Դատական «շոու»` երեք գործողությամբ

25/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն, որ մեր դատարանները հաճախ աշխատում են նախապես գծված սցենարներով` այլեւս նորություն չէ մեզ համար: Դատարանները սկսել են փոխարինել թատրոններին` մի տարբերությամբ, որ այստեղ մուտքն առանց տոմսերի է:

Առաջին գործողություն

2009թ. մարտի 3-ին Արաբկիր համայնքի (այժմ արդեն՝ վարչական շրջանի) թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Գեւորգյանին Արաբկիր համայնքի արդեն նախկին համայնքապետ Ալբերտ Երիցյանն ազատել է աշխատանքից: Ա. Երիցյանը, որպես պատճառ, նշել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ կետը: Իսկ սա ենթադրում է հետեւյալը. գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով (Իրականում Ա. Երիցյանը հաշվեհարդար էր լուծում մանկապարտեզի տնօրենի նկատմամբ, ով ՏԻՄ ընտրություններում իրեն չի սատարել): Ընդ որում` նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` կենսաթոշակային տարիք համարվում է 65 տարին: Անահիտ Գեւորգյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 25-ին, այսինքն` օգոստոսին կլրանա նրա 64-րդ տարին: Այս առնչությամբ էլ ամիսներ առաջ Ա. Գեւորգյանը քաղաքացիական հայցով դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասությունների դատարան` Ա. Երիցյանից պահանջելով վերականգնել իր իրավասությունները: Դատական առաջին նիստի օր նշանակվեց մայիսի 15-ը: Սակայն Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրությունների հետ կապված պատասխանող կողմի զբաղված լինելով` հետաձգվեց դատական նիստը: Ի դեպ, այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ա. Գեւորգյանի փաստաբան Ժորա Վարոսյանը, ում համոզմամբ` դատական նիստը հետաձգվել է անհիմն կերպով: Դատական հաջորդ նիստի օր նշանակվեց հունիսի 3-ը:

Երկրորդ գործողություն

Հունիսի 3-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասությունների դատարանում Ալբերտ Երիցյանի փաստաբանը` Գեղամ Կարապետյանը, դատարանին հայտնեց, որ այդ պահի դրությամբ Երեւանում արդեն գոյություն չունեն համայնքներ եւ համայնքապետեր: Վերջինս մեջբերեց «Երեւանի մասին» նոր օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի` ավագանու ընտրություններից հետո Երեւանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված: Զավեշտալին այն էր, որ դատարանն ընդունեց օրենքի այս կետը եւ ոչ պատշաճ պատասխանող կողմ համարեց Ա. Երիցյանին: Այդպիսով պատշաճ պատասխանող կողմ դարձավ Երեւանի քաղաքապետարանը: Այս թեմային մենք դեռ կանդրադառնանք: Իսկ հիմա դատական երրորդ նիստի մասին:

Երրորդ գործողություն

Դատական երրորդ նիստը տեղի ունեցավ հունիսի 23-ին: Այս անգամ արդեն միայն հայցվոր կողմի փաստաբան Ժորա Վարոսյանի մասնակցությամբ` առանց պատասխանող կողմի ներկայության, այսինքն` Երեւանի քաղաքապետարանի կամ թաղապետարանի ներկայացուցչի: Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Գեւորգյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդությունը: Այս անգամ դատարանը միջնորդությունը բավարարեց: Մինչդեռ երկրորդ նիստի ժամանակ նույն միջնորդությունը մերժվել էր: Այստեղ փաստաբան Վարոսյանը ներկայացրեց նույն բացատրությունները, որոնք նա ներկայացրել էր դեռ երկրորդ նիստի ժամանակ: Ի վերջո, երկար հարցուպատասխանից հետո դատական նիստը համարվեց փակված, իսկ դատավճռի հրապարակման օր նշանակվեց հուլիսի 7-ը:

Կուլիսների ետեւում

Դեռեւս դատական երկրորդ նիստի ժամանակ դատարանը հիմք ընդունեց, ինչպես արդեն գիտեք, «Երեւանի մասին» նոր օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի` Երեւանի համայնքները վերակազմակերպվել են, այսինքն` այսուհետ ոչ թե համայնքներ, այլ վարչական շրջաններ են: Նույն օրենքի 1-ին կետը, սակայն, դատարանը չնկատեց: Այս մասին մենք նշել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում: Մեջբերում ենք մեր նախորդ հրապարակումից. «…Ուշագրավն այն է, որ դատավորը, ով պատասխանող կողմի լիազոր ներկայացուցիչ Գ. Կարապետյանի ասածներն ընդունեց որպես հիմք` դատական նիստը հետաձգելու համար, ինքը տեղյակ չէր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքից»: Ի դեպ, դատական նիստից հետո դատավոր Ռ. Վարդազարյանը, ի պատասխան նախորդ մեր հրապարակման, ասաց, որ դա թյուր կարծիք է: Այսինքն` դատարանը տեղյա՞կ էր նույն օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի մասին, որտեղ ասվում է. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի թաղային համայնքների ավագանիները եւ թաղային համայնքները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչեւ ավագանու լիազորությունների ստանձնումը»: Իսկ ավագանիներն իրենց լիազորությունները ստանձնելու էին հունիսի 8-ին, ինչը ենթադրում է, որ ներառյալ դատական երկրորդ նիստը` հունիսի 3-ը, եւ դրան հաջորդող 4 օրերը, Արաբկիր համայնքի ղեկավար էր համարվում Ալբերտ Երիցյանը: Թե ինչպես հետաձգվեց դատական երկրորդ նիստը, մենք արդեն տեղեկացրեցինք: Ու նորից ուշագրավ մի փաստ` դատական երրորդ նիստին ընդունվեց հայցվոր կողմի արագացված դատաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը, իսկ վճիռը հրապարակվելու է ոչ թե անհապաղ, այլ 14 օր հետո: Սա, ըստ փաստաբան Ժ. Վարոսյանի, կրկին օրենքի խախտում է, քանի որ համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի` արագացված դատաքննության վճիռը պետք է հրապարակվի անհապաղ: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հայցվոր կողմի փաստաբան Ժ. Վարոսյանը չի բողոքարկում նման խախտման համար, փաստաբանը նշեց, որ մինչեւ բողոքարկի Վերաքննիչ դատարան, նույնքան ժամանակահատված է պահանջվելու, եւ փաստաբանի կարծիքով՝ ավելի հարմար է սպասել հուլիսի 7-ի դատավճռին: Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա Արաբկիր համայնքի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Անահիտ Գեւորգյանի կարգավիճակը, որը մինչ օրս ապօրինի կերպով հեռացվել է աշխատանքից, համարվում է որպես հարկադիր պարապուրդի մեջ գտնվող, ու այս ամիսների ընթացքում ստանում է նույնքան աշխատավարձ, որքան նա նախկինում ստանում էր աշխատանքային ամսվա վերջում: Եվս մեկ ուշագրավ դիտարկում, որը հիմք ծառայեց այս ամբողջ շոուի համար:

Արաբկիրում այս մանկապարտեզը տնօրեն Ա. Գեւորգյանի շնորհիվ շատ բարձր համբավ ուներ: Եվ չնայած այդ ամենին, Ա. Երիցյանը որոշեց հաշվեհարդար տեսնել իրեն չսատարելու համար: Թաղապետ դառնալուց հետո Ա. Երիցյանն անմիջապես Գեւորգյանին ազատում է աշխատանքից` իբրեւ կենսաթոշակային տարիքը հասած կնոջ: Սա՝ այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին Ա. Գեւորգյանն աշխատանքային նոր պայմանագիր էր կնքել: Այդ պայմանագրից ընդամենը մեկ շաբաթ անց Ա. Երիցյանը տնօրենին ազատում է աշխատանքից: Իսկ նոր տնօրեն է նշանակվում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի կինը` Լուսինե Դարբինյանը, ով, ի դեպ, պետք է դառնար Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցում կառուցվող բարձրահարկ շենքի առաջին հարկում բացվելիք նոր մանկապարտեզի տնօրենը: