«ԱրմենՏելի» մենատիրությունն ու այդ շրջանում նրա վարած գովազդային
քաղաքականությունն ինձ Սովետն էին հիշեցնում։ Հուսալի կապի խոստումներն՝
անհույս խզման պայմաններում, կամ լավագույնն ընտրելու առաջարկները նույնն
էին, ինչ խորհրդային տարիների «խպՑՈռՑպ րՈՎՏսպՑՈՎՌ ԸֆՐՏՒսՏՑՈ» կոչը,
հրամանը կամ գուցեեւ գովազդը, երբ անծայրածիր խորհրդային երկրում
«Աէրոֆլոտից» բացի այլ ծառայություն չկար։
«Վիվա Սելլի» հայտնությունը մեր երկրում հեղափոխություն էր։ Ոչ այնքան
մեծ, որ ընդդիմությունը նախանձեր, ու ոչ այնքան փոքր, որ իշխանությունները
չկարողանային գլուխ գովել։ Մի խոսքով, երկրորդ օպերատորի առկայությունը,
ինչը շատ սովորական բան էր մեր հարեւան երկրներում, թարմ շունչ բերեց մեզ
եւ դեռ ամեն ինչ կորցրած չլինելու զգացողություն՝ «ԱրմենՏելի» սովետաբույր
միակությունը վերացնելով։
Ամեն ինչ շատ լավ էր, քանի դեռ քաղաքում ամեն քայլափոխի, բառացիորեն ամեն
ցցի ու ելուստի վրա չէր հայտնվել «Վիվա Սելլի» գովազդը։ Բովանդակությունն
այդ գովազդի, կարծում եմ, շարադրել պետք չէ, ամեն ինչ աչքի առաջ է ու
տեսանելի։ Միայն թե ես, որ «ԱրմենՏելի» միակության վերացումից հետո ինձ մի
քիչ էլ հեռու էի զգացել իմ մանկության հայրենիքից, զարմացա կամ գուցե
ցնցվեցի, վախեցա կամ գուցե տագնապեցի՝ գովազդային այդ վահանակի վրա
տեսնելով ջահելներից մեկի կարմիր շապիկն ու «հհհՀ» տառերը։ Առաջին բանը,
որ անցավ մտքովս, դավադրությունն էր։ PR կոչվող գիտությանը կամ արվեստին
քիչ թե շատ ծանոթ լինելով եւ համոզված, որ ժամանակակից այդ զբաղմունքն
ուղղված է ոչ թե մարդու մտքին, այլ ենթագիտակցությանը, մտածեցի, որ «Վիվա
Սելլի» PR-շչիկները դավ են նյութել իրենց հաճախորդի դեմ՝ գուցե կաշառված
լինելով նրա մրցակցից։
Ես այսպես մտածելու բոլոր հիմքերն ունեի, որովհետեւ կապ գովազդող վահանակի
վրա մեր մանկության հայրենիքի անվան հապավումը կարող էր միայն ու միայն
բացասական հույզեր առաջացնել։ Չէ՞ որ այդ երկրում, որի փլուզվածքի մի
կտորն ենք մենք, կապն անասելի վատ էր աշխատում։ Շատերը դեռ չեն մոռացել,
թե ինչքան անհասանելի էին սովետական հեռախոսահամարները, թե ինչպես էր կապն
ընդհատվում խոսելու պահին, թե ինչպես էին հազարավոր մարդիկ, ամբողջ
փողոցներ ու նույնիսկ հսկա թաղամասեր տարիներով հերթ կանգնում ու սպասում,
որ մի օր էդիսոնյան այդ հրաշքն իրենց տուն էլ մտնի։
Կապը մի միջոց է, որն ապահովում է խոսակցություն, մտքերի, կարծիքների
փոխանակում, եւ այս իմաստով էլ մեր մանկության հայրենիքի անվան հապավումը
լավ հույզեր չի կարող հաղորդել։ Շատերը դեռ չեն մոռացել ու լավ հիշում են,
որ այդ հհհՀ-ում մարդը զրկված էր ազատ խոսելու, ազատ արտահայտվելու,
կարծիք ունենալու ու հայտնելու իրավունքից։
Բայց սրանք իմ պարզունակ դիտարկումների արդյունքն են։ Կարծում եմ, «Վիվա
Սելլի» PR-շչիկներն ավելի հեռատես ու խորամանկ են եղել՝ գովազդային
պաստառի առաջին պլանում տեղ տալով «հհհՀ» մակագրությամբ կարմիր շապիկ կրող
աղջնակին։ Նրանք գիտեն ու լավ հասկանում են, որ սպառողների կամ իրենց
ապագա բաժանորդների մեծ մասը Սովետի կարոտից նվաղում է, որ նրանց համար
մոգական այդ չորս տառը նշանակում է տանելի բարեկեցություն (ձախ
եկամուտներով, իհարկե) առանց որեւէ պարտականության կամ ընդամենը լուռ
հավանություն տալու կամ նույնիսկ հավանություն էլ չտալու, բայց միշտ կողմ
լինելու սովորությամբ։
Եվ, այսուհանդերձ, «Վիվա Սելլի» PR-շչիկները շատ լավ գիտեն, որ այս կապը
մարդկանց անհրաժեշտ է ոչ թե շուկայական հարաբերություններ իրականացնելու,
այլ սրճարաններում, հանգստի ու ժամանցի այլ վայրերում թիթիզանալու համար։
Գիտեն ու չեն թաքցրել իրենց իմացածը, եւ այդ պատճառով է, որ հայկական
շուկա մուտք գործած նոր օպերատորի մեկնարկային գովազդի հերոսը ոչ թե
գործարար մարդն է, այլ դիսկոտեկում ինքնամոռաց պարող ջահելությունը։
Իսկ սա հետեւանքն է այն բանի, որ տասնչորս տարի առաջ՝ կրկին ծնվելով, մեր
ազգն ու երկիրն այդպես էլ չի կտրել իր պորտալարը «մայր» կայսրությունից։
Խոսքս ամենեւին խորհրդային նախկին մի ղեկավարի հայտնությամբ քաղաքական
նոր-նոր ստեղծվող համակարգը ջախջախելու եւ նոստալգիկ հիստերիայի մեջ
ընկնելու մասին չէ։ Դա մի հուզական հոգեվիճակ էր, որը կարելի էր անցողիկ
համարել, եթե մտքով ու սրտով կտրված լինեինք հհհՀ կոչվող երկրից։ Իսկ
կտրվել նշանակում է՝ առաջին հերթին՝ ապաշխարել, իսկ ապաշխարել նշանակում
է՝ կուսակցական նախկին ֆունկցիոներին կամ բարձրաստիճանին թույլ չտալ
ճամարտակել մարդու կամ խոսքի ազատությունից, խոսել ահաբեկչությունից կամ
կաշառակերությունից՝ դրանք ներկայացնելով որպես Մարսից մեր գլխին ընկած
երեւույթներ։ Իսկ ապաշխարել նշանակում է, եթե ոչ՝ պահանջել Երեւանի
քանդված եկեղեցիների վերականգնումը, այլ գոնե՝ չընդդիմանալ քաղաքի փոքր
կենտրոնի ամենակենտրոնում շենքերի մեջ ծվարած եկեղեցու ազատագրմանը
«ազգային արժեք» հորջորջվող ինչ-որ քառահարկից։ Իսկ կտրվել նշանակում է՝
չզարդարել քաղաքի պատերն արդի հասարակությանն անծանոթ սովետական
գործիչների հուշատախտակներով՝ ում հայրն ու հորեղբայրն էլ նրանք լինեն։
Ձեռքիս տակ սոցիոլոգիական հարցման արդյունքներ չկան, բայց աչքաչափով կարող
եմ ասել, որ մեր քաղաքում ռուսախոս մարդիկ հիմա ավելի շատ են, քան նույն
Սովետի ժամանակ։ Տարօրինակ է, չէ՞։ Սովետի օրոք դրսում կրթություն
ստանալու միակ տեղը Մոսկվան էր, ու երեխաներին ռուսական դպրոց տվող մարդիկ
ասում էին, թե մոսկվաներում առանց ռուսերենի բան չես կարող անել։ Հիմա
աշխարհն ազատ է։ Ամերիկաներում ու եվրոպաներում կրթություն ստանալու
հնարավորությունները շատ են, ինչից, ի դեպ, հենց իրենք՝ ռուսներն էլ են
օգտվում, բայց մեր քաղաքի փողոցներում այսօր անգլերեն կամ ֆրանսերեն չեն
խոսում։ Դարձյալ Սովետից չկտրված պորտալարն է։ Այս ռուսերենն անցյալ
ժամանակով մեծ կայսրության քաղաքացի լինելու ձգտումն է։
Մի այլ օրինակ։ Բացառապես ամերիկյան դրամաշնորհներով ապրող
կազմակերպություններից շատերն իրենց ինտերնետային էջերը պատրաստում են
միայն անգլերեն ու ռուսերեն։ Անգլերենը, հասկացանք, դնում են, որ փող
տվողը կարդա, ռուսերե՞նն ում համար են դնում։ Դնում են հանուն Սովետից
չկտրված պորտալարի երկարակեցության։
Ու մինչ մեր հարեւանները նավթամուղ ու գազամուղ են կառուցում իրենց
տնտեսությունը զարգացնելու համար, մենք Սովետից չկտրված պորտալարով մեր
«Ջերմուկն» ենք արտահանում՝ ամեն երեկո գլուխ գովելով, թե պղպջակավոր այդ
ջրի արտադրողն արժանացել է Կրեմլի պաշտոնական մատակարարը դառնալու պատվին՝
այդպիսով ապահովելով հասարակ հայ ժողովրդի ու նորին մեծություն Վլադիմիր
Վլադիմիրովիչ Պուտինի հեռակա հոգեկան կապը։