«Թե անձամբ ով ում է մոտեցել, դուք կպարզեք Զարուհի Փոստանջյանից. նա կգա ու մանրամասն կներկայացնի քրոնոլոգիան»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով այն հարցին, որ Զ. Փոստանջյանը մոտեցել է ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներին` առաջարկելով ստորագրել իր ներկայացրած փոփոխությունների տակ: «Ես ասում եմ` ընթացակարգը մի շփոթեք ֆիզիկական շարժումների ու համագործակցություն կատեգորիաների հետ: Ընթացակարգը առաջարկություններ անելն է, այլ հարց է, թե ով կմիանա: Ով կմիանա, ով չի միանա, ամենեւին առաջարկողի խնդիրը չէ»,- ասաց Լ. Ալավերդյանը: Հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, թե «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանի այս քայլը որակել է դավաճանություն, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Դա ստոր հերյուրանք է, նրա բառապաշարի մաս չի կազմում այդ բանաձեւը»: Ինչ վերաբերում է Զ. Փոստանջյանի առաջարկի բովանդակությանը, ապա Լ. Ալավերդյանը նախ ինքը հարց ուղղեց լրագրողներին` կա՞ նրանց մեջ որեւէ մեկը, ով չէր ստորագրի Փոստանջյանի ներկայացրած 3 առաջարկությունների տակ: Այնուհետեւ պատասխան չստանալուց հետո Լ. Ալավերդյանը ասաց, որ Զ. Փոստանջյանը դա արել է քաղբանտարկյալների` օր առաջ ազատ արձակվելու համար: Պատասխանելով այն հարցին, թե եթե այդ առաջարկությունները դրական լինեին Հայաստանի համար, ադրբեջանցիներն ու թուրքերը կստորագրեի՞ն դրա տակ, Լ. Ալավերդյանն ասաց, թե նրանք չեն գիտակցել, որ ստորագրում են ազատամարտիկ Սասուն Միքայելյանին ու Արցախյան պատերազմի այլ հերոսներին ազատ արձակելու պահանջի տակ: «Ինչպես մեր պատվիրակությունն է մտածել, որ սա վնասում է Հայաստանին, այնպես էլ ադրբեջանական պատվիրակությունը: Նրանք շփոթված են ստորագրել փաստաթղթի տակ, նրանք չեն էլ իմացել, թե ինչի տակ են ստորագրում»,- ասում էր Լ. Ալավերդյանը, ով զարմացած է վերջին օրերին մամուլում «Ժառանգության» հանդեպ կիրառվող սեւ PR-ի աննախադեպ ծավալներից: Սրանից ելնելով՝ Լ. Ալավերդյանը ենթադրում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, շատ մոտ են, եւ արդեն իսկ սկսվել է նախընտրական քարոզարշավը, որի շրջանակներում էլ տեղավորվում են «Ժառանգությանը» վարկաբեկելու փորձերը: Այնուհետեւ շարունակելով հակադարձել «դավաճանության» մեղադրանքներին` Լ. Ալավերդյանը մի քանի հռետորական հարց հնչեցրեց: «Մի՞թե Հայաստանի նախկին արտգործնախարարը չէր, որ ազատագրված տարածքները հայտարարեց օկուպացված, ո՞ր մեկդ է այդ ժամանակ խոսել դավաճանության մասին: Ո՞վ է ձեզանից ասել, որ այն քարտեզները, որտեղ ԼՂ-ի տարածքները աղավաղված են ներկայացված մինչեւ անգամ Երեւանի կենտրոնում փակցված պաստառների վրա, եւ որոնք հզոր զենք են դարձել Ադրբեջանի ցանկացած քաղաքացու ձեռքին` դավաճանություն է»,- ասել է Լ. Ալավերդյանը: «Եվ արդյո՞ք դավաճություն է այն, որ մեկական ներկայացուցիչ Թուրքիայից ու Ադրբեջանից Փոստանջյանի կողմից առաջարկած փաստաթղթի տակ ստորագրել են: Եվ կարելի՞ է արդյոք ասել, որ այն թուրք եւ ադրբեջանցի դիվանագետները, ովքեր այդ առաջարկը չեն ողջունել, համագործակցում են հայկական իշխանությունների հետ»,- նշել է նա: Լ. Ալավերդյանը նաեւ հիշեցրել է լրագրողներին, որ անցյալ տարի Կիեւի մոնիտորինգային խմբի նիստի ընթացքում հայ պատգամավորները ստորագրել են մի որոշում, որտեղ գրված է, թե «Ադրբեջանում չի կայանում ժողովրդավարությունը, որովհետեւ առկա են հայկական ուժերի կողմից գրավված տարածքներ»: Ըստ ՄԻ նախկին պաշտպանի` սա նույնպես կարելի է որակել որպես հայ իշխանությունների համագործակցություն ադրբեջանական կողմի հետ: Լ. Ալավերդյանը պատասխանել է նաեւ ընդդիմադիր ուժերի ներսում առկա լարվածության մասին լուրերին առնչվող հարցին. «Մեր ամենամեծ ձեռքբերումը բազմակարծությունն է: Բանավեճ, անհամաձայնություն, բախում` այստեղ, իմ կարծիքով, կատեգորիաների շփոթում կա: «Ժառանգությունը» երբեք չի համաձայնի ընդդիմադիր այն կարծիքների հետ, որոնք չեն համընկնում իր ծրագրային պատկերացումների հետ: Ես կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել որեւէ կարծիքի հետ, բայց չեմ փորձի պիտակավորել դիմացինին: Դա մեր արժանապատվությունից ցածր է»: Հարցին, թե արդյոք կարո՞ղ է կարծիքների տարբերությունը բախման հանգեցնել, նա պատասխանեց. «Պատկերացրեք, որ յուրաքանչյուրս բազմանկյունի մի մարմին է: Մենք կհամագործակցենք այն կողմերով, որտեղ ունենք միաձայն մոտեցում: Այն հարցերում, որտեղ ունենք տարաձայնություններ, մենք կփորձենք շարունակել բանավիճել ու մշակել անկյունները: Իսկ այն հարցերում, որտեղ ակնհայտ է կարծիքների տարբերությունը, մենք ուղղակի չենք համագործակցի»,- եզրափակել է ԱԺ պատգամավորը: