Փոխադարձաբար հաճելի քաշքշոց

26/06/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ ցույց անող ու ոստիկանների կողմից «զգուշորեն քաշքշված» դաշնակցականներից մեկը` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, որ հրմշտվելուց խուսափելու համար սյունը բռնել կանգնել էր, երեկ հանդես եկավ հերթական հակավրացական հայտարարություններով:

Նա ասում էր, որ Վրաստանի անկախությունից ի վեր եւ առաջին նախագահից սկսած` վրաց իշխանությունները տարբեր հնարքներ են փորձում գտնել, որպեսզի փոխեն Ջավախքի ժողովրդագրական պատկերը: Սրան, ըստ Կ. Մանոյանի, մասնակցում է նաեւ վրաց եկեղեցին: Իր ասածը փաստարկելու համար Կ. Մանոյանը անդրադարձավ Երեւանում Վրաստանի նախագահի արած այն հայտարարությանը, թե Ջավախքում ՀԷԿ է կառուցվելու, հետեւաբար պետք է դրսից` տարածաշրջանից, մոտ 2-3 հազար նոր աշխատող գա: «Սա հիմնական մտահոգություններից մեկն է: Նախ` այնտեղ բավական աշխատուժ կա, որը մանավանդ Ռուսաստանի հետ Վրաստանի ներկա պայմաններում չի կարողանում գնալ Ռուսաստան: Այսինքն` տեղում բավական անգործ եւ կարող աշխատուժ կա: Իսկ դրսից եկողները Ջավախքում ժողովրդագրական պատկերը փոխելու միտում ունեն: Մի ժամանակ աքսորավայր ուզեցին սարքել: Չստացվեց: Վերջերս ուզում էին բերդ կառուցել: Տեղի բնակչությունը բողոքեց: Հիմա էլ ՀԷԿ-ի կամ ՋԷԿ-ի անունով ուզում են դրսից աշխատող բերել, այսինքն` դարձյալ ժողովրդագրական պատկերը փոխելու միտում ունեն»,- նշեց նա` հիշեցնելով, որ Ախալքալաքով անցնող երկաթգծի` ներկայումս դանդաղած կառուցման համար եւս աշխատուժ էին բերել Վրաստանի այլ շրջաններից, այնինչ կարող էին օգտագործել տեղի աշխատուժը:

«Մտահոգությունները չեն դադարում: Հայաստանյայց եկեղեցին ոչ մի կարգավիճակ չունի Վրաստանում, ինչպես չունեն մնացած բոլոր ոչ վրաց ուղղափառ եկեղեցիները: Եվ բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք պետք է անպայման կարգավորվեն»,- ասում է Կ. Մանոյանը: Նա նաեւ նշեց, թե այս ամենից հետո տարակուսանքով է վերաբերվում Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ Վրաստանի նախագահին պատվո շքանշան շնորհելու փաստին: «Մի քիչ անհասկանալի էր նաեւ այն պատվո շքանշանը, որ տրվեց: Պատճառներից մեկը, ըստ մեր նախագահի, այն է, որ ինքը Ջավախքում մեծ գործեր է արել: Երբ մեր նախագահը վերջին անգամ պաշտոնապես այցելում էր Թիֆլիս, այնտեղ վիրահայոց առաջնորդ Սրբազան Միրզախանյանը խոսեց ընդհանրապես վիրահայության եւ հատկապես Ջավախքի հայության խնդիրների մասին: Եվ այդ մի քանի ամսվա մեջ, հաստատ կարելի է ասել, որ Սահակաշվիլին նոր բան չի արել, որ Ջավախքի հարցերը մեղմանան, եւ ինքն էլ արժանի լինի շքանշանի: Բայց երեւի դա փոխադարձության մոտեցում էր, քանի որ մեր նախագահին տրված էր շքանշան, ուրեմն պետք էր նաեւ մենք Վրաստանի նախագահին շքանշան տայինք, եւ դրա համար էլ դա կատարվեց»,- եզրակացրեց Կ. Մանոյանը: Ինչ վերաբերում է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առջեւ կազմակերպված բողոքի ցույցին, որի ժամանակ էլ հենց Կ. Մանոյանը գրկել էր սյունը, բանախոսը ասաց, որ Ոստիկանության վերաբերմունքը պահանջվածից շատ ավելի խիստ էր: «Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկար անպայման ամբողջ հրապարակը դատարկել ցուցարարներից: Առաջարկեցինք, որպեսզի թույլ տան առնվազն հավաքվել Ազգային պատկերասրահի առաջ, որը բավական հեռու էր «Մարիոթ-Արմենիայից», եւ ուրեմն անվտանգության խնդիր չէր լինի, բայց դա էլ թույլ չտվեցին: Այսինքն՝ իրենց հիմնական նպատակն էր, իրենց ասվել էր, որ Սահակաշվիլին պետք չէ իմանա, որ այս մարդիկ այստեղ են: Բայց կարելի էր ավելի նորմալ վերաբերվել ժողովրդի հետ, մանավանդ որ որեւէ սպառնալիք չկար ոչ անվտանգության, ոչ ընդհանրապես հասարակական կարգի խախտման իմաստով»,- ասաց Կ. Մանոյանը` շեշտելով, որ Ոստիկանության գործողությունները ճիշտ հակառակ արդյունքը տվեցին, այսինքն` Սահակաշվիլին իմացավ, որ իրենք ցույց են արել: «Կարծում եմ` երեկ հավաք կազմակերպողների տեսակետները բավական բարձր հնչեցին եւ լրատվամիջոցների միջոցով հասան Վրաստանի նախագահին: Եվ Ոստիկանության քայլերը նպաստեցին, որ ավելի շատ արձագանք լինի, քան կարող էր հավանաբար լինել մինչ այդ»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը` ավելացնելով, թե երբ ոստիկանների կողմից «քշվելուց» հետո ցուցարարները ընթերցել են իրենց պահանջները, որոնք պետք է հանձնեին Սահակաշվիլիին, ոստիկանները զարմացել են: «Ես նայում էի ոստիկանների աչքերին: Տպավորությունս այն էր, որ տղերքը մտածում էին` «Սրա՞ համար սրանց քշեցինք: Այսինքն` էսքան լավ բաներ են ուզում: Սրա՞ համար սրանց հետ տարանք»: Մեկը իրենց ասել էր, որ Սահակաշվիլին պետք չէ իմանա, որ էս մարդիկ էստեղ են»,- նշել է Կ. Մանոյանը: