Իրանի իշխանությունները ձերբակալել են 140 մտավորականների` գիտնականների, հրապարակախոսների եւ մշակութային գործիչների, ովքեր սատարում են բարեփոխումների շարժման առաջնորդներին: Նրանցից շուրջ 70-ը, ըստ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության, ձերբակալվել են չորեքշաբթի եւ հինգշաբթի ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավիի եւ Մհեդի Քյարուբիի հետ հանդիպումներից հետո: Քաղաքական գործիչները, ովքեր բողոքարկում են նախագահական ընտրությունների արդյունքները, դեռեւս չեն ձերբակալվել, սակայն նրանց հասցեին արդեն բազմիցս սպառնալիքներ են հնչել Իրանի Ներքին գործերի նախարարության կողմից: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մեկ անգամ եւս հորդորել է ընդդիմադիրներին «հարգել օրենքը եւ ազգի կամքի դրսեւորման արդյունքները»։ Նրա խոսքերով, «Իրանի ժողովուրդն ու կառավարությունը չեն ենթարկվի ճնշման, որը նպատակաուղղված է ռեժիմի փոփոխությանը»: