Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008 թվականի մարտի 2-ից ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ որոշում է կայացրել առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարը շարունակելու վերաբերյալ: «Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008թ. մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել: Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին իրադարձություններից հետո: Նախկինում որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իմ դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը հաղթահարված եմ համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իմ քաղբանտարկյալ ընկերներից շատերն ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ Ազգային կոնգրեսին: Եվ ուրեմն` հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես…»,- իր հայտարարության մեջ գրել է Նիկոլը: