Ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո բացվեց «Լույս» հիմնադրամը: Երեկ Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում հավաքված ուսանողներին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց հիմնադրամի նպատակները:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հենց Տիգրան Սարգսյանի բնակարանի վրա էլ գրանցված է այս հիմնադրամը: «Լույս» հիմնադրամը զբաղվելու է մշակութային, գիտական եւ կրթական խնդիրներով: Սա մասնավոր նախաձեռնություն է: Իր գործառույթներով այն միայն օգտագործելու է մասնավոր հատվածից հավաքագրած միջոցները, եւ ծախսվելու է բարեգործական հիմունքների վրա»,- ասաց Տ. Սարգսյանը: Ըստ նրա` հասարակության հետաքրքրված լինելն այս հիմնադրամով պայմանավորված է այն գործոնով, որ հիմնադրամը գտնվում է ՀՀ նախագահի հովանու ներքո: Այս ընթացքում, սակայն, շատերն են հարց տալիս, թե ինչո՞ւ է կրթական ծրագրերի նպատակով ստեղծված «Լույս» հիմնադրամը բարեգործական ինչ-ինչ միջոցառումներ իրականացնում: «Մենք օգնել ենք կազմակերպել նաեւ բարեգործական համերգներ, հովանավորել ենք մշակութային ծրագրեր` Ջիվան Գասպարյանի 80-ամյակը,«Ջեթրո-Թալի» համերգը Երեւանում»,- նշեց Տ. Սարգսյանը` ապա անդրադառնալով հիմնադրամի կրթական ծրագրերին, որի տնօրեն է ընտրվել Ժակլին Կարաասլանյանը: Տ. Սարգսյանը ներկայացրեց նաեւ կրթական ծրագրերի բյուջեն. «Այս տարվա բյուջեն, որը հատկացրել ենք կրթական ծրագրերի իրականացման համար, մի փոքր գերազանցում է 400 միլիոն դրամը, եւ Ժակլինը, հաշվի առնելով բյուջեի սահմանափակումը, կազմել է ծրագիր 2009 թվականի համար»: Հիմնադրամի կրթական ծրագրերի խորհրդի կազմում ընդգրկված են` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ, փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, Տիգրան Սարգսյանը եւ այլք: Այնուհետեւ ելույթը շարունակեց հիմնադրամի կրթական ծրագրերի խորհրդի նախագահ Ժակլին Կարաասլանյանը, ով նախ անդրադարձավ նախկինում իր ծավալած գործունեությանը, երբ դեռ 1982թ. Փարիզում աշխատում էր ամերիկացի գիտնականների հետ: Որոշ ժամանակ անց նա այդ գիտնականների հետ տեղափոխվում է Բոստոն` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ: «Այս երկու տասնամյակում ես կազմակերպեցի բազմաթիվ հանդիպումներ հայ ուսանողների, գիտնականների հետ: Կապը Հայաստանի հետ ինձ համար շատ կարեւոր էր: Ու շատ անգամ իմ գործընկերները կատակով ասում էին` «Ժակլին, քո գրասենյակը դարձել է Հայաստանի գիտական դեսպանատունը»,- պատմեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենը: Վերջինս, անդրադառնալով հիմնադրամի կրթական ծրագրերին, նշեց, որ այսօր բազմաթիվ ուսանողներ կան, ովքեր ուսանելու են գնացել օտարերկրյա անվանի համալսարաններում: «Լույսի» ծրագիրը շատ հզոր է, որովհետեւ առաջին անգամ է, որ ստեղծվում է մի սիստեմ, որ բոլորին միացնում է: «Լույսի» առաքելությունը երկակի է` մեկը, որ շատացնենք հայ ուսանողների թիվը լավագույն համալսարաններում, երկրորդը` ստեղծել ցանցը, որ մեզ կմիացնի»,- ընդգծեց Ժ. Կարաասլանյանը: Սա հանդիպման պաշտոնական հատվածն էր, որին հաջորդեցին ուսանողների կողմից տրվող հարցերը: Ի դեպ, հարցերի քչություն նույնիսկ չնկատվեց, բայց աննկատ չմնաց նաեւ ծրագրի նկատմամբ այն կասկածամտությունը, որ ունեին ուսանողները: Նրանցից ոմանց հետաքրքրում էր, օրինակ, այն, թե 400 միլիոն դրամով քանի՞ ուսանողի կարող են հովանավորել, երբ բոլորս էլ գիտենք լավագույն համալսարանների աստղաբաշխական վարձավճարները: Ստոկհոլմի համալսարանի ուսանողուհուն էլ հուզում էր այն հարցը, թե արդյո՞ք ինքը հնարավորություն կունենա ընդգրկվել ծրագրում, այսինքն` ստանալ կրթաթոշակ: Ի դեպ, նշենք, որ կրթաթոշակ չի տրվելու այն ուսանողներին, ովքեր արդեն այդ հայտնի համալսարանների ուսանողներն են: Այսինքն` կրթաթոշակը տրվելու է այն ուսանողներին, ովքեր այս տարի են պատրաստվում դիմել հայտնի այդ համալսարաններ: Երբ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոանեսյանը հետաքրքրվեց, թե նրանք ի՞նչ հիմունքներով են ընտրում կոնկրետ Մոսկվայից` 15 ուսանողից 3 ուսանողի, ու մնացյալ 12-ը հիմնադրամ դիմելիս ստանում են «փոստային արկղը լիքն է» պատասխանը, Ժակլին Կարաասլանյանը պատասխանեց, որ նրանք կոնկրետ Մոսկվայից ստացել էին երեք նամակ, որոնց էլ պատասխանել են, իսկ «փոստային արկղը լիքն է» հաղորդագրությունը եղել էր միայն մի օր, այն էլ` երկու ժամով: Իսկ երբ Դանիելը փորձեց հակադրվել Ժ. Կարաասլանյանին, վարչապետը նկատեց, որ հարց ու պատասխանը տեղափոխվել է բանավեճի դաշտ: Ու հարց տալու հաջորդ հնարավորությունն ընձեռեց մեկ այլ ուսանողի: Հանդիպման ավարտից հետո Դանիելի մոտ այդպես էլ մնացել էին կասկածները: «Գիտե՞ք` վարչապետը վերջում ի՞նչ ասաց ինձ: Նա ասաց, թե երեխան դեռ չծնված, քննադատում ենք: Բա էդ երեխան, որ դեռ չէր ծնվել, ինչպե՞ս էր 1 միլիոն դոլարի հովանավորչություն անում Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգին»,- հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Դանիել Իոանեսյանը: