Ընտրության փոքր մոդելը

25/06/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հայաստանի ստեղծագործական միությունները պարբերաբար հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում միայն այն ժամանակ, երբ պետք է միության նախագահ ընտրվի:

Ընտրությունների ընթացքում էլ կամ միաձայն վերընտրում են գործող նախագահներին, կամ էլ հաստատվում է, որ ստեղծագործողները երկու բանակի են բաժանվել ու պայքարում են ղեկավարելու` իշխանության գալու համար: Ընդ որում, վերջին տարիների ընտրական պրոցեսները վկայեցին, որ «ընդդիմադիրները» չեն հաղթում: Աղմուկ են բարձրացնում, դատական գործեր են իրար դեմ հարուցում, հայհոյում ու նույնիսկ ծեծում են իրար, սակայն պանծալի աթոռին չեն հասնում: Թեկուզեւ մեկ առանձին վերցրած հասարակական-պրոֆեսիոնալ օղակում նման նախադեպ չի եղել:

Միություններն ընդհանրապես մեր արդի հասարակության փոքր մոդելը կարելի է համարել, քանի որ խորհրդային տոտալիտար կարգերի կենտրոնացված գաղափարախոսության տարածողները լինելով` նրանք այժմ հայտնվել են գաղափարազուրկ դաշտում ու փորձում են նյութական ժառանգությունը տնօրինելու իրավունքը պահպանել (որոշ դեպքերում նաեւ` դա անել օրենքի շրջանցումով կամ խախտումով): Լրիվ նույնը ջանում են անել նաեւ ՀՀ շարքային քաղաքացիները, որոնց համար շոշափելի արժեք ունեցող գույքը (նաեւ օրինական գույքին կցված, ասենք, անօրինական պատշգամբը կամ գարաժը) ապահով, անկախ ու ազատ գոյատեւման գրավականն է, իսկ ստեղծագործական միտքը կամ արվեստի այս կամ ճյուղի գլուխգործոց ստեղծելը, կարդալը կամ տեսնելը բնավ էլ կարեւոր չեն:

Նյութական արժեքներին առաջնահերթություն տալով` գրեթե բոլոր ստեղծագործական միությունները դարձել են բիզնես-կղզյակներ, նրանք վարձով են տալիս իրենց տարածքները, վաճառում են նաեւ իրենց վիրտուալ` օդային տարածությունները, որոնք վերածվում են բնակելի բարձրահարկ շենքերի, օֆիսների, ռեստորանների կամ գումար խոստացող այլ «օբյեկտների»: Բոլոր ստեղծագործական միությունների նախագահները լավ հասկանում են, որ իրենց ուզածը նյութականն է, սակայն միշտ խոսում են վեհ բաների մասին եւ վեհապանծ բառապաշարով: Եվ որքան մեծ են լինում միության ֆոնդերն ու տարածքները, այնքան բառերն ավելի ազգանվեր են դառնում: Նախագահները սկսում են ավելի հաճախ հայտնվել տարբեր տրամաչափի իշխանավորների կողքին` ցուցադրելով բոլորին, որ իրենք լեգիտիմ ու հավերժ են: Եվ հետեւաբար` միակն ու անփոխարինելին են, եւ իմաստ չունի նրանց հետ մրցել ու ընդդիմադիր «ստեղծագործողների» ընտրել: Նման կեցվածքի արդյունավետությունը հստակ երեւում է մեր կյանքում, տարբեր կազմակերպություններ ու անհատներ փորձում են նույնը անել` ապացուցելով, որ իրենց թեկնածությունը կանխորոշված է վերեւներում, եւ ցանկացած ընտրություն ձեւական է լինելու: Այդ կեցվածքին մենք կարող ենք ամեն քայլափոխի հանդիպել, դա մերօրյա ընտրությունների մոդելն է:

Երբ կիսելու բան է լինում, միշտ շատանում են կիսելու պրոցեսին մասնակից դառնալ ցանկացողները: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, օրինակ, կիսելու քիչ բան կա: Նրանց գույքն արդեն կիսված է, Կինոյի տան որոշ հատվածը բնակելի շինություն է դառնալու, իսկ ֆիլմեր նկարահանելու համար գումար ու այդ գումարին հավակնողների մեծ հերթեր չկան (այն գումարը, որը կա, տնօրինում եւ բաշխվում է Մշակույթի նախարարության կողմից): Կինոն ընդհանրապես «սատկած» (ինչպես ասաց հայ կինոռեժիսորներից մեկը) վիճակում է գտնվում, եւ այդ իրավիճակում բնական է, որ Կինոգործիչների միությունը խորը նիրհի մեջ է գտնվում: Ռուսաստանի կինոգործիչներն, օրինակ, իրար ուղղակի «մորթում» են` միության գույքի ու միություն մուտք գործող գումարների համար, քանի որ ռուսական կինոարտադրությունն ահռելի ծավալ ունի ու հսկայական շահույթ է ապահովում: Իսկ մեր միությունը, որը վերջերս միաձայն վերընտրեց գործող նախագահ Ռուբեն Գեւորգյանցին, գույքի տնօրինումից բացի, իր առջեւ նվազագույն խնդիրներ է դնում. գումարով աջակցում է պատկառելի տարիքի հասած ու թոշակի անցած կինոգործիչներին: Ավելին անել չի կարող եւ չի էլ ցանկանում, սպասում է լավ օրերին ու գոյատեւում է ընդամենը որպես իրական լծակներից զուրկ մի կառույց: Նույնիսկ, եթե այնտեղ նախագահ փոխվի, ոչինչ էլ չի աշխուժանա: Այնտեղ շահերը մեծ չեն, հետեւաբար բախումն էլ արյունալի չէ:

Շահերի բախման պատրանք ստեղծվեց Կոմպոզիտորների միությունում, որտեղ ընդդիմադիր թեւ էր ձեւավորվել (ընդդիմադիր կոմպոզիտորներ Լեւոն Չաուշյանն ու Էդուարդ Սադոյանը նկատել էին, որ իրենց միությունը «բարոյական անկում» է ապրում), սակայն միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը այդ բախումը հանգիստ ընդունեց ու կրկին վերընտրվեց: Թեեւ, այս անգամ արդեն՝ ոչ միաձայն: Կոմպոզիտորներն իրենց պրոֆեսիոնալ ունակությունների շնորհիվ չեն կարող շատ փող վաստակել, նրանց ֆոնդերն էլ խոշոր գումարով համալրված չեն: Թատերական գործիչների միությունը կարող էր լուրջ դերակատարություն ունենալ մեր օրերում, եթե նրա ղեկավարները այդքան անհեռատես չլինեին եւ գոնե փորձեին իրենց մոտ եղած գումարն ու հովանավորների աջակցությունը անմիտ բաների վրա չծախսել` թաքցնելով սեփական ստեղծագործական անզորությունը:

Խոշոր ֆինանսական հոսքեր կան Նկարիչների ու Գրողների միություններում, որտեղ եւ լուրջ պայքար է ծավալվում` այդ հոսքերի աղբյուրը ուղղորդելու համար: Թեեւ վերջերս ՆՄ նախագահ կրկին` արդեն երրորդ անգամ վերընտրվեց Կարեն Աղամյանը, սակայն այնտեղ բախումները հանգուցալուծում դեռ չեն ստացել: Միության «ընդդիմադիր» թեւը կազմող Արմեն Աթանյանն ու Արա Շիրազը պնդում են, որ Կ.Աղամյանը անօրինական քայլ է արել, փոխել է կանոնադրությունն ու նախագահության ժամկետի երկարաձգումից բացի, նաեւ գույքը տնօրինելու, վաճառելու, նվիրատվություն անելու եւ լուծարելու արտակարգ լիազորություններ է ձեռք բերել: Ֆոնդերի ու տարածքի հետ կապված մութ բնույթ ունեցող պայմանավորվածություններ ու լիազորություններ ունի նաեւ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ում շուտով ընտրություններ կոչված փորձություն է սպասվում: Իսկ ընդդիմադիր գրողներ Ռազմիկ Դավոյանն ու Աբգար Ափինյանը անհամբեր սպասում են այդ օրվան, որպեսզի կարողանան նախագահին գույքի ու ֆինանսների մասին մի քանի մեղադրանք-հարցեր ուղղել:

Ինչո՞ւ են սարսափում համաժողովներից

Կոմպոզիտորները 18 տարի համաժողով չեն ունեցել, եւ միայն վերջերս են նման հավաք հրավիրել (Լ.Չաուշյանը լրագրողներին հայտնել է, որ Ռ.Ամիրխանյանը ժողովների ֆոբիա, վախ ունի), գրողները համագումար են անցկացրել 4 տարի առաջ, վերջերս Լ.Անանյանը հայտարարել էր, որ համաժողովը կլինի 2010 թվին, ու պետք չէ այն ավելի վաղ հրավիրել, սակայն Արդարադատության նախարարությունը վճիռ կայացրեց, որ համաժողովը պետք է այս տարի անցկացվի:

Մեր հանրապետությունում ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեն, նրանք կարող են նախագահ (նաեւ աշխատանքային եւ գաղափարական կառուցվածքը) փոխել հերթական կամ էլ արտահերթ համաժողով գումարելով: Եվ գրեթե բոլոր «ընդդիմադիրները» գործող նախագահներից հենց համաժողով հրավիրել են պահանջում (որն ըստ օրենքի՝ պետք է տարին 2 անգամ լինի), իսկ գործողներն էլ ընդդիմանում են: Նկարիչների միության նախագահն, օրինակ, ոչ թե ընդդիմացավ, այլ` համաժողովի անվան տակ պարզապես ժողով հրավիրեց ու փոխեց կանոնադրությունը (այժմ դատական գործ է հարուցված): Գրողներն ավելի բուռն են արձագանքում, ոչ միայն ստորագրահավաքներ են կազմակերպում, այլեւ` ցանկացած առիթ օգտագործելով՝ իրար մեղադրում, սպառնում, ահաբեկում, հայհոյում եւ նույնիսկ` ապտակում են իրար: Ա. Ափինյանն, օրինակ, վստահ է, որ եթե Լ. Անանյանը իջնի ասպարեզից, կկորչի կեղծիքը, շանտաժը, թշնամանքն ու ստորությունը, իսկ մենք կսիրենք գրականությունը:

Կոմպոզիտորները ԶԼՄ-ների միջոցով են փորձում իրենց ուզածին հասնել, իսկ Թատերական գործիչների, Ճարտարապետների ու Լրագրողների միությունները գերադասում են ավելորդ անգամ իրենց ոլորտի խնդիրների մասին չխոսել ու վստահեցնում են, որ իրենց մոտ ամեն բան հաշտ ու հանգիստ է: Թեեւ հաշտ լինելը դեռ չի նշանակում առողջ ու գործ անող լինել, մանավանդ, որ հենց թատրոնում, մամուլում ու ճարտարապետական որոշումներում են նկատվում ամենացավալի խնդիրները:

Ստեղծագործական միությունների շատ անդամներ վստահ են, որ հիմա իրենց կառուցվածքային ցնցումներ հարկավոր չեն, նման կերպ մտածում են նաեւ ոչ ստեղծագործողները: Դե լավ է, էլի, ինչո՞ւ փոխենք մեր կյանքը, եթե կարող ենք ուղղահայաց կառուցված իշխանական սանդղակի հերթական աստիճանը լինել ու սպասել լավ ժամանակների, ավելի ձեռնտու է մի «գարաժ» պոկենք, քան եղածը քանդենք ու ենթադրյալ հինգհարկանի դղյակին սպասենք: Իսկ ոմանք էլ հավատացնում են, որ միայն ցնցումային ռեժիմով կարելի է ինչ-որ բան շտկել: Ի դեպ` հենց այդ երկու դիրքորոշումներն են հստակ ուրվագծվում նաեւ մեր քաղաքական ու հասարակական կյանքում: Այսինքն՝ երկընտրանքը նիրհելու կամ հեղաշրջում անելու մեջ է, պարզապես ընտրություն կատարելու մենք դեռ պատրաստ չենք:

Եվ «Ինչո՞ւ են խուսափում համաժողովներից» հարցը «Ինչո՞ւ են խուսափում արդար ընտրություններից» հարցին է նման: Պատասխանը նույնպես հարցի տեսք ունի` բա որ հանկա՞րծ…