Ո՞ւմ են պետք հիվանդ մարդիկ

03/08/2005 Նատա ՈՍԿԱՆՅԱՆ

Եթե երիկամներն էլ չեն կատարում իրենց ֆունկցիան, բժիշկները գործի են
դնում, այսպես կոչված, արհեստական երիկամը՝ հեմոդիալիզի սեանսները: Ու
սկսելուց հետո արդեն պետք է շարունակես այդ սեանսները հետագա ողջ կյանքիդ
ընթացքում: Եվ պիտի լինես բժշկի հսկողության տակ:

Շաբաթը երեք անգամ, 4-ական ժամ արյունդ մաքրվում է հատուկ ապարատի
միջոցով: «Շաբաթական այդ երեք օրը դուրս են մնում կյանքիցդ: Գալիս ես
տուն, քնում: Նման ռեժիմով քեզ աշխատանքի չեն ուզում ընդունել: Ավարտել եմ
պոլիտեխնիկ ինստիտուտը, ունեմ նախագծեր: Դրսում լիներ, կօգտագործեին իմ
պոտենցիալը, իսկ այստեղ՝ ո՞ւմ եմ պետք»,- ասում էր երեւանցի 40-ամյա
Արամը: Արամը վերջերս մահացավ:

Հայաստանում կա հեմոդիալիզի հինգ կենտրոն, որոնցից չորսը՝ Երեւանում
(մեկը՝ մանկական), հինգերորդը՝ Գյումրիում: Տեղերը սահմանափակ են,
միջոցները՝ սուղ: Երբեմն հիվանդին ասվում է՝ «տեղ չկա, գնա՛-փորձի՛ր մյուս
կենտրոններում»:

Վերջին տարիներին աճել է այս հիվանդների թիվը: «Պատճառները վերլուծվում
են: Բայց նախեւառաջ դա բացատրվում է դիալիզի որակի որոշակի լավացմամբ եւ
մահացության նվազմամբ. հիվանդները կուտակվում են»,- ասում է Էրեբունի
բժշկական կենտրոնի դիալիզի բաժանմունքի գիտապրակտիկ ղեկավար, Հայաստանում
դիալիզի գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանը:

Այսօր դիալիզ է ստանում մոտ 260 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ ու
երիտասարդներ: Ամենամեծ խումբն են կազմում 30-50 տարեկանները: Գագիկ
Պապիկյանի գնահատմամբ՝ շուրջ 300 տեղի առկայությունը բավարար կլիներ
Հայաստանի մասշտաբով:

Տեղ չլինելու խնդիրը նախեւառաջ համապատասխան սարքավորումներն են, որոնք
սակավաթիվ են ու հին: Դիալիզ անցկացվում է երեք հերթափոխով: «Եթե այսպես
գնա, ստիպված ենք լինելու 24 ժամ՝ 4 հերթափոխով դիալիզ անել. չենք կարող
եւ իրավունք էլ չունենք»: Միեւնույն ֆիլտրը մեկ հիվանդի համար մի քանի
անգամ է օգտագործվում, ինչը չի արգելվում, սակայն նվազեցնում է սեանսի
արդյունավետությունը:

«Եղած ապարատների 90%-ն օգտագործման մեջ է 10 տարուց ավելի, մինչդեռ դրանց
ժամկետն է՝ 5 տարի: Մինչեւ ապարատները չփոխվեն, մոռացե՛ք դիալիզի որակի
լավացման մասին»,- ասում է Գագիկ Պապիկյանը:

Հիվանդներից ոմանք իրենք են հրաժարվում «ապարատի տակ» կյանքից. ասում են՝
«ինչքան կապրեմ՝ կապրեմ»: Չի գալիս դիալիզի նաեւ հեռավոր շրջանների
հիվանդների մի մասը, որի համար շաբաթական երեք անգամ գալ-գնալը պրոբլեմ է:
Չեն գալիս ու մահանում են: Երեւանից դուրս միակ դիալիզի կենտրոնը
Գյումրիինն է, այն էլ՝ մի բժշկով ու մի քանի բուժքույրով, 10 ապարատով ու
20-25 հիվանդով: Գագիկ Պապիկյանի խոսքերով՝ ծրագրվում է բացել եւս 5
կենտրոն՝ հեռավոր շրջաններում: «Օրինակ, հիմա Գորիսից հիվանդներ ունենք.
նրանց կենցաղային կյանքը կոտրվում է այդ գալ-գնալուց: Տեղում է պետք
կազմակերպել: Գումարներից է կախված, նախատեսում ենք անել դա՝ պետական ու
բարեգործական միջոցներով»: Հայտնի չէ՝ երբ:

Էրեբունի բժշկական կենտրոնի դիալիզի բաժանմունքի բժշկուհի Արմինե
Առուստամյանի խոսքերով՝ ամենամեծ պրոբլեմը մարդկային հոգեբանությունն է.
«Պետք է համաձայնես ապրել ապարատից, անձնակազմից, բժշկից կախվածության
մեջ՝ ոչ լիարժեք կյանքով… Համաձայնում են. կյանքը քաղցր բան է…»:
Լինում է, որ հիվանդը շատ ուշ է դիմում՝ «դանակը ոսկորին հասած»: Մինչ այդ
ասում է՝ ի՛նչ է՝ գնամ ապարատի տա՞կ: «Շատ ծանր է իմանալը, որ այսուհետ
դիալիզով ես ապրելու. երբ իմացա, էլ չէի ուզում ապրել»,- ասում է 32-ամյա
Հեղինեն:

Պետպատվերի շրջանակներում դիալիզի մեկ սեանսի համար տրամադրվող 17.000
դրամը մասամբ ապահովում է անհրաժեշտ միջոցառումներն ու նյութերը: Մյուս
մասը հիվանդներն իրենք պետք է հոգան: Բայց շատերն այդ հնարավորությունը
չունեն: «Ինձ նոր դեղ են նշանակել ոսկորների ամրացման համար, կոճակը՝ 1
դոլար: Պիտի մի բան ծախենք տանը»,- ասում է հիվանդներից մեկը: Ոմանք
արտերկրում բնակվող ընկեր-բարեկամներից ստանում են դեղերը՝ համեմատաբար
էժան:

Գագիկ Պապիկյանի խոսքերով՝ ըստ հաշվարկների՝ մեկ սեանսի համար 20.000-ական
դրամի տրամադրումը յուրաքանչյուր հիվանդին՝ հնարավորություն կտար նույնիսկ
նորացնելու սարքավորումը, ճիշտ է՝ հաջորդաբար:

Ո՞ւր են գնում հիվանդները: Իհարկե Եվրոպա, հատկապես՝ Գերմանիա: Մեկնում են
իբրեւ փախստական, էմիգրանտ, զարտուղի ճանապարհով: «Մեկնում են Գերմանիա ու
երկրին փաստի առաջ կանգնեցնում. հենց օդանավակայանում գնում են բուժկետ,
ձեռքը տնքում, թե՝ դիալիզի հիվանդ եմ: Իսկ այնտեղ ընդունված է ամեն ինչ
անել, եւ շատ դժվար է արտաքսել հիվանդ մարդկանց»,- ասում է Էրեբունի
բժշկական կենտրոնի դիալիզի բաժանմունքի բժիշկ Մորդեխ Կացիաշվիլին:

Ոմանք մեկնում են ուրիշի անվան տակ՝ հեշտացնելու մեկնման ընթացքը. դիալիզի
հիվանդների արտագաղթն էլ ավելի դժվար է: Ոչ մի երկիր չի ուզում ավելացնել
իր «ծախսատար» հիվանդների թիվը: Մեկին, ով մեկնել էր Հոլանդիա եւ շուտով
մահացել այնտեղ, չէին կարողանում գտնել՝ հուղարկավորման համար Երեւան
տեղափոխելու, քանի որ երկրից դուրս էր եկել այլ անվան տակ:

Բայց քանի դեռ ապրում ես, թեկուզ՝ հիվանդ, Եվրոպայում լավ է: «Հիմա ճիշտ
կլինի ասել ոչ թե՝ «դիալիզով բուժվել», այլ՝ «դիալիզով ապրել», այնքան որ
արտասահմանում դիալիզը կատարելագործված է»,- ասում է Նոր Նորքի զանգվածի
հիվանդանոցի դիալիզի բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Պանդունցը: Նրա խոսքերով՝
Սկանդինավյան երկրներում, օրինակ, հիվանդների 60-70%-ը տանն են ստանում
դիալիզ: Բարեկամներից որեւիցե մեկը վեցամսյա կուրսերից հետո կարող է
ամենաժամանակակից սարքավորման միջոցով ապահովել իր հարազատի խնամքը:
Հիվանդը ցերեկը գնում է աշխատանքի, հետո գալիս՝ իր դիալիզը ստանում,
ընթացքում հեռուստացույց նայում, եւ այդպես շարունակ: Եվրոպայում ֆիքսված
օրերի նախատեսվում են միկրոավտոբուսներ, եւ աշխատում են դիսպետչերներ՝
հիվանդներին պրոցեդուրաների վայր հասցնելու եւ հետ բերելու համար:
Հիվանդները ստանում են նպաստներ, դեղերն ու արյան ներարկումը մտնում է
սեանսի գնի մեջ: Արտերկիր մեկնած հայ հիվանդները զանգում են ու պատմում
իրենց բախտակիցներին՝ «այնքան լավ եմ, հեծանիվ եմ քշում»:

Դիալիզի բաժանմունքների ղեկավարները ծրագրում են ստեղծել ասոցիացիա՝
բժիշկների ու հիվանդների մասնակցությամբ, որը կզբաղվեր ու կառավարությանը
կներկայացներ այս հիվանդների վիճակը:

Հիվանդները չեն ստանում աջակցություն. ապահովվում է միայն անհրաժեշտ
բժշկական մասը: «Չի իրականացվում ո՛չ սոցիալական, ո՛չ հոգեբանական
ռեաբիլիտացիա,- ասում է Արմինե Առուստամյանը,- եթե հիվանդը, ասենք,
ուսուցիչ է դպրոցում, եւ կոլեկտիվում կա նորմալ վերաբերմունք նրա
նկատմամբ, ապա դեռ կաշխատի ժամային գրաֆիկով: Իսկ մյուսներն ի՞նչ անեն.
պիտի բացատրե՞ն ամեն անգամ, թե՝ ես էսինչ ժամերին դիալիզ պիտի ստանամ, որ
սաղ մնամ»:

Հատկապես մեծ է Գերմանիա մեկնողների թիվը: Ռազմիկ Պանդունցի խոսքերով՝
Գերմանական դեսպանատան հյուպատոսական բաժնից այցելել էին հիվանդանոց՝
«հարց էր ծագել, թե ինչու այդքան շատ են Հայաստանից փախչող դիալիզի
հիվանդները: Եկան-տեսան, որ պետպատվեր ու գերմանական սարքավորում է մեզ
մոտ: Բայց թե մենակ ժեշտով չի: Այնտեղ հիվանդներին պահում են, դրա համար
էլ գնում են: Գերմանիային, հավանաբար, ավելի ձեռնտու լիներ օգնել մեզ՝
այստեղ պահելու մեր հիվանդներին, որ չգնան (գոնե հոսքը պակասեր)»:

Հեմոդիալիզի «թանկ» ծախսը Եվրոպայում հոգում են խոշոր ապահովագրական
ընկերությունները: «Հեմոդիալիզն՝ իր իդեալական պայմանների տեսանկյունից,
կարելի է համարել հարուստ երկրի ծառայություն»,- ասում է Նոր Նորքի
զանգվածի հիվանդանոցի դիալիզի բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Պանդունցը:

Արեւմտյան մի ֆիլմում «հիվանդը» սար է բարձրանում՝ դիալիզի ապարատը թեւի
տակ, մի տեղ ընդմիջում, ստանում իր դիալիզն ու շարունակում ճամփան: Սարեր
էլ կան Հայաստանում, նման հիվանդներ էլ: Բայց «գործի չեն ընդունում: Շատ
կուզեի, որ մեզ աշխատելու հնարավորություն տային: Օֆիսներ լինեին, որտեղ
մենք թեթեւ գրաֆիկով աշխատեինք: Հիմա ոնց որ էս աշխարհից կտրված լինենք:
Կուզեի, որ Ռոբերտ Քոչարյանը գար տեսներ՝ ինչ վիճակում ենք»,- ասում է
32-ամյա Հեղինեն: