Ինչպես են հայերը սահմանադրություն ընդունում

03/08/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այս օրերին ակամայից հիշեցի Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսը, որտեղ
հեղինակն իր հանրահայտ «Չելովեկ – էտո զվուչիտ գորդո» արտահայտությամբ
մարդուն դասում է ամեն ինչից վեր: Այնպիսի տպավորություն է, որ այսօր
Հայաստանում ամեն ինչից վեր դասվում է Սահմանադրությունը, որն իրականում
կոչված է ընդամենը ծառայելու այն մարդուն (խոսքս վերաբերում է Հայաստանի
Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու), ում համար գրվում է այդ
Սահմանադրությունը: Մինչ օրս մեր երկրի գործող Սահմանադրությունը չի
կատարել իր գլխավոր ֆունկցիան ոչ այն պատճառով, որ վատն է (թող
ՀՀՇ-ականները չոգեւորվեն, ես ամենեւին էլ հակված չեմ կարծել, որ այն լավն
է), այլ, որ այն խախտվել է ամեն րոպե եւ բոլորիս կողմից: Հետեւաբար,
ինչո՞ւ ես կամ Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է հավատա, որ երկրորդ
ընթերցման ներկայացված, Վենետիկի հանձնաժողովի «դաբրոն» ստացած,
«Արդարություն» դաշինքի «ապահարզանի ատմազկա» դարձած նոր
Սահմանադրությունը չպետք է խախտվի նույն հաջողությամբ: Առավել եւս, որ այդ
տեքստին չեն հավատում կամ առնվազն նրա հետ համաձայն չեն անգամ այդ
Սահմանադրության հեղինակները (բոլորս գիտենք, որ այս տեքստը նրանք
ներկայացրին Եվրոպական տարբեր կառույցների ճնշման ներքո): Ի դեպ,
չմոռանանք նշել, որ առաջին ընթերցման ժամանակ նոր Սահմանադրության
հեղինակները պատկերացնում էին, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը նախարարական
հերթական աթոռ է, որը կոալիցիան կարող է մնացածների նման մեջ-մեջ անել:
Նրանց մտքով անգամ չի անցնում, որ մի քանի տարի հետո դրությունը կարող է
փոխվել, եւ այսօրվա պաշտոն կիսողները կարող է ուրիշ բաներ սկսեն կիսել
(հատուկ այդ մարդկանց համար ուզում եմ հիշեցնել, թե որտեղ են այսօր
կոմունիստները, Վանոն եւ էլի մի քանի հոգի, որոնց դեմ տարբեր
ժամանակահատվածներում «խաղ չկար»):

Իսկ բոլոր նրանց, ովքեր ուզում են «աչոկ» հավաքել եւ ընդդիմություն խաղալ
այս հարցի շուրջ, կարող եմ միայն մի բան ասել։ Դուք ինձանից լավ գիտեք, որ
21 «աչոկից» շատ հավաքելու դեպքում. «կվառվեք», իսկ քչի համար էլ չարժե
այդքան էներգիա ծախսել, միեւնույն է, «Բլեք Ջեկը» Ձեզանից շուտ արդեն
«բռնել» են: Եվ վերջապես, Դուք ինձանից լավ գիտեք, որ եթե Մեծ
Բրիտանիայում կամ Իսրայելում մինչ օրս երբեք Սահմանադրություն չի եղել եւ
արդեն չի էլ լինի, դա չի նշանակում, որ նրանք անօրեն կամ ավտորիտար
երկրներ են, եւ որ այդ երկրների քաղաքացիները մեր քաղաքացիներից վատ են
ապրում:

Վերջին օրերին բոլոր շահագրգռված կողմերը միաբերան պնդում են, որ պետք է
բացատրական աշխատանքներ տարվեն ժողովրդի հետ, որպեսզի աշնանը ժողովուրդը
ճիշտ ընտրություն կատարի: Իսկ ժողովուրդն այնպես է վերաբերվում թե հին, թե
նոր Սահմանադրությանը, ինչպես այն մրգին, որի լավագույն տեսակը «Մալաչան»
է:

Այնպես որ, իրականում այս ամենն ընդամենը ձեւ է, ինչի հետեւից մենք`
հայերս, միշտ շատ ենք սիրում ընկնել, իսկ բովանդակությանը (որն առհասարակ
գրված է լինում գրքի վերջում) ոչ ոք չի ուզում նայել: Իսկ
բովանդակությունը մեր պարագայում ավելի շատ հեքիաթի է նման: Որովհետեւ
միայն հեքիաթում կարող է գրված լինել, որ Հայաստանում իշխանությունը
պատկանում է ժողովրդին կամ, որ պետական լեզուն հայերենն է (պետական լեզու
ունենալու համար առաջին հերթին պետք է պետություն ունենալ, իսկ մենք
առայժմ տարածք ենք): Միայն հեքիաթում կարելի է կարդալ, որ Հայաստանում
մարդն ունի աշխատելու եւ հանգստանալու իրավունք: Դա էլ հերիք չէ, դեռ մի
բան էլ մարդն ամենաբարձր արժեքն է: Բայց բոլորս գիտենք, որ բոլոր ազգերի
հեքիաթներն (այս հարցում հայերը բացառություն չեն կազմում) ունեն բարի
ավարտ, այնպես որ, ժանրի բոլոր կանոններով այս ամենն, իհարկե, կունենա
բարի ավարտ: Ես համոզված եմ, որովհետեւ նախ մանկուց շատ եմ սիրել կարդալ
հեքիաթ (ի դեպ, հիմա էլ եմ սիրում), եւ վերջիվերջո, այդ ժանրի նման
լավատես եմ եւ համոզված, որ մեր բարեկեցիկ ապագան (ինչում ես փոքր-իսկ չեմ
կասկածում) կախված է ոչ թե այս կամ այն տեքստից, այլ մեզանից` Հայաստանի
Հանրապետության քաղաքացիներից:

Հայաստանն անսահման(ադրություն) սիրող՝ Ա.Ք.