Ափսոս… համաներումը

26/06/2009

2008 թվականի մարտի 1-ից հետո քաղբանտարկյալ հասկացությունը դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը: Հունիսի 19-ի համաներմամբ այդ հարցը, բնականաբար, փակված համարել չի կարելի, քանի որ դեռեւս մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալներ գտնվում են բանտում: Սակայն սխալ կլինի ասել նաեւ, թե վերջիններիս ազատ արձակումից հետո Հայաստանը կձերբազատվի քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից: Նույն հունիսի 19-ի համաներման որոշումը լավ առիթ է հիշելու մի հարցի մասին, որը թեեւ ուղղակիորեն կապ չունի մարտի 1-ի հետ, սակայն պակաս կարեւոր չէ Հայաստանի քաղաքական կյանքում լուծման կարիք ունեցող խնդիրների տեսանկյունից: Խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Զարմանալիորեն մոտ մեկուկես տարի շարունակվող այս թոհուբոհի մեջ կամա թե ակամա Վանո Սիրադեղյանի անունը չի հնչում քաղբանտարկյալների ցուցակում: Նա թեեւ ձերբակալված չէ, սակայն անհեթեթ մեղադրանքով հարուցված քրեական գործի պատճառով արդեն մոտ տասը տարի գտնվում է հետախուզման մեջ եւ փաստացի արտաքսված է Հայաստանից: Վանո Սիրադեղյանը քոչարյանական իշխանության հաստատումից ի վեր, ըստ էության, առաջին խոշոր քաղաքական ու պետական գործիչն է, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում բացառապես քաղաքական դրդապատճառներով: Հունիսի 19-ի համաներման որոշման մեջ ներառված չէ այն հոդվածը, որով «մեղադրվում է» Վանո Սիրադեղյանը: Սակայն, տվյալ դեպքում խնդիրը իրավական հարթությունում ու Քրեական օրենսգրքի հոդվածներում փնտրելը ծիծաղելի է: Ինչպես ժամանակին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քաղաքական իրադրության պատճառով եւ քաղաքական որոշման արդյունքում, այնպես էլ քաղաքական պետք է լինի նրա վրայից այդ մեղադրանքը հանելու որոշումը: Բայց սպասել, որ գործող իշխանությունը հենց այնպես, «մարդասիրական» մղումներով նման որոշում կկայացնի, լուրջ չէ: Այդ պահանջը պետք է ներկայացվեր ընդդիմության կողմից: Սակայն Վանո Սիրադեղյանի լուսանկարը չկա մամուլում տպագրվող եւ հանրահավաքների ժամանակ փակցվող քաղբանտարկյալների լուսանկարների շարքում, Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով ստորագրահավաքներ չեն կազմակերպում, նույնիսկ նրա անունը չի հնչում Հայ Ազգային կոնգրեսի համապետական հանրահավաքների ժամանակ: Այսինքն` ընդդիմությունը, ի թիվս այլ հարցերի, իշխանությունից չի պահանջում դադարեցնել հետապնդումը նաեւ Սիրադեղյանի նկատմամբ: Այն դեպքում, երբ հենց երեկ ՀԱԿ-ը հայտարարել է, որ համաներումը տեղի է ունեցել համաժողովրդական պայքարի եւ ճնշման արդյունքում: Այսինքն` եթե ընդդիմության օրակարգում եւ պահանջների ցանկում ներառված լիներ նաեւ Սիրադեղյանին «ազատ արձակելու» հարցը, գուցեեւ այսօր նա Հայաստանում լիներ: Առավելեւս, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո կարծիքներ էին հնչում, որ վերջինս, ի տարբերություն Ռ. Քոչարյանի, հակված է դրան: Կարծել, թե ընդդիմությունը նման ցանկություն չունի, իհարկե սխալ կլինի, սակայն առնվազն կարելի է տարակուսել, թե ինչու մինչեւ օրս այդ ցանկությունը քաղաքական ձեւակերպում չի ստացել: Համաներումը հրաշալի հնարավորություն էր դրա համար: Իսկ այն, որ Վանո Սիրադեղյանի վերադարձը դրական ազդեցություն կունենա Հայաստանի լարված քաղաքական կյանքում, խոստովանում են նույնիսկ ամենամոլի իշխանական գործիչները: