Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին շուրջ 823 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնելու ծրագրին: Այս մասին երեկ հայտարարեց ԱՄՀ երեւանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը:
Նա ասաց, որ այս օժանդակությունը տրամադրելիս ԱՄՀ-ն համաձայնության է եկել ՀՀ կառավարության հետ քաղաքականության հետեւյալ ուղղությունների հարցում. դրամավարկային եւ հարկաբյուջետային պայմանների թուլացում, սոցիալական ոլորտի ծախսերի չկրճատում: Այդ գումարից շուրջ 240 մլն դոլարը արդեն իսկ տրամադրված է, մինչեւ այս շաբաթվա վերջ կտրամադրվի եւս մոտ 160 մլն դոլար` տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով շուրջ 400 մլն դոլարի: «2009-ին Հայաստանի համար արտաքին տնտեսական հեռանկարը զգալի վատթարացել է: Մասնավոր տրանսֆերտների եւ կապիտալ ներհոսքերի նվազումը խորացրել է արտաքին անհավասարակշռությունները եւ բացասաբար անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների եւ ներդրումների վստահության վրա: Շինարարական գործունեությունը` նախկին տարիների աճի հիմնական շարժիչը, սրընթաց անկում է ապրել, իսկ տնտեսությունը խորը անկման մեջ է»,- Գործադիր խորհրդի հունիսի 22-ի` Հայաստանին նվիրված քննարկումից հետո հայտարարել է ԱՄՀ-ի կառավարիչ-փոխտնօրեն եւ նախագահի պաշտոնակատար Մուրիլո Պորտուգալը: Ն. Օմեսը երեկ նաեւ պարզաբանեց, թե ինչու է ԱՄՀ-ն որոշել հենց 823 մլն դոլար օժանդակություն տրամադրել: Ըստ նրա, նախ եւ առաջ իրենք նայել են Հայաստանի վճարային հաշվեկշռին, որտեղ երեւում է, թե որքան արտարժույթ (դոլար, եվրո եւ այլն) է մտնում Հայաստան եւ որքան` դուրս գալիս: Ըստ այդմ` Հայաստանից դուրս եկող եւ Հայաստան մտնող արտարժույթի ծավալների տարբերությունը (վճարային հաշվեկշռի պակասուրդը) շեշտակիորեն աճում է: Դա, ըստ Ն. Օմեսի, պայմանավորված է հիմնականում 2 հանգամանքով: 1. Ռուսաստանից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը այս տարվա առաջին 5 ամիսներին կտրուկ` ավելի քան 40%-ով, նվազել է (դրանք արտարժութային տեսքով են լինում): 2. Հայաստան մտնող արտարժույթի ծավալը նվազել է նաեւ այն պատճառով, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանված ապրանքների ծավալն է կտրուկ նվազել (48%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Հայաստան մտնող արտարժույթի ծավալների նվազումը խնդիրներ է առաջացնում ներմուծման տեսանկյունից: Եվ, ըստ Ն. Օմեսի, իրենք այս ցուցանիշները հաշվի առնելով են որոշել տրամադրել հենց 823 մլն դոլար, որպեսզի հնարավոր լինի ծածկել ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթի ծավալը: Ն. Օմեսը նշեց, որ այս 823 մլն դոլար գումարի մի մասը` 312 մլն-ը, տրամադրվելու է Կառավարությանը, ինչը աննախադեպ է այս կազմակերպության գործունեության պրակտիկայում, քանի որ սովորաբար իրենց տրամադրած ողջ գումարը ուղղվում է երկրների Կենտրոնական բանկերին: ԿԲ-ն էլ դրանք տրամադրում է առեւտրային բանկերին, որոնք էլ իրենց հերթին վարկավորում են ողջ տնտեսությունը: Սակայն, ըստ Ն. Օմեսի, այսօր Հայաստանը լուրջ խնդիրներ ունի նաեւ հարկային եկամուտների կրճատման պատճառով եւ որպեսզի բյուջեով նախատեսված գոնե սոցիալական ծախսերը (թոշակներ, նպաստներ, աշխատավարձ եւ այլն) չկրճատվեն եւ ժամանակին կատարվեն, իրենք այս 312 մլն դոլարը տրամադրելու են կառավարությանը եւ մնացած 511 մլն-ը` ԿԲ-ին: «Ավանդաբար ԱՄՀ-ն միայն ԿԲ-ներին է գումարներ տրամադրում: Բայց այս անգամ 312 մլն-ը մենք տրամադրելու ենք կառավարությանը, որն այն կարող է օգտագործել ծախսերի կատարման` աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարման համար: Այդ 312 մլն-ի կեսը կօգտագործվի 2009-ի, իսկ կեսը` 2010-ի բյուջեի համար: Մենք պայման ենք դրել, որ այդ սոցիալական ծախսերը չկրճատվեն»,- հայտարարեց Ն. Օմեսը: Նա նաեւ նշեց, որ իրենք հաշվարկներ են կատարել, թե արդյոք Հայաստանը կկարողանա՞ վերադարձնել այս վարկերը: «Նախ դիտարկում ենք պետական պարտքի, այսինքն` կառավարության եւ ԿԲ-ի պարտքի հարաբերությունը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա: Անշուշտ, այդ հարաբերությունը գնալով աճում է, քանի որ մեծ ծավալի վարկեր են տրամադրվում նաեւ Համաշխարհային բանկի ու Ռուսաստանի կողմից: Եվ այդ ցուցանիշը նախորդ տարվա 18%-ից 2011թ.-ին կարող է հասնել 46%-ի: Սակայն, մեր կարծիքով, դա, այնուամենայնիվ, կառավարելի ռիսկ է, այսինքն` Հայաստանը կկարողանա վերադարձնել այդ գումարները»,- պարզաբանեց Ն. Օմեսը: Խոսելով շինարարության ծավալների նվազման մասին (այս տարվա առաջին 5 ամիսներին այն նվազել է 56%-ով), Ն. Օմեսը նշեց, որ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանի բանկերը խստացրել են վարկերի տրամադրման պայմանները: Ըստ Ն. Օմեսի` բանկերի կողմից քիչ վարկերի տրամադրումը պայմանավորված է 4 գործոններով: 1. Վարկավորումը խիստ ռիսկային է դարձել, այսինքն` բանկերը վախենում են, որ իրենց կողմից տրամադրված վարկերը ժամանակին չեն մարվի: 2. ՀՀ բանկերը իրացվելիության (այսինքն` անհրաժեշտ քանակությամբ կանխիկ փող ունենալու) հետ կապված խնդիրներ ունեն, վախենում են, որ ավանդատուները իրենց ավանդները կհանեն բանկերից: 3. Դրամի արժեզրկումից առաջ ավանդատուների մեծ մասը իրենց ավանդները դրամայինից վերածեցին դոլարայինի, բայց քանի որ բանկերի տրամադրած երկարաժամկետ վարկերը արդեն իսկ դրամով էին, ստեղծվեց մի իրավիճակ, երբ բանկերի ավանդները գերազանցապես դոլարով են, իսկ վարկերը` դրամով: Սրան գումարվում է նաեւ այն, որ սպառողական վարկերը միայն դրամով կարող են տրամադրվել: Այս վիճակը ռիսկային է բանկերի համար: 4. ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրավվող միջոցները (ավանդները, ինչպես նաեւ ԿԲ-ի կողմից այդ բանկերին տրամադրվող վարկերը) կարճաժամկետ են, իսկ բանկերի կողմից տրամադրվող վարկերը` երկարաժամկետ, ինչը նույնպես պատճառ է հանդիսանում, որ մեր բանկերը վարկեր չտրամադրեն: «Արդյունքում՝ մենք այսօր ունենք մի վիճակ, երբ առեւտրային բանկերը շատ քիչ են վարկեր տրամադրում»,- ասաց Ն. Օմեսը:
Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի գնաճի հիմնախնդրին` նշելով, որ 2008թ. միջին գնաճի համեմատ իրենք Հայաստանի համար 2009թ. կանխատեսում են 3% գնաճ: «Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ մեր կանխատեսումներով գնաճը կկազմի 3.5%»,- նշեց Ն. Օմեսը: