– Անցած տարվա սեպտեմբերից Դուք մասնակցում եք մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, արդեն ուսումնասիրում եք փաստահավաք խմբի տրամադրած նյութերը: Ի՞նչ չբացահայտված հարցեր ունեք այդ իրադարձությունների հետ կապված:
– Ինձ համար մութ է մնում մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունների օրինաչափությունը: Կարող եմ օրինակ ասել` մարտի 1-ի դեպքերի հետ կապված խուզարկությունների համար հիմնականում հիմք են ծառայել տարբեր մարմինների ձեռք բերված նյութերը, որոնք, չգիտես ինչու, վերաբերում են հիմնականում փետրվարի 29-ին: Դա ինձ համար անհասկանալի է: Մենք դեռ ֆորմալ շտաբի գոյության մասին նախագահական ուղղված նամակի պատասխանը չենք ստացել: Մինչեւ այժմ անպատասխան են այդ դեպքերի վրա լույս սփռող հիմնական հարցերը` ինչի՞ արդյունքում են այդ դեպքերը տեղի ունեցել, ի՞նչ մոտիվով է տեղի ունեցել զանգվածային անկարգություն: Քրեական հոդվածների փոփոխությունից հետո, երբ իշխանության յուրացման պահը հանվեց, զանգվածային անկարգություն կազմակերպելու մոտիվացիան մնաց անհասկանալի: Ո՞վ եւ ինչպե՞ս հրամայեց այդ ամենն անել: Ովքե՞ր են պատասխանատու, եւ ովքե՞ր են մարդասպանները: Եթե մենք այս հարցերին չենք պատասխանելու, ուրեմն բոլոր հանձնաժողովները, պետական մարմինները որեւէ աշխատանք չեն կատարել: Ես այս հարցերի մասին կարող եմ իմ անձնական կարծիքներն ասել` ընտրությունները կեղծվեցին, դրա պատճառով ժողովրդի մոտ ցասում բարձրացավ: Հրամաններն ամբողջությամբ արձակել է իշխանական վերնախավը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Սպանված զոհերի համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատու են այն հրոսակախմբերը, որոնք ստեղծվել են միգուցե Ոստիկանությունից եւ հիմնական զորքերից դուրս:
– Ձեր կարծիքով՝ իրավաչա՞փ էր մարտի 1-ի գիշերը հատուկ միջոցների օգտագործումը:
– Միանշանակ կարող եմ ասել, որ «Չերյոմուխա 7-ի» օգտագործումն այդ դեպքում եղել է ոչ օրինաչափ, որովհետեւ նկարագրում գրված է, թե էֆեկտիվ է այն կիրառել փակ տարածքներում: Հատուկ միջոց կիրառած եւ կիրառման հրաման տված սպաները քննիչին պատասխանել են, թե «Չերյոմուխա 7»-ը կրակել են պատերին, մայթերին, որ բացվեն: Այնինչ բացատրականի մեջ գրված է, որ այն կիրառվում է 35-45 աստիճան անկյան տակ, եւ կրակում են օդ, հետո ընկնում է ասֆալտին եւ 1 վայրկյանից բացվում է: Սա, հավանաբար, գրված է նրա համար, որ չկրակեն պատին ու ռեկաշետ չլինի: Ընդ որում, նրանք բոլորն էլ ասել են, թե չեն տեսել, որ մարդ է սպանվել: Դատելով այս ցուցմունքներից՝ կարելի է ասել, թե կամ այս մարդիկ ստում են, կամ եղել է մեկ այլ խումբ, որը նույնպես կիրառել է «Չերյոմուխա 7»: Ես ավելի ուշ` երբ ավարտեմ ուսումնասիրությունը, պատրաստ կլինեմ ասելու իմ վարկածը, թե այս տարբերակներից որն եմ համարում ճիշտ: Արդեն պարզվել է, որ դիմահար 2 կրակոց է եղել մեքենայի ու ավտոբուսի վրա: Երկու դեպքում էլ բոլորը փաստում են, թե այդ երկու կրակոցների պարագայում երկու վարորդներն էլ ողջ են մնացել, մեկը ընդհանրապես փախել է մեքենայից: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր մտնել հատուկ միջոցով կրակված մեքենայի խցիկ եւ այն կանգնեցնել: Իսկ երկրորդի դեպքում նույնիսկ հնարավոր է եղել այնտեղից հանել գազի բալոնը, վառել ու շպրտել զորքերի վրա: Ես կասկածում եմ, որովհետեւ այդ վիճակում, կարծում եմ, հնարավոր չէ մեքենա մտնել: Այդ դեպքում ընդհանրապես հակագազով են գործում:
– Եվրոպական կառույցները, ԵԽ ԽՎ-ն մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման գործում հիմնականում կարեւորում են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը: Նույնիսկ այսպիսի ձեւակերպում է արտահայտվում. «Հանձնաժողովի վերջնական զեկույցը ցույց կտա, թե արդյո՞ք բավարարվել են անկողմնակալության եւ վստահելիության չափանիշները, եւ արդյո՞ք անհրաժեշտ են հետագա հետաքննություններ»: Ինչո՞ւ հանկարծ ԵԽ ԽՎ-ն այդքան կարեւորեց այդ հանձնաժողովի աշխատանքը:
– Ես կարծում եմ, որ Վեհաժողովը շատ մեծ պարտավորություն է դրել հանձնաժողովի վրա, որովհետեւ չի տեսնում այլ կառույց, որտեղ ինչ-որ կերպ ընդգրկված են ընդդիմադիր գործիչներ: Փաստահավաք խումբը ցրեցին, նորը չեն կազմում: Դատախազությունն ու դատարանները պետական մարմին են, եւ ես չեմ կարծում, որ ԵԽ ԽՎ-ն դրանց անկախ համարի: Դրա համար հանձնաժողովն է մնացել միակ հասարակական-քաղաքական մարմինը, եւ ԵԽ ԽՎ-ում ցանկանում են հասկանալ, թե այն անաչա՞ռ է:
– Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը կասկած էր հայտնել, թե միգուցե ոչ բոլոր նյութերն են հանձնվել Նիկոյանի հանձնաժողովին: Դուք այդ նյութերն ուսումնասիրելիս նկատե՞լ եք, որ որոշ նյութեր բացակայում են:
– Փաստաթղթերն ուսումնասիրելու ժամանակ ես հանդիպում եմ գրառումների, բայց փաստաթղթերը չկան: Ես չգիտեմ` դրանք չե՞ն եղել, թե՞ եղել են, բայց կորել են:
– ԱԺ-ում տեղի ունեցող խմորումների, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ընթացքի վերջին զարգացումների առանցքում նորից աշխուժացել է արտահերթ ընտրությունների թեման: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան:
– Նմանատիպ խնդիր Հայաստանի համար իսկապես գոյություն ունի, դա արդեն դարձել է օրվա հրամայականը: Հատկապես, երբ կոալիցիան՝ որպես այդպիսին, արդեն գոյություն չունի: Դաշնակցությունը դուրս է եկել, ՕԵԿ-ի ձայները շատ են պակասել, ԲՀԿ-ն էլ, որքան ես հասկացա, Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում չվերցնելով որեւէ պաշտոն` փաստացիորեն քաղաքական դեմարշ է արել: Այս պայմաններում ի՞նչ կոալիցիա: Քաղաքական դաշտը վերաձեւվել է: Ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված է միայն «ժառանգության» 7 պատգամավորով: Հասարակական-քաղաքական պահանջը որեւէ ձեւով արտացոլված չէ խորհրդարանում: