Այն թեթեւությունը, որով իշխանական կուսակցություններն ու հրապարակային գործիչները տանում են մեր երկրում պետական մակարդակով կատարվող հանցագործությունները՝ կոռուպցիան, ամենաթողությունը, ընտրությունների կեղծումը, հասարակությանը զանգվածաբար կաշառելը, դատական համակարգի քայքայումը, թերեւս, մի արդարացում ունի. այդ ամենը կատարվում է մեր հայրենիքում՝ առանց օտարների միջամտության, սեփական ռեսուրսներով:
Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի դիմել ոչ մի ադրբեջանցու կամ թուրքի՝ օգնել իրեն լցոնել քվեատուփը: Նա օգտվել է բացառապես տեղական ուժերի ծառայություններից եւ դիմել է միայն իր հայրենակիցների, մասնավորապես՝ Մարգուշ Բիշարյանի եւ քրեական տարրերի օգնությանը: Գուցե այս միջադեպի մեջ շատերը հայրենասիրության տարրեր չեն նկատում, սակայն դա այդպես է միայն առաջին հայացքից: Իրականում՝ Ս. Ալեքսանյանը փորձ էր արել հայրենական բարքերը, այլ կերպ ասած՝ մեր երկրի կեղտոտ սպիտակեղենը, չցուցադրել եվրոպացիներին եւ այդ պահին ընտրատեղամասում գտնվող միակ եվրոպացուն՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին, նրբորեն հեռացրել էր ընտրատեղամասից: Քրեորեն պատժելի արարք կատարելուց եւ, հասկանալի է, անպատիժ մնալուց հետո ԱԺ պատգամավորը ՀՀ նախագահին ուղեկցել էր դիտելու Հայաստան-Թուրքիա պատանեկան թիմերի խաղը: Գտնվելով մարզադաշտում՝ նույն պատգամավորը կատարել էր հայրենասիրական եւս մեկ ակտ՝ լրացրել էր հայ երկրպագուների թիվը մեկով՝ ընդդեմ ոչ բարեկամական Թուրքիայի հավաքականի:
Օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ դատարանները ապօրինի որոշումներ են կայացնում. դատարան են կանչվում կեղծ վկաներ եւ կեղծ վկայություն տալիս, ինչպես պարբերաբար պատահում էր «Յոթի գործով»: Նրանք հենց դատարանում խոստովանում էին, որ իրենցից ցուցմունքները կորզել են խոշտանգելով: Ի դեպ, խոշտանգողները ծեծելիս հայհոյել են բացառապես մայրենիով: Քաղաքական գնահատականներ իշխանական կոալիցիայի որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չտվեց ո՛չ խոշտանգողներին, ո՛չ նրանց գործողությունները փաստացի կոծկող դատավորներին:
Մեկուսարաններում այսօր բազմաթիվ մարդիկ (խոսքը միայն մարտի մեկի գործով ազատազրկվածների մասին չէ) սպասում են արդարադատության, սպասում են, որ իրենց գործերը կվերանայվեն: Հասկանալի է, որ մեր երկրում արդարադատություն ակնկալելը նույնն է թե, ասենք, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին ստիպելը գեթ մեկ անգամ ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից կամ Գագիկ Ծառուկյանին խնդրելը՝ անհարկի չգործածել «ինքնըստինքյան» բառը:
Պետական մակարդակով կազմակերպվող եւ իրականացվող բազմաթիվ հանցագործություններ կատարվում են մեր հայրենիքի ներսում, եւ մեզ, հավանաբար, թվում է, թե հմուտ կոնսպիրացիայի շնորհիվ այդ մասին որեւէ տեղեկատվություն չի հասնում Ադրբեջան կամ Թուրքիա:
Այսօր չկա որեւէ ինֆորմացիա, որը հնարավոր լինի գաղտնի պահել: Ինտերնետի միջոցով մենք, տանից դուրս չգալով, գիտենք, որ Ադրբեջանում եւս իրավիճակը նույնքան վատ է, որքան մեզ մոտ: Ի դեպ, թուրքական կայքերից մեկում որոշ ինտիմ մանրամասներ կան Էրդողանի անձնական կյանքից:
Այսպիսով, ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում ընդունված հայտնի բանաձեւը՝ որոշ թերություններով հանդերձ՝ Հայաստանում արձանագրել է առաջընթաց ժողովրդավարության ոլորտում: Զարմանալի չէ, որ եթե ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակները կարող էին եւ հաճույք ստանալ բանաձեւի նման ձեւակերպումից եւ իրենց հրճվանքը, համաձայն Lragir.am-ի, նշել են ռեստորանում, մեր պատվիրակության մեկ այլ անդամի այն կարող էր եւ չգոհացնել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր եւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, դժգոհ բանաձեւի բովանդակությունից, առաջարկել է բանաձեւում ամրագրել եւս երեք կետ՝ ազատ արձակել մարտի մեկ-երկուսի գործով բոլոր ազատազրկվածներին, վերաստեղծել փաստահավաք խումբը` ներգրավելով նաեւ միջազգային փորձագետներին, եւ որ Հայաստանի հարցով համազեկուցողները մինչեւ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը պատրաստեն նոր զեկույց՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մասին: Եվ այս առաջարկությունները բանաձեւում ներառելու նպատակով ստորագրություններ է հավաքել: Այո՛, նրա առաջարկությունների տակ ստորագրած չորս պատվիրակներից երկուսն Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներ են, ընդ որում, վերջիններս ստորագրել են տիկին Փոստանջյանի նախաձեռնությամբ: Հասկանալի է, ցանկալի կլիներ, որ ստորագրողների թիվը լիներ անհամեմատ մեծ եւ առանց այս երկու երկրների պատվիրակների ստորագրությունների, սակայն լրատվական հաղորդումներում Զարուհի Փոստանջյանի այս քայլը ողբերգություն կամ ազգային դավաճանություն համարելը, այդ երկու ստորագրությունները արտաքին քաղաքականությանը հասցված անդառնալի հարված համարելը կատարվածի գրոտեսկային ընկալում է եւ հայրենասիրության անհարկի ցուցադրություն:
Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ «Ժառանգությունը» ներկայացնող պատգամավորի առաջարկությունները բխում են Հայաստանի շահերից, հետեւաբար, անկախ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների ստորագրելու մոտիվացիայից, նրանք ստորագրել են հօգուտ Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի: Այն տրամաբանությամբ, որով Հայաստանի քաղաքական ուժերը սկսել են քարկոծել Զարուհի Փոստանջյանի «դավաճանական» քայլը, պիտի որ Թուրքիայում եւ Ադրբեջանում եւս անարգանքի սյունին գամեին իրենց պատվիրակներին, ովքեր ստորագրել են հօգուտ հայ քաղբանտարկյալների ազատ արձակման, հօգուտ փաստահավաք խմբի վերաստեղծման եւ, առհասարակ, միջամտել են ոչ բարեկամական Հայաստանի ներքին գործերին: Սակայն նման տեղեկատվություն ինտերնետում չկար:
Իսկ քաղքենիական հիմնավորումները, թե մեր երկրի ներքին խնդիրները մեր պատվիրակները միշտ լուծել են այնպես, որ հանկարծ ու չվնասվի Հայաստանի միջազգային վարկանիշը, ինչպես պատմությունն է ցույց տվել, արդյունավետ չեն: Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը, կեղծ բարեպաշտության խմբակային ցուցադրությունները դրա վկայությունն են:
Հ.Գ. Ի դեպ, ԵԽ ԽՎ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակների մասին ադրբեջանական մամուլում խայտառակ հոդվածներ փնտրելիս՝ հանդիպեցի այս տեղեկատվությանը. Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի բնակիչ Հայրետտին Դիարբեքիրի առաջին ատյանի քրեական դատարանը պարտավորեցրել է կնոջն ու մանկահասակ որդուն պարբերաբար ծեծելու, կնոջ ծննդյան օրերն ու իրենց ամուսնության օրը համառորեն մոռանալու համար կնոջն ամեն շաբաթ ծաղկեփունջ նվիրել, իսկ որդուն մխիթարել՝ նրա համար հինգ ամսվա ընթացքում հինգ դաստիարակչական գիրք կարդալով: Հետաքրքիր է, թուրքերենով թարգմանվա՞ծ է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: