Աշունը Հայաստանում ավանդաբար լի է լինում փառատոներով: Այս տարի այդ փառատոների թվին միանալու է նաեւ «ReAnimania» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը. որն առաջին անգամ տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 3-6-ը:
Փառատոնի հիմնադիր տնօրեն, սիրիահայ նկարիչ, բեմադրիչ ու անիմատոր Վրեժ Քասունին նշում է, որ փառատոնի հիմնական նպատակը տարբեր ոլորտներում ու ստուդիաներում աշխատող անիմատորների համախմբումն է: Այդ պատճառով էլ իրենք առաջին փառատոնը ոչ այնքան մրցութային են ուզում դարձնել, որքան ճանաչողական ու տոնական: «Մենք ոչ թե լավագույններին գտնելու, այլ ավանդույթը վերականգնելու ցանկություն ունենք»,- ասում է Վ. Քասունին: Փորձ է արվելու հայաստանյան անիմացիան ռեանիմացիայի ենթարկել (ինչի մասին վկայում է փառատոնի անվան մեջ հայտնված «re» մասնիկը), քանի որ Հայաստանում ավանդաբար շատ են եղել անիմացիայի ոլորտի շնորհալի մասնագետները: Մեր անիմացիայի պատմությունը սկսում է 1939 թվականից, այն ժամանակից, երբ Լեւ Արտամոնովը ստեղծեց «Շունն ու կատուն» մուլտֆիլմը, այնպես որ, այս տարի մենք տոնում ենք մեր ազգային անիմացիայի 70-ամյակը:
Վ. Քասունին վստահ է, որ երիտասարդ ու տաղանդավոր անիմատորներ հիմա էլ շատ կան Հայաստանում, սակայն շատերի մասին մենք տեղյակ չենք, քանի որ նրանք «չեն երեւում ու իրենց արվեստանոցներում թաքուն աշխատում են»:
Եվ որպեսզի թաքունը տեսանելի դառնա, փառատոնը որոշել է անհատ անիմատորների ու անիմացիոն ստուդիաների տվյալներն ու ստեղծագործական նմուշները ամբողջական մի գրքույքում զետեղել, որպեսզի հնարավոր լինի այն տարածել աշխարհով մեկ ու համագործակցության նոր կապեր ստեղծել: «Մենք ուզում ենք ստեղծագործական բազա ստեղծել ու տարբեր անիմացիոն տեխնիկայով աշխատող հեղինակների համար արտադրություն մուտք գործելու հնարավորություն տալ»,- ասում է Վ. Քասունին, ով մարքետինգային ուսումնասիրություն է անցկացրել ու պարզել, որ մեր տարածաշրջանում մենք այժմ ամենաշատ անիմացիոն ֆիլմեր ստեղծող երկրների շարքում ենք: Ու թեեւ մենք քիչ գումար ունենք, սակայն շնորհալի մասնագետներն են շատ:
Անիմացիոն ֆիլմերը բնավ էլ միայն մանուկներին ուղղված ֆիլմերը չեն, շատ հեղինակներ ու ստուդիաներ օգտագործում են անիմացիոն տեխնիկան` լուրջ թեմաներ բարձրացնելու ու առավել մեծ ազդեցություն ունեցող ֆիլմեր ստեղծելու համար: «ՌեԱնիմանիան» պատրաստվում է հետահայաց ցուցադրումների ու work-shop-երի միջոցով ներկայացնել անիմացիայի զարգացման տենդենցները: Կցուցադրվեն ֆիլմեր, որոնք պատերազմի, պատմական զուգահեռների վրա են հիմնված: Իսկ երիտասարդ հայ անիմատորների համար վարպետության դասեր կանցկացնեն հայտնի անիմատորներ Անդրեյ Պետրովը, Յուրի Նորշտեյնը եւ այլք (փառատոնի կազմակերպիչները դեռ չեն ցանկանում բացահայտել իրենց բոլոր հյուրերի անունները): Հայ մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալ տարբեր անիմացիոն դպրոցների հետ ու տեսնել այն ֆիլմերը, որոնք դարձել են անիմացիոն ամենահեղինակավոր Անսիի (Ֆրանսիա) փառատոնի մրցանակակիրները:
«ՌեԱնիմանիան» ունենալու է պատվո խորհուրդ, որը եւ կկատարի ֆիլմերի ընտրությունը: Խորհրդի կազմում կլինեն մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ու Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում անցկացվող պատկերապատումների փառատոնի նախագահ Ժան Մարդիկյանը: Փառատոնի գեղարվեստական տնօրեն, Սան Ֆրանցիսկոյի դպրոցներից մեկում համակարգչային դասընթացներ վարող Լուսինե Քասարջյանը վստահեցնում է, որ ընտրության ընթացքում չի տուժելու պրոֆեսիոնալ բաղադրիչը: «Լավագույնն ենք հավաքագրելու»,- ասում է նա: Փառատոնին կաջակցեն դեսպանատները, որոնք ֆիլմերի տեղափոխումը կապահովեն: Աջակիցների շարքում է Մշակույթի նախարարությունը, որը բարոյապես է օգնելու փառատոնին: Վ. Քասունին նշում է, որ մինչ փառատոնին գումար տրամադրելը պետք է համոզվել, որ երեխան ունակ է ծնվել ու մեծանալ, եւ դրանից հետո միայն պետք է նրան օգնել:
Անիմացիոն տեխնիկան վաղուց արդեն մուտք է գործել հեռուստատեսային ոլորտ, ստեղծվում են անիմացիոն գովազդներ, տեսահոլովակներ: «ՌեԱնիմանիան» այս տարի իր ծրագրերում դեռ չի ընդգրկի նման անվանակարգեր, քանի որ, ըստ Վ.Քասունու` այս տարի անիմացիոն հոլովակների թիվը նվազել է, սակայն արդեն հաջորդ տարի փառատոնին կարողանալու են մասնակցել նաեւ երգերի ու ապրանքների գովազդների տեսաշարեր ստեղծած անիմատորները:
Փառատոնն այժմ հավաքագրում է մասնակից ֆիլմերի ցանկն ու հայտարարում է, որ բոլոր ցանկացողները կարող են իրենց ֆիլմերը ներկայացնել «www.ReAnimacia.com» ինտերնետային կայքում տեղադրված դիմումի ձեւաչափով: Քառալեզու կայքից կարելի է տեղեկանալ նաեւ սպասվելիք ծրագրերի ու ցուցադրվող ֆիլմերի մասին:
Ուշագրավ է, որ այս փառատոնին նախորդելու է Պատկերապատումների միջազգային փառատոնը, որը փորձում է հայաստանյան իրականության մեջ զարգացնել պատկերազարդ գրքեր ստեղծելու մշակույթը: Նկարը, որը կարող է դառնալ եւ՛ վեպ, եւ՛ շարժական տեսաշար, մեր օրերում ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում: Նկարը պատկերային մտածողության ապացույց է, եւ շատ հաճախ ունակ է ավելի շատ զգացական ինֆորմացիա փոխանցել, քան «մերկ» բառը: Օսկարակիր անիմատոր Ալեքսանդր Պետրովն, օրինակ, ով անցյալ տարի «Ռոլան Բիկով» հիմնադրամի հրավերով եկել էր Հայաստան, նկատել էր, որ պատկերը օգնում է «մաքրել» 21-րդ դարում ապրող եւ ինֆորմացիայով ռմբակոծվող մարդու աղտոտված աչքը: