: Տուբերկուլյոզի ազգային ծրագրի գրասենյակի մասնագետների հավաստմամբ` եթե սովորական տուբերկուլյոզի բուժումը տեւում է մինչեւ 6 ամիս, ապա դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման համար անհրաժեշտ է 1.5-2 տարի: Ներկայումս Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում դեղորայքակայուն եւ բազմադեղորայքակայուն հիվանդների բուժմանը, քանի որ հիվանդության այս տեսակները վտանգավոր են եւ աշխարհում մեծ տարածում են գտել: Առաջնային բուժօգնության հաստատություններում գոյություն ունեն հատուկ կաբինետներ, որտեղ տուբերկուլյոզի ախտանշան ունեցող մարդիկ կարող են անվճար խորհրդատվություն ստանալ տեղամասային թերապեւտից, ինչպես նաեւ անցնել հետազոտման բոլոր պրոցեդուրաները: Հիշեցնենք, որ Հայաստանում տուբերկուլյոզի ինչպես ախտորոշումն, այնպես էլ բուժումն անվճար է: