Հուլիսի 4-ին տեղի է ունենալու Գրողների միության համագումարը, որը գաղտնի եւ փակ քվեարկությամբ նոր նախագահ է ընտրելու: Այդ համագումարը լուրջ բախումներ խոստացող իրադարձություն է համարվում, համենայնդեպս հենց գրողներն են այդ մասին ակնարկում` գրեթե ամեն օր ասուլիսներ հրավիրելով: Գրողները շատ են, շատ են նաեւ միության ներսում ծնունդ առած խնդիրները, միության անդամները երկու բանակի բաժանված` իրար դեմ ելույթներ են ունենում ու միմյանց վարկաբեկում են: Գրողների ընդդիմադիր թեւը կազմող Ռազմիկ Դավոյանը վստահ է, որ իրենց ներկայիս նախագահը բազմաթիվ ապօրինություններ է արել եւ շարունակում է անել, ահաբեկում ու կաշառում է գրողներին` նրանց ապօրինի զրկելով միության անդամ լինելու իրավունքից ու պարտադրելով իրենց ստորագրությունը դնել իր ցանկացած փաստաթղթի տակ: Իսկ ԳՄ գործող նախագահ Լեւոն Անանյանը վստահեցնում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, եւ միությունում նորմալ աշխատանքային մթնոլորտ է տիրում: «Միությունում ոչ մի պառակտում չկա»,- ասում է նա ու իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները համարում է «շինծու, նենգադավ ու անհեթեթ»: Ռ.Դավոյանը ասում է. «Հուլիսի 4-ի համագումարին ես կանչելու եմ իրավապահ բոլոր մարմիններին, որպեսզի Լեւոն Անանյանը ապօրինի ու ծածկադմփոց որեւէ գործ չանի»: Նա տրամաբանական է համարում, որ համագումարին մասնակցեն 2007-ից միությունից անարդարացի հեռացված անդամները, որոնք, ըստ նրա` նույնպես քվեարկելու ձայն պետք է ունենան. «Մենք այդպիսի հաշվետվություն չենք ուզում, որն իրենք են ուզում ներկայացնել. էսքան գիրք ենք հրատարակել, էսքան ժողով ենք արել, էսքան քաբաբ ու խորոված ենք կերել..»: Հետաքրքիր է, որ եթե նույնիսկ գիրքն ու քաբաբը նույնացվում են, շատ գրողներ դրա դեմ չեն էլ ցանկանում պայքարել: Այդպես ավելի հանգիստ ու հարմար է: Այնպես որ, իրենց նախագահին պետք է ընտրեն հենց գրողները: Ինչպես հայտնի է, ամեն հասարակություն արժանի է իր ղեկավարին: Եվ այս շղթայում առաջնայինը ոչ թե ղեկավարն է, այլ հասարակությունը (միությունը, ժողովուրդը կամ որեւէ հասարակական ու պրոֆեսիոնալ խմբի մեծամասնությունը): Ռ.Դավոյանը խոստանում է, որ եթե ինքը նախագահ չընտրվի, շարունակելու է գրել: «Իսկ նրանք շարունակելու են շոուներ կազմակերպել»,- ասում է նա` չմոռանալով հիշեցնել, որ պայքարի հիմնական կետերից մեկը ԳՄ ունեցվածքն է (շինությունները, տարածքներն ու հանգստյան տունը), որոնք, ըստ նրա` «ոչ թե ուտելու, այլ ստեղծագործելու համար են»: Գրքի ու քաբաբի միջեւ արվող երկընտրանքը 386 գրողների ձեռքում է, որոնք անկասկած հիշում են, որ գիրքը մնայուն է, իսկ այսօր կերած քաբաբը վաղն արդեն չի լինելու: