Բուժիչ նամակներ

26/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Լորենին (լիպա) ժողովրդական բժշկության մեջ

Լորենին լորենազգիների ընտանիքին պատկանող, մինչեւ 40մ բարձրության ծառ է: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին: Բուժման նպատակով հիմնականում կիրառվում են ծաղկաբույլերը` ծաղկատերեւներով: Հավաքում են չոր եղանակին, չորացնում՝ ստվերում: Չորացած հումքը պահում են կիսամութ ու քամոտ տեղում: Ճիշտ պահպանման դեպքում այն պիտանի է 3 տարի: Լորենու ծաղիկը ժողովրդական բժշկության ամենահին եւ ամենատարածված միջոցներից մեկն է: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ լորենու ծաղիկների եփուկը եւ ջրաթուրմը օգտագործում են որպես քրտնամուղ, միզամուղ, հակաբորբոքային, ցավը հանգստացնող եւ փափկեցնող միջոց՝ բազմաթիվ հիվանդությունների` կարմրուկի, խոզուկի, ցնցումների, նյարդային որոշ հիվանդությունների, միզուղիների քարային դիաթեզի ժամանակ եւ այլն: Թուրմը, որպես մանրէասպան միջոց, ողողումների ձեւով դրականապես է ներգործում բերանի խոռոչի բորբոքումների եւ անգինայի դեպքում: Ծաղիկների, տերեւների կամ կեղեւի եփուկը թրջոցների ձեւով օգտագործվում է այրվածքների, խոցերի, ռեւմատիկ եւ պոդագրայի հոդաբորբերի ժամանակ:

Գերմանիայում ծաղիկներն օգտագործում են որպես քրտնամուղ, կոկորդը ողողելու եւ լոգանքի ջրին բուրմունք տալու միջոց, իսկ բնափայտի ածուխը` լուծի, աղիների բորբոքումների եւ որոշ թունավորումների ժամանակ:

Լեհաստանում լորենու պատրաստուկները հանրահայտ են` որպես վերին շնչուղիների հիվանդությունների, անգինայի, գլխացավերի դեմ պայքարի լավ միջոց: Իսկ արտաքին գործածության համար այն շատ լավ միջոց է մազաթափության ու հոդային ռեւմատիզմի դեմ:

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ լորենին լայն կիրառում ունի նաեւ ստամոքսի կծկողական ցավերի եւ միզաքարային հիվանդության ժամանակ: Մեզ մոտ այն շատ է օգտագործվում թոքաբորբի ժամանակ: Ժողովրդի մեջ շատ տարածված է լորենու ծաղիկներից պատրաստված թեյը` որպես հիանալի բուժամիջոց: Թեյի պարբերաբար օգտագործումը լավացնում է սակավարյունությամբ տառապող հիվանդների արյան վիճակը: Իսկ մեր ընթերցողներից Կարինե Անանյանը գրում է. «Եթե լորենու մեղրից պատրաստված թեյը խառնենք կաթի հետ, այն հիանալի արդյունք կարող է տալ ջղաձիգ հազի դեպքում»:

Թորման եղանակով բնափայտից ստացվում է հեղուկ, որը ժողովրդի մեջ հայտնի է «արքայաջուր» անունով եւ օգտագործվում է վարակիչ հիվանդությունների ժամանակ հիվանդի իրերը ախտահանելու համար: Բնափայտի ածխափոշին օգտագործվում է ստամոքսի ցավերի, զկրտոցների եւ արյունային լուծի ժամանակ: Այս փոշով մաքրում են նաեւ ատամները:

Լորենու ծաղիկներից թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 1 ճաշի գդալ հումք եւ 1 բաժակ եռջուր ու թրմել 20 րոպե: Այնուհետեւ քամել եւ ըմպել տաք վիճակում` օրական 2-3 անգամ: Ավելի խիտ թուրմ ստանալու համար 1 բաժակ եռջրին ավելացնում ենք 2-3 ճաշի գդալ հումք: Պատրաստելուց հետո այն օգտագործում ենք նույն եղանակով: Լորենու ամենամեծ օգտակար հատկանիշը նրա բարձր մեղրատվությունն է: Որպես բուժական միջոց` մեղրը կարելի է օգտագործել նաեւ շփումների ձեւով` աղացած սեւ պղպեղի հետ խառնելով:

Նախկինում կենցաղային խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ լորենու թեյի հաճախակի գործածությունը վատ կարող է անդրադառնալ սրտին: Նման բան հնարավոր է, քանի որ լորենին քրտնամուղ ու միզամուղ է: Եթե նման բան եք զգում, պետք չէ հաճախակի օգտագործել լորենու թեյ:

Լորենու ծաղիկները շատ են օգտագործվում նաեւ կոսմետոլոգիայում: Օրինակ` լորենու ծաղիկներով դիմակը թարմություն է հաղորդում չոր մաշկին: Դրա համար պետք է վերցնել լորենու ծաղիկներ 10գ, երիցուկի ծաղիկներ 10գ, անանուխի թերթիկներ 10գ, մասուրի թերթիկներ 10գ ու ամբողջ խառնուրդն աղալ ու ավելացնել եռման ջուր՝ 1:2 հարաբերությամբ: Ստացված խյուսանման խառնուրդը լցնել թանզիֆի կտորի մեջ ու դնել դեմքին` պահելով 15-20 րոպե: Հետո դիմակը լվանալ գոլ ջրով: Այն ունի թարմացնող ու սնուցող նշանակություն:

Օգտակար խորհուրդ

Միսը թարմ է մնում, երբ նրա վրա քսում են կտրատված կիտրոն ու դնում բաց, օդ խաղացող տեղում: Այս դեպքում միսը երկար կարելի է պահել նույնիսկ շատ շոգ օրերին:

Միսը սառնարանում պահելիս պետք է հիշել. ինչքան խոշոր են մսակտորները, այնքան երկար ժամանակ կպահպանվեն: Հետեւաբար՝ խորհուրդ չի տրվում աղացած կամ շատ մանր կտրտած միս պահել սառնարանում: