Ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունն ունի քրոնիկական եւ պարբերաբար կրկնվող ընթացք: Այն յուրաքանչյուր սրացման հետ ծանրանում է: Սրացումները սովորաբար նկատվում են սեպտեմբեր-հոկտեմբեր եւ մարտ-ապրիլ ամիսներին եւ արտահայտվում որովայնի վերին մասի ցավերով ու մարսողության խանգարման երեւույթներով` այրոցի զգացում, սրտխառնոց, զկրտոց եւ այլն:
Հիվանդության հիմնական նշանը ստամոքսի կամ 12-մատնյա աղիի ներսային պատի խոցն է, որի ախտածնության մեխանիզմը դեռ վերջնականապես բացահայտված չէ: Հայտնի է, որ նպաստող գործոններ են սննդային ռեժիմի մշտական խախտումներն ու սննդատեսակը, ժառանգական նախատրամադրվածությունը, նյարդային գերլարված վիճակը, բացասական հույզերը եւ այլն: Վերջիններս խախտում են գլխուղեղի կեղեւի կարգավորող ֆունկցիան, որի հետեւանքով ներքին օրգաններին, այդ թվում նաեւ ստամոքսին եւ 12-մատնյա աղիին բավարար չափով արյուն ու թթվածին չի մատակարարվում: Ստամոքսի եւ աղիի պատերը աղաթթվով հարուստ ստամոքսահյութի հանդեպ դառնում են գերզգայուն: Հուզական լարվածության ժամանակ ավելի շատ աղաթթու եւ պեպսին են արտադրվում: Ահա թե ինչու խոցով հիվանդին չի կարելի նյարդայնանալ:
Խոցային հիվանդության առաջացմանը եւ սրացմանը նպաստում են նաեւ վնասակար սովորությունները` ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների չարաշահումը, մի շարք դեղամիջոցների երկարատեւ օգտագործումը, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի լորձաթաղանթի պաշտպանունակության թուլացումը, շարժողական ֆունկցիայի խանգարումը, նրանց պատի անոթային փոփոխությունները, լորձարտադրության նվազումը եւ այլն:
Հիվանդության հիմնական ախտանիշը որովայնի վերին շրջանի դեպի աջ ճառագայթող ցավն է: Եթե խոցը տեղակայված է ստամոքսի մուտքի շրջանում, ապա ցավերը լինում են անմիջապես սնունդ ընդունելուց հետո, իսկ եթե գտնվում է է ստամոքսաելքի եւ 12-մատնյա աղիի հատվածում, ապա սկսում է անհանգստացնել ուտելուց մի քանի ժամ հետո, քաղցած վիճակում կամ գիշերը: Երբեմն այն անվանում են «քաղցածության ցավեր»: Այսպիսի ցավը կարող է խփել դեպի կրծքավանդակի ձախ մասին, ողնաշարի կրծքային հատվածին եւ հաճախ ուղեկցվել մարսողության խանգարման երեւույթներով: Նման ցավերը անհետանում կամ նվազում են փսխելուց, ուտելուց, տաք օգտագործելուց եւ թթվությունը չեզոքացնող ու սպազմը վերացնող պատրաստուկներ ընդունելուց հետո:
Օրինակ` յոդացված օսլայի օգտագործումը շատ լավ է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերին: 50մլ տաք ջրի մեջ բացել 1 թեյի գդալ կարտոֆիլի օսլա, ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ եւ մի պտղունց կիտրոնաթթու:
Խտացված լուծույթը լցնել 150մլ եռջրի մեջ ու եփել, եւ միայն սառելուց հետո ավելացնել կես թեյի գդալ յոդի 5 տոկոսանոց սպիրտային լուծույթ: Պետք է ստացվի կապույտ գույնի լուծույթ: Սենյակային ջերմաստիճանում եւ փակ ամանի մեջ այն կարող է պահպանվել 1 ամիս եւ չկորցնել իր բուժիչ հատկությունները: Այն կարելի է ընդունել շաբաթը 2 անգամ` 1 թեյի գդալից:
Ստամոքսախոցին շատ լավ է սրոհունդի հետ թրմած արեւածաղկի յուղը: 0,5կգ թարմ սրոհունդի վրա ավելացնել 1 լիտր արեւածաղկի յուղ եւ 2 շաբաթ թրմել մութ տեղում: Խմել օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ` 1-2 ճաշի գդալ: Իհարկե, առաջին հերթին պետք է դիմել բժշկի:
Ցավերն առաջանում են նաեւ այն ժամանակ, երբ աղաթթվով ու պեպսինով հարուստ ստամոքսահյութը կուտակվելով դատարկ ստամոքսում, գրգռում է նրա բորբոքված ու ախտահարված լորձաթաղանթը: Ահա թե ինչու խոցով հիվանդը պետք է սնվի օրը 4-5 անգամ, որոշակի ժամերի, եւ չքնի առանց սնունդ ընդունելու: Սնունդը եւ ջուրը չեզոքացնում են ստամոքսահյութի թթվայնությունն ու կանխում ցավերի առաջացումը: Ցավային համախտանիշը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում: Հաճախ նոր սկսվող ոչ մեծ խոցերի ժամանակ հիվանդության կլինիկական նշանները խիստ են արտահայտվում եւ ընդհակառակը` քրոնիկական, արդեն պնդացած եզրերով խոցի դեպքում` շատ թույլ: Հիվանդը կրկնվող ցավային նոպաներից կարող է կարճ ժամանակում հյուծվել: Առանց բժշկի նշանակման դեղորայք ընդունելն արգելվում է: Որոշ դեղեր կարող են բացասական ներգործություն ունենալ ստամոքսի լորձաթաղանթի վրա եւ սրել արդեն եղած հիվանդության ընթացքը: Հատկապես պետք է զգուշանալ բարդությունների առաջացումից` արյունահոսություն եւ այլն: Նման դեպքեր կարող են նկատվել այն հիվանդների մոտ, ովքեր օգտագործում են կոշտ սնունդ, սպիրտային խմիչքներ, դիետա չեն պահպանում, խախտում են սննդի ռեժիմը եւ այլն:
Հիվանդության ընթացքը վատանում է բարդությունների դեպքում` ստամոքսի սպիական նեղացում, արյունահոսություն, խոցի թափածակում, կից օրգանների մեջ ներթափանցում, չարորակ կազմափոխություն եւ այլն:
Խոցային արյունահոսությանը բնորոշ են ձյութանման կղանքը, արյունային փսխումները, խիստ թուլությունը, գունատությունը, սառը քրտինքը, ականջների աղմուկը, գլխապտույտները, երբեմն` կոլապսը: Արյունահոսությունը կյանքին վտանգ սպառնացող բարդություն է, որի դեպքում հիվանդը անպայման պետք է գտնվի վիրաբույժի հսկողության տակ:
Եթե երկար տարիներ խոցային հիվանդությամբ տառապողների մոտ որովայնի վերին հատվածի ցավերն, անկախ սնունդ ընդունելուց, դառնում են կայուն եւ փոխանցվում դեպի գոտկատեղի հատված, սրտխառնոցն ու փսխումը ուժեղանում են, ջերմությունը` մի փոքր բարձրանում, պետք է մտածել ենթաստամոքսային գեղձի մեջ խոցի ներթափանցման մասին: Դրա համար ավելի շուտ պետք է դիմել մասնագետի: Խոցը հարեւան օրգանների մեջ ներթափանցելուց բացի՝ կարող է թափածակվել: Դրա հետեւանքով պեպսինով եւ աղաթթվով հարուստ ստամոքսի պարունակությունը թափվում է որովայնի խոռոչ ու կարճ ժամանակաընթացքում առաջացնում ծանր թարախային պերիտոնիտ: Վերջինս կյանքի համար լուրջ վտանգ է առաջացնում: Քրոնիկական խոցային հիվանդության արդյունավետ բուժման, բարդությունների կանխման հուսալի միջոցը ժամանակին կատարվող վիրահատությունն է: Վիրահատությունը կարելի է ցուցված համարել նաեւ այն դեպքում, երբ 3-5 տարվա բուժումը ցանկալի արդյունք չի տվել: