ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ԵԽ ԽՎ լիագումար նիստում արձագանքելով պատվիրակ Հոլովատիի` մարդու իրավունքների վերաբերյալ ելույթին, ասել է. «Այո, ինչպես ցանկացած տրանզիտային ժողովրդավարության երկրում, մեր երկրում եւս դեռ կան մարդու իրավունքների հետ կապված որոշակի խնդիրներ։ Սակայն մեկ բան հստակ կարող եմ պնդել՝ մենք ինքներս ենք շահագրգիռ այդ խնդիրները լուծելու հարցում, եւ ոչ թե այն պատճառով, որ մեզանից դա պահանջվում եւ ակնկալվում է, այլ, որ արժեքային այն համակարգը, որը մենք որդեգրել ենք եւ որին դավանում ենք, մեր կատարած ընտրությունն է, ուստի ես հավատում եմ եվրոպական մեր հաջողությանը։ Այս պահին, սակայն, ես ուզում եմ խոսել այլ հարցի շուրջ, որը նույնպես առնչվում է մարդու իրավունքներին։ Այո, մարդու իրավունքը բարձրագույն արժեք է։ Բայց, եկեք լինենք անկեղծ. արդյո՞ք ԵԽ սահմաններում ամենուր հարգվում են մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները։ Ո՛չ։ Որպես ասածիս ապացույց, ես խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ անվտանգ ապրելու իրավունքի մասին, որը հետեւողականորեն ոտնահարվում է ԵԽ անդամ մեկ այլ պետության կողմից»։ Նաեւ հավելել է. «Ինքնորոշման իր իրավունքն իրացրած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է անվտանգ ապրելու եւ արարելու իրավունքից։ Արդյո՞ք մարդու իրավունքի ոտնահարում չէ այն, որ ԼՂՀ ժողովուրդը մշտապես ապրում է Ադրբեջանի կողմից պարբերական սպառնալիքների եւ պատերազմի հետեւողական քարոզչության պայմաններում։ Արդյո՞ք, երբ մենք այսօր այստեղ խոսում ենք Եվրոպայում մարդու իրավունքների իրավիճակի մասին, մեզ չպետք է հուզի եւ մտահոգի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ խաղաղ ապրելու իրավունքի վրա մշտապես դամոկլյան սրի նման կախված է Եվրոպայի խորհրդի մեկ այլ պետության կողմից ստի, կեղծիքի, ահաբեկչության, պատերազմի քարոզչությունը։ Ի դեպ, հավելեմ նաեւ, որ, այսպես կոչված` չճանաչված պետություն ԼՂ-ում մարդու իրավունքների մակարդակը եւ առհասարակ քաղաքական ազատությունների եւ իրավունքների մակարդակը շատ ավելի բարձր է, քան ԵԽ անդամ, այսպես կոչված` ճանաչված պետություն Ադրբեջանում»: