Հունիսի 4-7-ը Եվրամիության անդամ երկրներում տեղի ունեցան այդ կազմակերպության բարձրագույն օրենսդիր մարմնի` Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները: Ավելորդ է նշել ոչ միայն համաեվրոպական, այլեւ, ըստ էության, նաեւ համաշխարհային նշանակության այդ իրադարձության կարեւորությունը: Հայաստանում, սակայն, Եվրախորհրդարանի ընտրությունների վերաբերյալ նույնիսկ հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի շրջանում հետաքրքրություն չէր դրսեւորվում: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ անգամ քաղաքական ուժերի շատ ներկայացուցիչներ տեղյակ էլ չէին, որ նման իրադարձություն է տեղի ունեցել: Այն դեպքում, երբ Հայաստանը` չլինելով Եվրամիության անդամ, այդուհանդերձ, ամենատարբեր ձեւաչափերի ծրագրերով կապված է այդ կազմակերպության հետ, եւ գոնե երկրի քաղաքական վերնախավը պետք է որ տեղեկացված լիներ այդ իրադարձության վերաբերյալ: Առնվազն այն տեսանկյունից, թե արդյո՞ք Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները կարող էին ազդել այն ծրագրերի վրա (Նոր Հարեւանության քաղաքականություն, «Արեւելյան գործընկերություն»), որոնցում ներգրավված է նաեւ Հայաստանը: Իհարկե, արդեն եվրոպական շրջանակներում գերակայող տեսակետի համաձայն, ընտրությունների արդյունքում արձանագրված որոշակի փոփոխություններն ու ուժերի ոչ այնքան սկզբունքային վերադասավորումը չի ազդի Եվրախորհրդարանի գործունեության ուղղվածության վրա, ուստի Հայաստանին վերաբերող ծրագրերը նույնպես կշարունակեն գործել նույն ռեժիմում: Սակայն դա ամենեւին չի արդարացնում քաղաքական ապատիան կամ անտարբերությունը:
Մյուս կողմից՝ անտարբերությունն այն հիմնական չափորոշիչն էր, որով բնութագրվեցին Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները: Եվրամիության օրենսդիր մարմնի պատմության ընթացքում ընտրողների մասնակցության ռեկորդային ցածր ցուցանիշը ներկայումս դարձել է եվրոպական քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների քննարկման առանցքային հարցերից մեկը: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ նույն երեւույթը փոքր-ինչ այլ դրսեւորումներով արտահայտվեց նաեւ Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ: Սակայն, ի տարբերություն Եվրամիության երկրների, Հայաստանում մինչեւ օրս էլ քննարկվող հիմնական հարցն այն է, թե ընտրություններում որ ուժը որքան ձայն ստացավ եւ ինչու: Քչերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու է հասարակությունը հիասթափվում ընտրության ինստիտուտից: