Պլատֆորմս պլատվորմիդ վնաս չի՞

25/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Քաղաքական տարօրինակ երկխոսություն է սկսվել ընդդիմության խորհրդարանական եւ արտախորհրդարանական թեւերի` «Ժառանգություն» կուսակցության եւ Հայ Ազգային կոնգրեսի միջեւ: Երեւանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու չստացված փորձից հետո այս երկու ուժերի համագործակցությունը այդպես էլ չի կայանում:

Հունիսի 8-ին` ընտրություններից մեկ շաբաթ անց, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ին ու ոչ վաղ անցյալում իրեն ընդդիմություն հռչակած Դաշնակցությանը համագործակցության առաջարկ արեց: Դրան հետեւեց Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը` 12 կետից բաղկացած պլատֆորմը, որում ներառված խնդիրների լուծման շուրջ էլ ՀՀ առաջին նախագահը քաղաքական ուժերին կոչ էր անում միավորվել: «Ժառանգություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների ղեկավարներ Անահիտ Բախշյանն ու Արամ Կարապետյանը հայտարարեցին, թե կոչը կքննարկեն վարչությունում ու կպատասխանեն: ՀՅԴ ներկայացուցիչները ՀԱԿ-ի հետ համագործակցելու «թեմա» չգտան, իսկ Ր.Հովհաննիսյանի կոչին էլ մինչ այժմ կոնկրետ պատասխան չեն տվել: Եվ ահա երեքշաբթի օրը «Ժառանգությունը» ներկայացրեց 5 կետից բաղկացած իր «կոնտր պլատֆորմը» կամ նոր առաջարկությունը: Այնպես, ինչպես դա արեց Երեւանի ավագանու ցուցակը կազմելու ժամանակ, երբ Կոնգրեսի առաջարկած ցուցակին հակադրեց իր ցուցակը: Արդյունքում համագործակցությունը չստացվեց, ու «Ժառանգությունը» որոշեց ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Չորս ամիս անց կարծես թե պատմությունը կրկնվում է, եւ եթե նկատի ունենանք նախորդ չստացված փորձը, կարելի է ենթադրել, որ համագործակցությունը չի ստացվի նաեւ այս անգամ: Սակայն չի բացառվում, որ այս անգամ արտախորհրդարանական ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն այնուամենայնիվ կարողանան ընդհանուր եզրեր գտնել, ներկայացրած ծրագրերը սինթեզել ու մեկ ընդհանուր պլատֆորմ ստանալ, որի շուրջ էլ փորձեն համագործակցել: Տեսականորեն հնարավոր է, որ իր սեփական պլատֆորմով հանդես գա նաեւ ՀՅԴ-ն, ու այդպես այս երեք ուժերը փորձեն նոր համագործակցություն սկսել: «Սա պատասխան քայլն է, որով մենք ասում ենք` այո, քո պլատֆորմը մենք տեսանք եւ ընդունելով այդ կոչը` սեղանի վրա դնում ենք մեր քայլերը, որը չի հակասում, այլ հակառակը՝ լրացնում է ՀԱԿ-ի առաջարկին: Ես կարծում եմ, որ արդյունքում ինչ-որ ծրագիր պիտի լինի: ՀՅԴ-ն էլ ինչ-որ քայլեր կառաջարկի»,- ասում է Ա.Բախշյանը:

Դաշնակցությունում կրկին որոշում չկա: Պատգամավոր Արտյուշա Շահբազյանն ասում է, թե պետք է քննարկեն այդ կոչը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ դեռ պատասխան չուներ: Սակայն ընդդիմադիր ալյանս ստեղծելու այս քաղաքական երկխոսությունից կարծես թե դուրս է մնացել ժամանակ առ ժամանակ արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող ՆԺԿ-ն, որի ղեկավարն էլ խոստացել, բայց դեռ չի քննարկել Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացրած պլատֆորմի շուրջ միավորվելու հարցը: «Դեռ քննարկումներ չենք արել, որովհետեւ մտածում ենք, թե հիմա մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքները պարզելը շատ ավելի կարեւոր է: Այն ժամանակ էլ ես ասեցի, որ պլատֆորմում չկա որեւէ նոր բան, որի մասին ընդդիմությունը չի բարձրաձայնել: Կարծում եմ, հաջորդ հանրահավաքին Լ.Տեր-Պետրոսյանը դա կասի: Եվ շատ ուրախ եմ, որ ՀԱԿ-ը վերջիվերջո գալիս է արտահերթ ընտրությունների գաղափարին, այն գաղափարին, որ որեւէ պայմանավորվածություն այս իրավիճակում իշխանությունների հետ հնարավոր չէ: Եթե նկատել եք, սա շատ լավ ու ինչ-որ տեղ ավելի հեղափոխական պլատֆորմ է: Կարեւորագույն խնդիրը դա իրացնելն է»,- ասում է Ա.Կարապետյանը:

ՆԺԿ-ն դուրս է մնացել նաեւ «Ժառանգության» առաջարկած համագործակցության շրջանակից: Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունն իր կոչը չի ուղղել նաեւ ՆԺԿ-ին: «Ես չգիտեմ: Կոնկրետ այս կոչը, որ արել ենք ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, պատմություն ունի, եւ չեմ ուզում ասել, թե ինչու հատկապես նրանց ուղղվեց: Բայց Ա.Կարապետյանը լսել է այդ կոչը, եւ ցանկացած ուժ, որն ուզում է երկրի ժողովրդավարացման համար իր մասնակցությունը բերել, կարող է քայլ անել եւ ասել, թե՝ ես էլ եմ ուզում համագործակցել: Մենք հետո կորոշենք` ընդունելի՞ է այդ քայլը»,- ի պատասխան՝ նշեց տիկին Բախշյանը:

«Շատ մեծ հարգանք ունենալով «Ժառանգության» նկատմամբ` ասեմ, որ նա շատ սխալ է անում: «Ժառանգությունը» հիմա անում է մի քաղաքական քայլ, որն իմ կարծիքով՝ տեղին չէ: Տեր-Պետրոսյանի պլատֆորմը, կարծում եմ, բաց է թարմացնելու եւ այլ հարցեր ընդգրկելու տեսակետից: Ես նաեւ չեմ կարծում, թե հիմա ժամն է ասելու, թե ում շուրջը հավաքվենք: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ իր շուրջը պետք է հավաքվեն, կամ իր ասածն է անցնելու: Ես նաեւ կասկածում եմ, թե ՀՅԴ-ն երբեւէ կմիանա Լ. Տեր-Պետրոսյանի պլլատֆորմին, որտեղ արտահերթ ընտրությունների եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ կա: ՀՅԴ-ն համաձայն չէ արտաքին դաշտում իշխանությունների կատարած որոշ քայլերի հետ: Ներքին քաղաքական խնդիրներում երբեւէ նա արմատական կեցվածք չի ունեցել, բայց քննադատել է ձայներ ստանալու համար: 1996 թվականից ՀՅԴ-ն երկրի ներքին կյանքում արմատական, հեղափոխական փոփոխությունների կողմնակից չի եղել: Դա է եղել նրանց քաղաքական պլատֆորմը»,- կարծում է ՆԺԿ ղեկավարը եւ ավելացնում, թե առաջիկայում ընդդիմության դաշտում լուրջ դաշինքներ չեն սպասվում, որովհետեւ չկան ընտրություններ: